14:02  ,  1 մայիսի, 2014

Արթուր Աբրահամ. Լիարժեք պատրաստ եմ ռինգ դուրս գալուն եւ չեմպիոնական տիտղոսս պաշտպանելուն

Լավ մարզավիճակում եմ, մի քանի շաբաթ էլ նվիրեցի մարզումներին եւ այժմ լիարժեք պատրաստ եմ ռինգ դուրս գալուն եւ չեմպիոնական տիտղոսս պաշտպանելուն: Հայաստան - Գերմանիա խաղին անպայման ներկա կլինեմ: Անհամբեր սպասում եմ մեր հավաքականին տեսնել Գերմանիայում: Որտեղ էլ լինեմ, անպայման այդ օրը ամեն ինչ կթողնեմ եւ ստադիոնում կհետեւեմ ֆուտբոլային հանդիպմանը: Իսկ մինչ այդ կլինեմ Երեւանում:

Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Նա մայիսի 3-ին Բեռլինում աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցայի հետ մենամարտում:

Արթուր, ի՞նչպես ես նախապատրաստվել առաջիկա մենամարտին:

Իրականում չեմպիոն դառնալ ավելի հեշտ է, քան չեմպիոնական գոտին պաշտպանելը: Չեմպիոն դառնալուց հետո բոլորը ցանկանում են քեզանից խլել այդ տիտղոսը: Դա ինչ-որ տեղ նույնիսկ լավ է, քանի որ պարբերաբար մենամարտեր ես անցկացնում եւ լավ մարզավիճակում մնում, ուժերդ չափում տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ: Այս անգամ էլ այդպես եղավ: Ես դեռ չէի հասցրել լիարժեք հանգստանալ Շտիգլիցի հետ մենամարտից հետո, երբ նորից պետք է ռինգ դուրս գամ եւ պաշտպանեմ տիտղոսս: Ինչպես իմ բոլոր մենամարտերին, այնպես էլ այս մենամարտին լավ եմ նախապատրաստվել: Լավ մարզավիճակում եմ, մի քանի շաբաթ էլ նվիրեցի մարզումներին եւ այժմ լիարժեք պատրաստ եմ ռինգ դուրս գալուն եւ չեմպիոնական տիտղոսս պաշտպանելուն:

Նախորդ եւ առաջիկա մենամարտի ժամանակային տարբերությունը շատ քիչ է: Չես հոգնում իրար հաջորդող այս մենամարտերից:

Իրականում ես հոգնել չունեմ: Երիտասարդ տղա եմ, ինչից կամ ինչու պետք է հոգնեմ: Սա իմ մասնագիտությունն է, իմ աշխատանքը, իմ սիրելի զբաղմունքը: Ես սիրով եմ համաձայնվում ցանկացած մենամարտի առաջարկին: Վստահ եմ ուժերիս, լավ մարզավիճակում եմ գտնվում եւ հաճույքով դուրս գալիս ռինգ:

 Այս անգամ իսկապես այնպես դասավորվեց, որ ես միայն մեկ շաբաթ հանգստացա: Պատճառն այն էր, որ Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցայի հետ ռինգ պետք է դուրս գար մեկ այլ բռնցքամարտիկ` գերմանացի, ի դեպ նախկին աշխարհի չեմպիոն: Մեկ ամիս առաջ նա մարզումների ժամանակ կոտրեց բութ մատը: Որպեսզի չհետաձգվի մենամարտը, ինձ առաջարկեցին դուրս գալ ռինգ: Ես պետք է շատ արագ որոշում կայացնեի, իսկ ես դեռ մեկ շաբաթ էլ չէի հանգստացել Շտիգլիցի հետ մենամարտից: Առանց վարանելու համաձայնվեցի, քանի որ ցանկանում էի մենամարտել, լավ մարզավիճակում էի եւ իմաստ չկար երկար դադար պահել կրկին չեմպիոն դառնալուց հետո:

Ինչպե՞ս կգնահատես Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցայի հնարավորությունները ռինգում:

Ես երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին, Նիկոլա Սյեկլոցային՝ նույնպես: Նա բավական ուժեղ մրցակից է, վստանգավոր, ունի յուրահատուկ մարտավարություն: Հատկապես վտանգավոր են նրա աջ հարվածերը: Ծանոթացել եմ նրա մարտավարությանը, վտանգավոր կողմերին. Դիտել եմ մենակարտերը եւ չեմ թերագնահատի:  Իսկ հնարավորությունների մասին միայն կասեմ, որ ես նրան ոչ մի հնարավորություն չեմ տա, քանի որ ես միշտ դուրս եմ գալիս ռինգ հաղթելու նպատակով: Բոլորն, ովքեր ինձ հետ մենամարտում են, ցանկանում են աշխարհի չեմպիոն դառնալ: Նիկոլա Սյեկլոցան էլ: Բայց ես նրան այդ հնարավորությունը չեմ տա: Ես ինքս լավ եմ պատրաստված եւ ամեն ինչ կանեմ հաղթելու համար: Յուրաքանչյուր անգամ երբ ես նախապատրաստվում եմ մենամարտի, ես միայն նպատակաուղղվում եմ հաղթնակի: Այս մենամարտն էլ բացառություն չէ եւ կրկին մտածում եմ, որ պետք է հաղթեմ եւ վերջ:

Արթուր, վերջին շրջանում հաճախ մասնակցում ես բարգործական միջոցառումների, միջազգային մամուլը պարբերաբար գրում է քո բարեգործությունների մասին: Ո՞ւմ նախաձեռնությունն է դա, ինչպե՞ս ես ընտրում բարեգործություն անելու ոլորտը եւ ինչպե՞ս եք կազմակերպում այդ ամենը:

Բարեգործական ակցիաներն անցկացնում եմ հիմնականում սպորտային կառույցներում, սպորտին աջակցելու, երեխաներին սպորտում ընդգրկելու նպատակով: Ուղղությունս սպորտն է: Ես աջակցում եմ մարզադպրոցների, անհատ երեխաների, ովքեր ցանկանում են սպորտով զբաղվել, ընտանիքներին, դպրոցներին նվիրում ենք մարզագույք, մարզահագուստ, բռնցքամարտի ձեռնոցներ, կոշիկներ: Որոշ ընտանիքների օգնել եմ գումարով: Ես այդ քայլով միայն փորձում եմ օգնել, ուղղորդել լավ երեխաներին դեպի սպորտը: Ամբողջ աշխարհին չեմ կարող օգնել, բայց եթե այս ոլորտին մի փոքր աջակցություն ցուցաբերենք, այդքանն էլ բավական կլինի: Կուզենայի ավելի շատ անել, շատ մարդկանց ներառել բարեգործության մեջ, օգնել, բայց կկրկնվեմ, ամբողջ աշխարհին միայնակ չես կարող օգնել:

Դո՞ւ ես ընտրում կառույցները, թե քեզ օգնում են այդ հարցում:

Եվ օգնում են, եւ ես եմ ընտրում կամ ցանկություն հայտնում, թե որ սպորտային դպրոցն ընտրել: Մանկատան երեխաներին եմ օգնել, աջակցել: Նրանց մեջ էլ կան լավ հեռանկարային  մարզիկներ: Որքան կարողանամ, կփորձեմ միշտ օգնել, որպեսզի սպորտը զարգանա, շատ երեխաներ ընտրեն սպորտի ուղին:

Արթուր, հունիսի 6-ին Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի է ունենալու Հայաստան Գերմանիա ֆուտբոլային ընկերական հանդիպումը: Կհետեւե՞ս խաղին:

Անպայման: Ֆուտբոլ սիրում եմ, հատկապես, երբ խաղադաշտում հայ ֆուտբոլիստներն են: Կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի անմիջապես մարզադաշտից հետեւեւմ խաղին, կարծում եմ հետաքրքիր հանդիպում կլինի: Մինչ այդ ամբողջ մայիս ամիսը կանցկացնեմ Երեւանում, իսկ արդեն հունիսից պետք է սկսեմ մարզումներս: Իսկ հունիսին լինելու եմ Գերմանիայում, անպայման ամեն ինչ կանեմ, որպեսզի ներկա լինեմ Հայաստան - Գերմանիա հանդիպմանը:

NEWS.am Sport-ը քեզ հաղթանակ է մաղթում:

Շնորհակալություն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս