17:46  ,  27 հունիսի, 2014

Արկադի Անդրեասյանն՝ ԱԱ-2014-ում եվրոպական թիմերի անհաջողությունների եւ Սուարեսի որակազրկման մասին

Բրազիլիայի, Արգենտինայի, Հոլանդիայի եւ Գերմանիայի հավաքականներն են աշխարհիհ առաջնության հաղթողի հիմնական հավականորդները:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայկական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից Արկադի Անդրեասյանը: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին կմեկնարկեն ԱԱ-2014-ի 1/8 եզրափակիչի խաղերը:

Պարոն Անդրեասյան, ԱԱ-2014-ի խմբային փուլն  ավարտվեց: Ո՞րն էր Իսպանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Անլիայի հավաքականների ֆիասկոյի պատճառը:

Պատճառը եղանակն էր: Եվրոպական թիմերը սովոր չեն այդպիսի շոգ եղանակին:

Հոլանդիան եւ Գերմանիան ավելի հյուսիսային գոտիում են: Այդ դեպքում ինչո՞ւ նրանց վրա չազդեց շոգը:

Հոլանդիան ու Գերմանիան նույնպես վստահ խաղ չցուցադրեցին: Հոլանդացիները հաղթեցին Իսպանիային, բայց երկրորդ խաղում դժվարություններ ունեցան: Նույնն էլ գերմանացիները: Այստեղ նաեւ դեր ունի նրանց պատրաստվածությունը: Մարզիչի դերը մեծ է այստեղ:

Ո՞ր թիմերը խմբային  փուլում չեմպիոնակն խաղ ցուցադրեցին:

Դժվար է ասել: Նույն Հոլանդիան այդպես սկսեց, բայց Ավստրալիայի դեմ միայն երկրորդ խաղակեսում գտավ իր խաղը: Այս առաջնությունում կարեւոր է ամեն խաղի համար պատրաստվածությունը՝ տակտիկապես եւ ֆիզիկապես:

Ո՞ր ֆուտբոլիստն է այս պահին լավագույն խաղը ցուցադրում:

Մեսին ցույց տվեց, որ նա կարող է խաղի ելքը լուծել: Խփեց Իրանին կարեւոր գնդակ: Մյուս խաղերում էլ աչքի ընկավ: Հոլանդիայից Վան Պերսին շատ գեղեցիկ գնդակ խփեց, Սուարեսը՝ նույնպես: Կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են իրենց հետեւից տանել թիմն ու լուծել խաղի ելքը:

Ի՞նչ կասեք Սուարեսի որակազրկման մասին: Չորս ամիսը արդարացի՞  պատիժ էր:

Ես խաղը դիտելիս չնկատեցի, որ կծել է: Մենք դա կրկնապատկերով տեսանք: Իտալացին մեծ սադրիչ է: Ժամանակին այդպես արեցին Զիդանի հետ: Այդքան մեծ նշանակություն են տալիս կծելուն, բայց երբ խաղի ժամանակ ֆուտբոլիստների ոտքերը կոտրում են, դրա համար այդպիսի պատիժներ չեն տալիս:

Շատ են խոսում, որ մրցավարները Բրազիլիային կօգնեն այս առաջնությունում: Կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

Շատ են խոսում, թե Բրազիլիան չհաղթի, մարդիկ դուրս կգան փողոցները, ցույցեր կսկսվեն: Բայց դե կարծում եմ նրանց ղեկավարությանը կհաջողվի վերահսկել իրավիճակը: Բրազիլիան, եթե լավ խաղա կարող  է դառնալ չեմպիոն: Բայց եթե Հալկի պես ֆուտբոլիստի հետ խաղան, չեն դառնա: Նա այն ֆուտբոլիստը չէ:

Պայքարում մնացած 16 թիմերից, որո՞նք ունեն չեմպիոն դառնալու ավելի լավ հնարավորություն :

Մեկը Բրազիլիան է: Արգենտիայի հարձակման գիծն էլ է լավը: Հոլանդիան ու Գերմանիան նույնպես այդ ցուցակում են: Կախված է, թե մարզիչները ինչ տակտիկա կընտրեն: Պետք է զգան՝ պատրաստ են արդյոք իրենց թիմերը, թե պետք է հակագրոհների վրա խաղան: Արդեն կան դեղին քարտեր եւ վնասվածքներ:

Կա՞ հավաքական, որին համակրում եք այս առաջնությունում:

Այդպիսի հավաքական չկա: Կուզենայի Հայաստանը խաղար, նրան կերկրպագեի: Բայց Հայաստանը չկա եւ երեւի դեռ երկար չի լինի: Ես նայում եմ խաղերը, նայում եմ, թե ով է ուժեղ դաշտում:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով