Ամոթ կլիներ, եթե ես պարտվեի, հազարավոր մարդկանց կհիասթափեցնեի իմ պարտությամբ, ինչի իրավունքն ուղղակի չունեմ: Ձախ ձեռքով մենամարտեցի, աջ ձեռքիս ջլերը կտրված են: Դա գաղտնի էր բոլորի համար, բայց հիմա այլեւս թաքցնելու կարիք չկա: Առաջին անգամ ձախ ձեռքով մենամարտեցի եւ առաջին անգամ ձախ ձեռքի հարվածներով հաղթեցի հակառակորդիս:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխահի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով Բեռլինում պաշտպանեց տիտղոսը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցայի հետ մենամարտում: Դա Աբրահամի 40-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:
Արթուր, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ հերթական հաղթանակիդ կապակցությամբ: Ինչպե՞ս ես, արդեն հասցրե՞լ ես հանգստանալ մենամարտից հետո:
Շնորհակալություն: Արդեն լավ եմ, ամեն ինչ լավ է: Ուրախ եմ շատ, որ կարողացա այս մենամարտն էլ իմ հաղթանակով ավարտել:
Արթուր, ինչպե՞ս կմեկնաբանես այս մենամարտդ:
Բարդ էր, նույնիսկ սպասվածից բարդ: Կարելի է ասել, ինձ այս հաղթանակը դժվարությամբ տրվեց: Սա այն մենամարտերից էր, որում ես պարտվելու իրավունք չունեի: Հազարավոր մարդկանց կհիասթափեցնեի իմ պարտությամբ, մարզիչիս եւս: Բայց կար դրա մտավախությունը, քանի որ ես նախորդ մենամարտից մնացած վնասվածք ունեի: Ինչո՞ւ եմ համարում բարդ այս վնասվածքը, որովհետեւ ես հարվածում էի միայն ձախ ձեռքով: Շտիգլիցի հետ մենամարտում ես լուրջ վնասվածք ստացա, կտրեցի աջ ձեռքիս ջլերը: Բայց այս մասին ես չէի կարող բարձրաձայնել, դա գաղտնի էր պահվում: Միայն ես եւ մարզիչս գիտեինք: Հիմա երբ արդեն մենամարտը հետեւում է, կարող եմ ասել, թե ինչու էի միայն ձախով հարվածում:
Իսկ մենամարտը բարդ ստացվեց, քանի որ խաբելով հաղթեցի մրցակցիս: Նրա հարվածները ծանր էին, իսկ իմ հիմական հարվածող աջը չէր «աշխատում», եվ ես տիպված էի խաբելով հարվածներ հասցնել ձախով:
Իսկ երբեւէ ունեցե՞լ էիր նման փորձ՝ միայն ձախ ձեռքով մենամարտելու:
Ոչ, սա առաջին անգամ էր իմ կարիերայում, որ ես կանգնել էի նման լուրջ խնդրի առաջ: Ես իրավունք չունեի ուղղակի չհաղթելու, քանի որ մենք շատ մեծ եւ լուրջ աշխատանք էինք տարել ձախ ձեռքիս հարվածների վրա:
Մեր նախորդ հարցազրույցում մրցակցիդ բնութագրեցիր բավական ուժեղ, աջ ձեռքի ուժեղ հարվածներ ունեցող: Մենամարտից հետո ի՞նչ կասես մրցակցիդ մասին:
Նա իսկապես լուրջ բռնցքամարտիկ է, ուժեղ, ունի աջ ձեռքի շատ ուժգին հարվածներ, երկար ձեռքեր, կարողանում է ռինգում պահպանել հեռավորություն եւ խուսափել հարվածներից: Նա շատ լավ ուսումնասիրել էր իմ մենամարտերը եւ հատուկ մարտավարություն ուներ մշակած: Ես նույնպես ուսումնասիրել էի նրա մարտերը եւ հատուկ ձախ ձեռքիս հարվածների մարտավարություն էինք մշակել: Երկար աշխատել էի, որպեսզի աջ ձեռքի հարվածների բացակայությունն ինձ չխանգարի ռինգում: Եվ ռինգում իմ հարվածները տեղ հասան եւ թույլ չտվեցին մրցակցին միավոր վաստակել:
Բացի այդ Նիկոլա Սյեկլոցան 27 մենամարտ էր ունեցել, որից միայն մեկը պարտություն: Իսկ դա արդեն լուրջ արդյունք է: Ընդհանրապես, ես երբեք չեմ թերագնահատում մրցակցիս, եւ գերագնահատում իմ ուժերը:
Արթուր, այս մենամարտը բացի չեմպիոնական տիտղոսդ պաշտպանելուց, ի՞նչ տվեց քեզ:
Նոր բացահայտում, որ ես կարող եմ ռինգում հայտնվել դժվար կացության մեջ եւ հաղթանակով այդ իրավիճակից դուրս գալ: Մարդը, երբ հայտնվում է դժվար եւ անելանելի թվացող իրավիճակում, ավելի սթափ եւ զգոն է կարողանում այդ իրվիճակից դուրս գալու ելքեր գտնել: Եվ այդ իրավիճակներում հայտնվելու համար հարկավոր չէ հուսահատվել: Իմ ձեռքի վնասվածքը իսկապես լուրջ էր, այսօր այս պահին հիվանդանոցից եմ վերադառնում, գիպս դրեցին ձեռքիս, որպեսի շուտ կպնի: Իսկ այս վնասվածքիս մասին լռեցինք, ոչ ոքի չասացինք, որպեսզի մենամարտից հրաժարվելու պատճառ չհանդիսանար: Ինչպես պարտվելու դեպքում, այնպես էլ մենամարտից հրաժարվելու դեպքում շատ մարդիկ կհիասթափվեին, հուսախաբ կլինեին ինձանից, դա չէր կարելի:
Այժմ ամեն ինչ հաղթահարված է, շուտով կգամ Հայաստան, կարոտս կառնեմ, կհանգստանամ, իսկ այդ ընթացքում վնասվածքս կանցնի:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում