21:52  ,  14 հունիսի, 2014

ԱԱ-2014. Կոլումբիան խոշոր հաշվով հաղթեց հույներին

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության առաջին տուրում Կոլումբիայի հավաքականը C խմբում 3 անպատասխան գնդակ ուղարկեց հույների դարպասը:

Խաղի սկզբնամասում կոլումբացիներն ունեին առավելություն եւ արդեն 5-րդ րոպեին բացեցին հաշիվը: Աչքի ընկավ Լոնդոնի «Վեստ Հեմի» պաշտպան Պաբլո Արմերոն, ում գոլից հետո եւս հարավամերիկացիներն ավելի լավ տեսք ունեին: Առաջին խաղակեսի միջնամասում հույներն աստիճանաբար հավասարեցրին խաղը, սակայն չէին կարողանում ստեղծել գոլային պահեր:

Երկրորդ խաղակեսը սկսվեց Հունաստանի թիմի գրոհների ներքո, բայց 58-րդ րոպեին արգենտինական «Ռիվեր Փլեյտի» հարձակվող Թեոֆիլյո Գուտյերեսը կրկնապատկեց կոլումբացիների առավելությունը: Քիչ անց հույներն ունեցան այս խաղի ամենաիրական գոլային պահը, սակայն Թեոֆանիս Գեկասը հարմար դիրքից հարվածեց ուղղահայաց դարպասաձողին: Խաղի վերջնամասում հույները չկարողացան լուրջ խնդիրներ առաջացնել մրցակցի համար, իսկ կոլումբացիներն անցկացնում էին վտանգավոր հակագրոհներ եւ խփեցին նաեւ երրորդ գոլը: Հանդիպման վերջակետն ավելացված ժամանակում դրեց «Մոնակոյի» հարձակվող Խամես Ռոդրիգեսը:

C խմբում ընդգրկված են նաեւ Կոտ դ՛Իվուարի եւ Ճապոնիայի հավաքականները, որոնք կհանդիպեն հունիսի 15-ին՝ Երեւանի ժամանակով 05:00-ին:

ԱԱ-2014, C խումբ, առաջին տուր

Կոլումբիա – Հունաստան՝ 3:0

Պաբլո Արմերո, 5, Թեոֆիլյո Գուտյերես, 58, Խամես Ռոդրիգես, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով