19:27  ,  23 հունիսի, 2014

Լեւոն Արոնյան. Օլիմպիադայում ակնկալում ենք միայն հաղթանակ

Առաջիկա տասը օրերին պետք է հանգստանամ, որպեսզի պատրաստվեմ Օլիմպիադային, ասել է շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Երեւանի Գաֆեսճյան կենտրոնի Խանջյան սրահում կայացած մամուլի ասուլիսում: Լեւոն Արոնյանը հյուրընկալել է ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար, շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Հունիսի 23-ի առավոտյան շախմատիստները ուղղաթիռով մեկնել էին Տաթեւի վանք:

«Ես էքսպրոմտով եմ ընդունվել գիդի աշխատանքի: Մագնուսին դուր եկավ այստեղ՝ թե խոհանոցը, թե պատմական վայրերը: Շատ ուրախ եմ, որ Կարլսենն այցելեց մեր երկիր: Ուրախ եմ, որ նա իր աչքերով կարողացավ տեսնել, թե ինչու է մեր երկիրն այսպես լավ խաղում շախմատ:

Օլիմպիադայում սպասում ենք միայն հաղթանակ: Հաճելի է, որ լինելու ենք Նորվեգիայում: Այնտեղ շատ սարեր կան, եւ դա շատ բնորոշ է մեր երկրին»,- ասաց Լեւոն Արոնյանը:

Համաշխարհային օլիմպիադան տեղի կունենա օգոստոսին Նորվեգիայում:

Մագնուս Կարլսենը հունիսի 22-ին գործարար Ռուբեն Վարդանյանի, Acronis ընկերության եւ IdeA հիմնադրամի հրավերով ժամանել է Հայաստան: Շախմատի աշխարհի չեմպիոնին Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով