Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն աուտիզմ ունի: Դա հիվանդություն է, որը մեկնաբանվում է տարբեր կերպ: Աուտիզմում կան ձեւեր, որոնք նորմայի մեջ են, ուղղակի նման տիպի մարդկանց մոտ ավելի բթացած են հուզական ապրումները: Մագնուսը հուզական մեծ կայունություն ունի: Իսկ Լեւոն Արոնյանն ավելի հուզական մարդ է: Այս մասին մամուլի ասուլիսում նշեց հոգեբանական գիտությունների թեկնածու, շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Ռուբեն Աղուզումցյանը:
Դպրոցներում շախմատային կրթությանը եւ այս ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքներին նվիրված ասուլիսին մասնակցում էր նաեւ շախմատի ակադեմիայի ուսուցիչների մեթոդական ղեկավար, մանկավարժական համալսարանի շախմատի եւ սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանը:
Հոգեբանական գիտությունների թեկնածուն դպրոցներում շախմատային կրթությանը մեծ կարեւորություն է տալիս: Ըստ նրա՝ շախմատը մեծ սպորտ լինելուց բացի, նաեւ երեխաներին զարգացնելու եւ կրթելու հիմնական միջոցներից է:
«Շախմատի մուտքը դպրոց շատ կարեւոր է: Հայաստանը միակը չէ, որ դպրոցներում շախմատ են անցնում, բայց առաջինն է, որ օրենքով ամրագրվեց եւ շախմատի դասավանդումը դարձավ պարտադիր: Ոչ մի երկրում նման բան չկա: Կան երկրներ, որտեղ մասսայական է դասավանդումը, բայց ավելի շատ անհատական բնույթ է կրում: Իսկ մեր երկում շախմատի մուտքը դպրոց պետական հարց է, պետությունն է հոգացել այդ մասին, ինչն ամենակարեւորն է շախմատի զարգացման համար:
Շախմատը ինչ-որ առումով հայկական ազգային խաղի նման մի բան է: Դա երեւում է բակերում, փողոցներում, ամենուր մարդիկ շախմատ են խաղում: Նախկինում նարդի էին խաղում, այժմ՝ շախմատ: Այս ամենի հոգեբանական պատճառն այն է, որ շախմատը որպես ինտելեկտուալ խաղ համապատասխանում է հայկական մտածելաձեւին:
Մեր ազգը բավականին դժվար կյանք է ապրել, իսկ դա բերել է նրան, որ մեր միտքը շատ ճկուն է, արագ, իսկ դա պայմանավորված է եղել նրանով, որ մենք մեր առջեւ խնդիր ենք ունեցել անպայման գոյատեւել: Իսկ մարդու կյանքի ծանր պայմանները միշտ առաջացնում են մտածողության որոշակի որակ: Եվ այդ առումով շախմատը շատ համապատասխանում է մեր մտածելաձեւին: Բացի դրանից, մեր ամենակարեւոր ռեսուրսը մարդն է: Մենք ռեսուրսներով թույլ ենք, մեր միակ հարստությունը մարդիկ են` իրենց ինտելեկտուալ կարողություններով: Եվ շախմատը նպաստում է դրան:
Շախմատի դասավանդումը դպրոցներում ոչ թե հետապնդում է մարզիկ, շախմատիստ պատրաստելու, այլ ավելի լավ, կիրթ, հոգեբանորեն զարգացած, գիտելիքներով լի սերունդ ունենալու նպատակ: Հենց սկզբից մենք մեր առջեւ այդ խնդիրը դրեցինք, որ շախմատի դասավանդումը չի հետապնդելու սպրոտային տվյալներով երեխաներ զարգացնել դպրոցներում:
Շախմատի միջոցով ավելի լավ կարելի է զարգացնել մարդու հոգեկան աշխարհը: Իսկ այս հարցում շատ կարեւոր է շախմատ դասավանդողների դերը դպրոցներում»,- ասաց Ռուբեն Աղուզումցյանը:
Շախմատի ակադեմիայի ուսուցիչների մեթոդական ղեկավար, Մանկավարժական համալսարանի շախմատի եւ սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանի փոխանցմամբ՝ այժմ դպրոցներում շախմատի դասավանդումը մեծամասամբ տրվում է մանկավարժներին, քանի որ շախմատիստների դասավանդման արդյունքում տուժում է մանկավարժությունը:
«Շախմատի ակադեմիայի կողմից դեռ 2010 թվականին սկսվեց մի գործընթաց`շախմատի դպրոցական օլիմպիադաները, որը կազմակերպում է շախմատի ֆեդերացիան: Այս տարի արդեն 8-րդ անգամ ենք կազմակերպում: Արդյունքը գոհացնող է, մեծ թվով երեխաներ են մասնակցում օլիմպիադաներին:
Ուսուցիչների պատրաստման գործընթացը բավական լուրջ ու բարդ է: Զուգահեռ հոգեբանների խմբի հետ շախմատի խումբը մի քանի ամսվա ընթացքում ստեղծեց ուսուցիչների պատրաստման ծրագիր: Այդ հարցոում մեզ օգնեցին նաեւ մեր գրոստմայստերներից մի քանիսը:
Նախկինում 60-40 տոկոսային հարաբերությամբ էր դասավանդողների եւ շախմատիստ դասավանդողների տարբերությունը. 60 տոկոսը շախմատիստներն էին, մնացածը՝ ուսուցիչները: Այժմ հավասարվել է 50-50: Բայց երբ շախմատիստներն են դասավանդում, թերանում է մանկավարժությունը, իսկ երբ ուսուցիչներն են դասավանդում՝ տուժում է շախմատը: Բայց քանի որ մեր խնդիրը երեխայի հոգեբանական զարգացումն է, կրթությունը, շեշտը դնում ենք մանկավարժների վերապատրաստման եւ նրանց դասավանդման վրա:
Շախմատի ակադեմիան տարվա ընթացքում 3-4 անգամ կազմակերպում է սեմինար քննարկումներ: Վերապատրաստվելուց հետո շախմատ դասավանդողները կրթության նախարարության եւ շախմատի ակադեմիայի կողմից ստանում են 3 տարի դասավանդելու իրավունք»,- նշեց Սամվել Միսակյանը:
Խոսելով հայ գրոսմայստերների, նրանց հոգեբանության մասին, Ռուբեն Աղուզումցյանը նկատեց.
«Ես 10 տարուց ավելի մասնակցում եմ շախմատի հավաքներին` հոգեբանական աջակցություն ցուցաբերում մեր շախմատիստներին: Մեր բոլոր շախմատիստները, մասնավորապես գրոստմայստերները հետաքրքիր, յուրօրինակ հոգեբանություն ունեն, եւ նրանցից ամեն մեկը ոչ միայն շախմատում են կատարյալ, զարգացած, այլ բազմակողմանի են զարգացած:
Այս առումով թերեւս կառանձնացնեմ Լեւոն Արոյանին: Նա ֆանտաստիկ շախմատիստ է, մարդ, բազմակողմանի զարգացած, նա ունի յուրահատուկ հոգեբանություն: Եթե համեմատեմ Լեւոն Արոնյանին եւ Մագնուս Կարսենին, նրանք երկուսն էլ ուժեղ բնավորության եւ հոգեբանության տեր մարդիկ են: Մագնուս Կալսենը եւս ֆանտաստիկ շախմատիստ է, նա անսովոր մարդ է, անսովոր մտածելակերպով, անսովոր հոգեբանությամբ: Նա ունի աուտիզմ: Դա հիվանդություն է, որը մեկնաբանվում է տարբեր կերպ: Աուտիզմում կան ձեւեր, որոնք նորմայի մեջ են, ուղղակի նման տիպի մարդկանց մոտ ավելի բթացած են հուզական ապրումները: Մագնուսը հուզական մեծ կայունություն ունի: Իսկ Լեւոն Արոնյանն ավելի հուզական մարդ է: Նա շատ բազմակողմանի զարգացած է, նրա էությունը պարունակում է այդ բազմակողմանիությունը:
Լեւոն Արոնյանը յուրահատուկ ուժեղ է թե որպես շախմատիստ, թե հոգեբական կողմով, նա անսովոր է խաղում շախմատ, նրա կյանքում մեծ դեր ու տեղ ունի համակարգիչը, բայց նա մեծ ստեղծագործող է, ունի ստեղծագործելու վարպետություն: Հենց այս պատճառով է, որ Մագնուս Կալսենը ասել է` միակ մարդը, ում առջեւ ես միշտ զգոն եմ ինձ զգում, դա Արոնյանն է: Լեւոնը ստանդարտներով չի խաղում, նա ստեղծագործաբար է խաղում: Նրա մոտ մի հետաքրքիր հատկություն կա` նա սովորական պարտիա չունի, բոլոր պարտիաներն անսովոր են եւ հետաքրիր. դա է շախմատը»,- մեկնաբանեց հոգեբանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում