11:28  ,  12 մայիսի, 2014

Լեւոն Արոնյան. Ես գիտեմ, որ մենք աշխարհի լավագույն թիմն ենք, եւ կարեւոր չէ՝ կողքից ինչ են ասում

Ես գիտեմ, որ մենք աշխարհի լավագույն թիմն ենք, եւ կարեւոր չէ՝ կողքից ինչ են ասում: Գուցե, մի քանի տարուց մենք չլինենք, բայց այս պահին մենք կանք: Մեր անկեղծությունն  ու մտերմությունը թույլ չի տա, որ մենք ամեն բան ինքնահոսի թողնենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, համաշխարհային դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը:

Լեւոն, ի՞նչը խանգարեց քեզ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում հաջողության հասնել:

Այս անգամ կարող եմ ասել, որ ինձ ավելի հանգիստ եւ լավ էի զգում: Մի քանի բան կար, որոնց պատճառով երեւի խաղս չստացվեց:

Հավակնորդների մրցաշարում հայերը քեզնից սպասում են միայն հաղթանակ: Դա լրացուցիչ ճնշում չի առաջացնո՞ւմ:

Դա միշտ էլ կա: Հայ լինելու ամենամեծ առավելությունը հենց դա է՝ բազմաթիվ հայեր հետեւում ենք քեզ: Բայց դա ճնշում չէ, ընդհակառակը՝ ուժ է տալիս: Լինում են մրցաշարեր, որտեղ սխալ որոշումներ ես կայացնում, եւ ամեն բան հակառակ է գնում:

Հաղթանակներդ ընտանիքիդ հետ ես կիսում, իսկ ինչպե՞ս ես հաղթահարում պարտությունը:

Պարտությունները նորմալ եմ տանում: Երբ փոքր էի, երբեք չէի մտածի, որ կկարողանամ այս կարգի շախմատ խաղալ: Դա չի նշանակում, որ ես հիմա հանգստացել եմ: Յուրաքանչյուր հաղթանակ ինձ համար բոնուս է: Ես շատ շնորհակալ եմ, որ այս շնորհը ունեմ եւ կարողացել եմ առաջ տանել: Միշտ չէ, որ ամեն բան ստացվում է: Կարեւոր մրցաշարերում այդքան էլ լավ չեմ խաղում: Փորձում եմ գտնել դրա պատճառները:

Հայաստան ես եկել հավաքականի հավաքներին մասնակցելու համար:

Պատճառը միայն դա չէ: Ընկերուհիս տեղափոխվեց Հայաստան, հիմա այստեղ է ապրում: Այժմ ավելի շատ ժամանակ այստեղ կանցկացնեմ: Արիանան շատ է սիրում այստեղ ապրել: Նա Հայաստանի մասին ավելի շատ բան գիտի, քան ես: Հուսամ, որ նա այնքան կսիրի Հայաստանը, որ կցանկանա ընդմիշտ այստեղ բնակվել:

Ամռանը մեկնելու ես ԱՄՆ: Ի՞նչ նպատակներ ունես:

Ընկերներս այնտեղ են: Միշտ կանչում էին, բայց հնարավորություն չկար: Այժմ ժամանակս թույլ է տալիս: Այնտեղ ամերիկացի երեխաների համար հավաք է լինելու, ինչպես Հայաստանում է լինում: Այս անգամ էլ ԱՄՆ-ի հայ երեխաների համար հավաք կանենք, որին կմասնակցեն նաեւ մեր մարզիչները՝ Մելիքսեթ Խաչիյանը, ով իմ առաջին մարզիչն է եղել, Անդրանիկ Մատիկոզյանը: Երեխաների հետ կաշխատենք, 90-ականների ընկերներով կհավաքվենք: Շատ բան ենք կիսել իրար հետ, հիմա հանդիպում ենք տարբեր երկրներում:

Անցյալ տարի գնացիր Նյու Յորք: Ասում էիր, որ շատ էիր ցանկանում այդ քաղաքում լինել: Կապրեի՞ր այդ քաղաքում:

Նյու Յորքը շատ հավանեցի, բայց ապրել, չեմ կարող ասել: Ես շատ եմ սիրում Սան Սեբաստիան քաղաքը, Բեռլինը, Երեւանը: Նյու Յորքում ապրելը դժվար կլիներ: Մրցաշարերս հիմնականում Եվրոպայում են:

Այս տարի հավաքականի հինգերորդ շախմատիստը կլինի Տիգրան Քոթանջյանը: Նա կարգով շատ է զիջում առաջին չորսին:

Դե,  թիմում մեծ տարբերություն չկա՝ հինգերորդն ով է: Առաջին չորսը շատ ուժեղ են: Եթե հինգերորդը մոտ լիներ առաջին քառյակին, դա լրիվ այլ կլիներ, բայց այժմ այդպես չէ:

Լեւոն, վերջին բոլոր առաջնություններում Հայաստանի հավաքականը հանդես է գալիս նույն կազմով: Դա ինչ-որ տեղ չի՞ խոչրնդոտում հայ շախմատիստների տրամադրվածության ավելացմանը: Եթե անգամ ձեր մեջ,  բացի առաջին համարից, մյուս շախմատիստները մրցեին հավաքականում տեղ գրավելու համար, ինչպես դա արվում է շատ երկրներում, գուցե ավելի արդյունավե՞տ լիներ:

Դրա մեջ իմաստ կա: Բայց հավաքականի տղաները այդքան տարի միասին խաղում են եւ արդյունքեր են գրանցել: Նրանք իսկապես լավն են: Եթե ես տեսնեի, որ Վլադիմիրը, Սերգեյը կամ Գաբրիելը մի գլուխ բարձր չլինեին մյուսներից, այդ դեպքում ես համաձայն կլինեի: Եթե վարկանիշային տարբերությունը լիներ 20, գուցե, բայց այս դեպքում 50 է տարբերություն: Մենք ոչ թե պետք է նստենք մտածենք, թե ինչ անենք որ այս թիմը մնա, այլ պետք է օգնենք եկող սերունդին: Նախկին սերունդը գուցե երիտասարդներին տեղ չէր տալիս, իսկ այժմ այդպես չէ: Ես գրեթե բոլոր երիտասարդների՝ Արման Փաշիկյանի, Հրանտ Մելքումյանի, Զավեն Անդրիասյանի համար փորձել եմ օգտակար լինել: Վլադիմիր Հակոբյանը միշտ դասեր է տալիս: Նրա մոտ սովորում է եկող սերունդը:

Այդ դեպքում երիտասարդները մասնակցում են Հայաստանի առաջնությանը: Լավագույն դեպքում ընդգրկվում են հավաքական: Եվ հետո սկսում է լճացումը:

Այստեղ կա իմ ու Գաբրիելի սխալը: Երբ մենք նրանց հետ աշխատում էինք, շատ բան էինք տալիս: Երբ այդ սկզբնախաղը նրանք գիտեն, հետո ստիմուլ չեն ունենում, հետ են վարժվում աշխատանքից: Լինում է, ցանկանում ես լավ բան անել, բայց հակառակն է ստացվում:

Գուցե աճելու տեղ չկա:

Ոչ, մեր երիտասարդները լավն են: Մեկի մոտ մի բան է պակաս, մյուսի մոտ մեկ այլ բան: Բայց նրանք աչքաթող արված չեն: Իսկապես, նրանց համար ամեն բան արվում է: Գուցե, մենք ենք սխալ անում, որ չենք թողնում, որ նրանք միայնակ լողան: Մարզիչների պակաս ունենք: Գաբրիելի հետ տարբեր բաների շուրջ մտածում ենք: Գուցե, երեխաների համար փոքր դասեր կազմակերպենք:

Նախորդ տարի Եվրոպայի առաջնությանը Սերգեյ Մովսեսյանն այդքան էլ լավ մարզավիճակում չէր եւ աշխարհի առաջնությանն էլ նույն կազմով խաղացիք: Ստացվում է, որ Հայաստանի հավաքականը փոխարինող շախմատիստներ չունի:

Ճիշտն ասած, իմ ցանկությունն էր, որ նույն կազմով խաղայինք, քանի որ Եվրոպայի առաջնությունում վերջին անգամ հաղթել էինք 1999-ին: Բայց հաճախ ամբիացիաները հնարավորություններին գերազանցում են

Երիտասարդների թվում տաղանդավոր շախմատիստների տեսնո՞ւմ ես:

Կարեն Գրիգորյանը, Հովիկ Գաբուզյանը կայացած շախմատիստներ են, պետք է իրենց վրա աշխատեն: Բայց դժվար է ասել: Երբ ես դիտում էի Կարլսենի խաղերը, երբեք չէի մտածի, որ նա ուժեղ շախմատիստ կդառնա: Երբ ես 19 տարեկան էի, չէի մտածում, որ ես ուժեղ շախմատիստի համբավ չունեմ, բայց գիտեի, որ ուժեղ եմ խաղում: Շատերը գուցե մտածում էին, որ ես 2500 վարկանիշից չեմ անցնի: Լինում է, որ 18 տարեկանից հետո մոտդ շատ բան է փոխվում, նոր շունչ ես առնում:

Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ չէիր մտածում, որ Կարլսենը հայտնի շախմատիստ կդառնա:

Դե, որ ճիշտն ասեմ, նրա ոճն ինձ երբեք դուր չի եկել: Նա ավելի շատ փորձում էր հոգեբանորեն ճնշել մրցակցին ու կոնկրետ շախմատային ոճ չուներ: Դրա համար միշտ կարծել եմ, որ նա ուժեղների դեմ չի կարող այդպես խաղալ: Բայց ապացուցեց, որ կարող է փոխվել եւ այլ շախմատ խաղալ:

Նրա մասին հաճախ ասում են, որ Կարլսենը ոչ այնքան տաղանդի, որքան աշխատասիրության շնորհիվ է հաջողություններ գրանցել:

Ավելի շատ բնավորության շնորհիվ է: Կարողանում է հավաքվել, ուժ գտնել: Առաջ Կասպարովն էր, որ միշտ պայքարում էր ու զանազան տարբերակներ փորձում, հետո՝ Տոպալովը: Գալիք սերունդը նույնպես այդպես է սովորում, եւ դա շատ ողջունելի է:

Կասպարովը շատ է գովում Մագնուսին: Կասպարովը մեր հայրենակիցն է: Չի եղե՞լ, որ նա  քեզ աջակցի կամ փորձի օգնել:

Ինձ համար շատ լավ կլիներ աշխարհի ամենալեգենդար շախմատիստի հետ պարապելը, բայց դե դա միայն ցանկությամբ չի լինում: Առիթ չի եղել: Հիմա էլ ես այն տարիքում չեմ, որ սկսեմ պարապել:

Մագնուս Կարլսենի հետ մրցաշարերից դուրս շփվո՞ւմ ես:

Մեկ-մեկ լինում է, որ շփվենք: Բայց միեւնույն է շախմատիստների հետ ընկերությունը դժվար է: Կարծես ինչ-որ բան ցանկանում են թաքցնեն:

Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ Գաբրիելը ամենամտերիմ ընկերներիցդ մեկն է:

Նրա հետ էլ հեշտ չէ: Դիրքերի պատճառով հաճախ ենք վիճում: Գաբրիելի վարկանիշը նրա խաղին համապատասխան չէ: Երբ ես մի բան ասում եմ, բայց նա այլ կարծիք է ունենում, շատ ագրեսիվ է պատասխանում: Ես գիտեմ նրա հնարավորությունները:

Հնարավո՞ր է, որ ժամանակին Գաբրիելը կամ Տիգրանը քեզ պես հեռանային Հայաստանից եւ ավելի մեծ բարձրունքների հասնեին:

Հնարավոր է: Այստեղ հարցը Հայաստանից հեռանալը չէ: Ես ու Գաբրիելը դժվար կյանք ենք տեսել: Իհարկե օգնություն կար, բայց մենք մեզ չէինք կարող թույլ տալ հազար դոլար ծախսել եւ գնալ, մրցաշարերի մասնակցել: Մենք ամբողջ կյանքում միայն գնացքներ էինք տեսել, իսկ եթե ապրեինք Ֆրանսիայում կամ Գերմանիայում, հնարավորություն կունենայինք հեշտությամբ այլ մրցաշարերի գնալ: Այդպես ես ուժեղ շախմատիստ դառնում:

Այսինքն, երիտասարդ շախմատիստները ճիշտ կանեն գնան ու ապրե՞ն Եվրոպայում:

Դե, եթե ինքնաթիռի գները նույնը մնան, դժվար կլինի: Բայց այսօր շախմատիստներին շատ են օգնում: Ժողովուրդը նույնպես շատ է օգնում տղաներին:

