Հոգեբան Ռուբեն Աղուզումցյան. Մագնուս Կարլսենն աուտիկ է, Լեւոն Արոնյանն ավելի հուզական է

17:51   5 մայիսի, 2014

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն աուտիզմ ունի: Դա հիվանդություն է, որը մեկնաբանվում է տարբեր կերպ: Աուտիզմում կան ձեւեր, որոնք նորմայի մեջ են, ուղղակի նման տիպի մարդկանց մոտ ավելի բթացած են հուզական ապրումները: Մագնուսը հուզական մեծ կայունություն ունի: Իսկ Լեւոն Արոնյանն ավելի հուզական մարդ է: Այս մասին մամուլի ասուլիսում նշեց հոգեբանական գիտությունների թեկնածու, շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Ռուբեն Աղուզումցյանը:

Դպրոցներում շախմատային կրթությանը եւ այս ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքներին նվիրված ասուլիսին մասնակցում էր նաեւ շախմատի ակադեմիայի ուսուցիչների մեթոդական ղեկավար, մանկավարժական համալսարանի շախմատի եւ սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանը:

Հոգեբանական գիտությունների թեկնածուն դպրոցներում շախմատային կրթությանը մեծ կարեւորություն է տալիս: Ըստ նրա՝ շախմատը մեծ սպորտ լինելուց բացի, նաեւ երեխաներին զարգացնելու եւ կրթելու հիմնական միջոցներից է:

«Շախմատի մուտքը դպրոց շատ կարեւոր է: Հայաստանը միակը չէ, որ դպրոցներում շախմատ են անցնում,  բայց առաջինն է, որ օրենքով ամրագրվեց եւ շախմատի դասավանդումը դարձավ պարտադիր: Ոչ մի երկրում նման բան չկա: Կան երկրներ, որտեղ մասսայական է դասավանդումը, բայց ավելի շատ անհատական բնույթ է կրում: Իսկ մեր երկում շախմատի մուտքը դպրոց պետական հարց է, պետությունն է հոգացել այդ մասին, ինչն ամենակարեւորն է շախմատի զարգացման համար:

Շախմատը ինչ-որ առումով հայկական ազգային խաղի նման մի բան է: Դա երեւում է  բակերում, փողոցներում, ամենուր մարդիկ շախմատ են խաղում: Նախկինում նարդի էին խաղում, այժմ՝ շախմատ: Այս ամենի հոգեբանական պատճառն այն է, որ շախմատը որպես ինտելեկտուալ խաղ համապատասխանում է հայկական մտածելաձեւին:

Մեր ազգը բավականին դժվար կյանք է ապրել, իսկ դա բերել է նրան, որ մեր միտքը շատ ճկուն է, արագ, իսկ դա պայմանավորված է եղել նրանով, որ մենք մեր առջեւ խնդիր ենք ունեցել անպայման գոյատեւել: Իսկ մարդու կյանքի ծանր պայմանները միշտ առաջացնում են մտածողության որոշակի որակ: Եվ այդ առումով շախմատը շատ համապատասխանում է մեր մտածելաձեւին: Բացի դրանից, մեր ամենակարեւոր ռեսուրսը մարդն է: Մենք ռեսուրսներով թույլ ենք, մեր միակ հարստությունը մարդիկ են` իրենց ինտելեկտուալ կարողություններով: Եվ շախմատը նպաստում է դրան:

Շախմատի դասավանդումը դպրոցներում ոչ թե հետապնդում է մարզիկ, շախմատիստ պատրաստելու, այլ ավելի լավ, կիրթ, հոգեբանորեն զարգացած, գիտելիքներով լի սերունդ ունենալու նպատակ: Հենց սկզբից մենք մեր առջեւ այդ խնդիրը դրեցինք, որ շախմատի դասավանդումը չի հետապնդելու սպրոտային տվյալներով երեխաներ զարգացնել դպրոցներում:

Շախմատի միջոցով ավելի լավ կարելի է զարգացնել մարդու հոգեկան աշխարհը: Իսկ այս հարցում շատ կարեւոր է շախմատ դասավանդողների դերը դպրոցներում»,- ասաց Ռուբեն Աղուզումցյանը:

Շախմատի ակադեմիայի ուսուցիչների մեթոդական ղեկավար, Մանկավարժական համալսարանի շախմատի եւ սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանի փոխանցմամբ՝ այժմ դպրոցներում շախմատի դասավանդումը մեծամասամբ տրվում է մանկավարժներին, քանի որ շախմատիստների դասավանդման արդյունքում տուժում է մանկավարժությունը:

«Շախմատի ակադեմիայի կողմից դեռ 2010 թվականին սկսվեց մի գործընթաց`շախմատի դպրոցական օլիմպիադաները, որը կազմակերպում է շախմատի ֆեդերացիան: Այս տարի արդեն 8-րդ անգամ ենք կազմակերպում: Արդյունքը գոհացնող է, մեծ թվով երեխաներ են մասնակցում օլիմպիադաներին:

Ուսուցիչների պատրաստման գործընթացը բավական լուրջ ու բարդ է: Զուգահեռ հոգեբանների խմբի հետ շախմատի խումբը մի քանի ամսվա ընթացքում ստեղծեց ուսուցիչների պատրաստման ծրագիր: Այդ հարցոում մեզ օգնեցին նաեւ մեր գրոստմայստերներից մի քանիսը:

Նախկինում 60-40 տոկոսային հարաբերությամբ էր դասավանդողների եւ շախմատիստ դասավանդողների տարբերությունը. 60 տոկոսը շախմատիստներն էին, մնացածը՝ ուսուցիչները: Այժմ հավասարվել է 50-50: Բայց երբ շախմատիստներն են դասավանդում, թերանում է մանկավարժությունը, իսկ երբ ուսուցիչներն են դասավանդում՝ տուժում է շախմատը: Բայց քանի որ մեր խնդիրը երեխայի հոգեբանական զարգացումն է, կրթությունը, շեշտը դնում ենք մանկավարժների վերապատրաստման եւ նրանց դասավանդման վրա:

Շախմատի ակադեմիան տարվա ընթացքում 3-4 անգամ կազմակերպում է սեմինար քննարկումներ: Վերապատրաստվելուց հետո շախմատ դասավանդողները կրթության նախարարության եւ շախմատի ակադեմիայի կողմից ստանում են 3 տարի դասավանդելու իրավունք»,- նշեց Սամվել Միսակյանը:

Խոսելով հայ գրոսմայստերների, նրանց հոգեբանության մասին, Ռուբեն Աղուզումցյանը նկատեց.

«Ես 10 տարուց ավելի մասնակցում եմ շախմատի հավաքներին`  հոգեբանական աջակցություն ցուցաբերում մեր շախմատիստներին: Մեր բոլոր շախմատիստները, մասնավորապես գրոստմայստերները հետաքրքիր, յուրօրինակ հոգեբանություն ունեն, եւ նրանցից ամեն մեկը ոչ միայն շախմատում են կատարյալ, զարգացած, այլ բազմակողմանի են զարգացած:

Այս առումով թերեւս կառանձնացնեմ Լեւոն Արոյանին: Նա ֆանտաստիկ շախմատիստ է, մարդ, բազմակողմանի զարգացած, նա ունի յուրահատուկ հոգեբանություն: Եթե համեմատեմ Լեւոն Արոնյանին եւ Մագնուս Կարսենին, նրանք երկուսն էլ ուժեղ բնավորության եւ հոգեբանության տեր մարդիկ են: Մագնուս Կալսենը եւս ֆանտաստիկ շախմատիստ է, նա անսովոր մարդ է, անսովոր մտածելակերպով, անսովոր հոգեբանությամբ: Նա ունի աուտիզմ: Դա հիվանդություն է, որը մեկնաբանվում է տարբեր կերպ: Աուտիզմում կան ձեւեր, որոնք նորմայի մեջ են, ուղղակի նման տիպի մարդկանց մոտ ավելի բթացած են հուզական ապրումները: Մագնուսը հուզական մեծ կայունություն ունի: Իսկ Լեւոն Արոնյանն ավելի հուզական մարդ է: Նա շատ բազմակողմանի զարգացած է, նրա էությունը պարունակում է այդ բազմակողմանիությունը:

Լեւոն Արոնյանը յուրահատուկ ուժեղ է թե որպես շախմատիստ, թե հոգեբական կողմով, նա անսովոր է խաղում շախմատ, նրա կյանքում մեծ դեր ու տեղ ունի համակարգիչը, բայց նա մեծ ստեղծագործող է, ունի ստեղծագործելու վարպետություն: Հենց այս պատճառով է, որ Մագնուս Կալսենը ասել է` միակ մարդը, ում առջեւ ես միշտ զգոն եմ ինձ զգում, դա Արոնյանն է: Լեւոնը ստանդարտներով չի խաղում, նա ստեղծագործաբար է խաղում: Նրա մոտ մի հետաքրքիր հատկություն կա` նա սովորական պարտիա չունի, բոլոր պարտիաներն անսովոր են եւ հետաքրիր. դա է շախմատը»,- մեկնաբանեց հոգեբանը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.