Մրցաշարերից հետո հայ մեծահարուստները դրամական պարգեւ տալի՞ս են:

Այո, հաճախ է լինում: Իհարկե, հաղթանակների դեպքում, բայց մեր հաղթանակը դրա համար չէ:

Ի՞նչ տրամադրվածություն կա Օլիմպիադայից առաջ:

Վերջին երկու մրցաշարերում վատ հանդես եկանք: Շախմատում հաճախ, երբ պարտություններ ես կրում, մարդիկ կարծում են, որ դու արդեն չես կարող նախկինի պես հաղթել: Գեղեցիկ զգացողություն է, երբ հետ ես գալիս եւ նորից ցույց ես տալիս քո ուժը:

Այս հավաքի ժամանակ զգացի՞ր այդ ուժը:

Ես գիտեմ, որ մենք ուժեղ թիմ ենք: Եթե գիշերը ժամը երեքին տղաներին արթնացնես, նրանք իրենց խաղը կխաղան, քանի որ շատ պատասխանատու են: Ես չեմ զգում, որ մենք վատ ենք խաղում: Եվրոպայի առաջնությանը լավ էինք խաղում, բացի ինձնից, իսկ աշխարհի առաջնությանը երեւի հոգնեցինք: Ես գիտեմ, որ մենք աշխարհի լավագույն թիմն ենք, եւ կարեւոր չէ՝ կողքից ինչ են ասում: Գուցե, մի քանի տարուց մենք չլինենք, բայց այս պահին մենք կանք: Մեր անկեղծությունն  ու մտերմությունը թույլ չի տա, որ մենք ամեն բան ինքնահոսի թողնենք: Ոչ մեկս տախտակի առջեւ չի նստի, եթե վստահ չլինի, որ պատրաստ է հաղթելու:

Վլադիմիր Հակոբյանը նախորդ Օլիմպիադայից հետո հայտնեց, որ ցանկանում է լքել հավաքականը: Այս պահին նա անփոխարինելի՞ է, թե՞ կա արժանի փոխարինող :

Նա գիտի, որ այս պահին մարդ չկա, ով կարող է լիովին իրեն փոխարինել: Դա խնդիր է: Այս Օլիմպիադայից հետո, որը մենք կարծում ենք կհաղթենք, եթե Վլադիմիրը խոստանա, որ կաշխատի երտասարդների հետ, գուցե իրեն բաց թողնենք, բայց եթե չհաղթենք, նրան որպես պատիժ՝ կպահենք:

Երկու տարի չես կարողանա մասնակցել աշխարհի առաջնությանը: Ի՞նչ ես պատրաստվում անել այս ընթացքում:

Պետք է պատրաստվեմ, ուժեղանամ, հասկանամ՝ ինչ անեմ, որ ավելի լավ խաղամ: Պետք է ապացուցեմ, որ հավակնորդների մրցաշարում իմ խաղը չխաղացի:

Ունե՞ս ծրագրած մրցաշարեր մինչեւ տարեվերջ:

Այս պահին աշխարհում խառը իրավիճակ է: Դեռ պարզ չէ՝ ինչ կլինի: Մի քանի ամսից կիմանամ՝ աշնանն ու ձմռանը ինչ մրցումների կմասնակցեմ:

Շվեյցարիայի մրցաշարում Շառլ Ազնավուրը եկավ քեզ աջակցելու: Ի՞նչ տպավորություն ստացար նրանից:

Երբ փոքր էի, երբեք չէի մտածի, որ Ազնավուրը իմ խաղում առաջին քայլը կանի: Մեծ պատիվ էր նրա հետ շփվելը: Մոտ 40 րոպե զրուցեցինք: Շատ հումորով մարդ է, մեծ սրտով հայրենասեր: Նրա հետ ամեն լեզվով կարող ես շփվել:

Վերջերս լուսանկար էիր տեղադրել, որ տանգո պարել ես սովորում: Հաջողություններ ունե՞ս:

Ես շատ եմ սիրում պարել: Պարել չգիտեմ, երեւի դրա համար եմ սիրում: Այն, ինչով քիչ եմ զբաղվում, շատ եմ սիրում՝ պարել, խոհանոցում պատրաստել:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով