00:40  ,  3 մարտի, 2014

Արթուր Աբրահամ. Կյանքիս ամենակարեւոր հաղթանակն էր, այլեւս ոչ մի ռեւանշ Շտիգլիցի հետ

Սա իմ կյանքի ամենակարեւոր հաղթանակն էր: Այլեւս ոչ մի ռեւանշ: Երեք անգամ մենամարտեցինք Շտիգլիցի հետ, այդքանով կսահմանափակվենք: Ժամանակից առաջ չեմ ընկնում, բայց այս տարի անպայման ամուսնանալու եմ: Ամեն ինչ ծրագրված է, սակայն փակագծեր դեռ չեմ բացի: Միայն կասեմ, որ պսակադրությունս լինելու է Հայաստանում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցկի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նորընծա չեմպիոնի Արթուր Աբրահամը, ով մարտի 1-ին այդ տիտղոսը խլեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից:

Արթուր, դու դարձյալ աշխարհի չեմպիոն ես, ինչի կապակցությամբ NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ:

Այո, այս հաղթանակն ինձ համար շատ սպասված էր: Մեծ դժվարությամբ հասա հաղթանակին, քանի որ հենց սկզբից Շտիգլիցը շատ ակտիվ սկսեց մենամարտը, սակայն ես ուժերս հավաքեցի եւ սկսեցի պատասխան հարվածներ հասցնել: Նա փորձում էր ամեն գնով խուսափել իմ հարվածներից ու միավորներ հավաքել իր հարվածներով: Նույնիսկ մինչեւ վերջին պահը Ռոբերտը վստահ էր իր հաղթանակին եւ այդ պատճառով շատ ինքնավստահ էր, բայց ես համբերեցի մինչեւ վերջին ռաունդը եւ նրան ապացուցեցի, որ հայերն ավելի լավ են կռվում: Սա պայքարով, կռվով վերցրած հաղթանակ է:

Արթուր, քո քայլերում նկատվում էր մի փոքր ագրեսիա, կարծես կենտրոնացած լինեիր որեւէ բանի վրա:

Բնական է, կենտրոնացվածությունս եւ աչքերումս միայն հաղթանակ էր: Այս հաղթանակը շատ կարեւոր է ինձ համար: Սա մեր երրորդ հանդիպումն էր, եւ ես չէի կարող մենամարտը չավարտել առավելությամբ: Մեր միջեւ առաջին մենամարտում ես հաղթել էի, իսկ երկրորդ հանդիպման ժամանակ աչքնս վնասվել էր, ինչը Շտիգլիցին փրկեց պարտությունից, իսկ ես տեխնիկական պարտություն կրեցի: Այս անգամ ես արդար ձեւով նրան ապացուցեցի, թե ով է ավելի ուժեղ մեզանից: Ռոբերտը մեծ կարծիք ուներ իր մասին, իսկ ես նրան ցույց տվեցի, որ պետք չէ այդպես դրսեւորվել: Նա շատ վնասվածքներ ստացավ, այդ թվում՝ այտուցվեց աչքը:

Ինչպե՞ս կգնահատես երկուսիդ ուժերը ռինգում: Հավասա՞ր պայքար էր ընթանում:

Իրականում Շտիգլիցն էլ է բավական ուժեղ: Նա աշխարհի չեմպիոն տղա է եւ չի կարող թույլ լինել: Պարզապես մենք նրանից ավելի ուժեղ գտնվեցինք: Մեծ պայքար էր գնում, երկուսս էլ կռվեցինք մինչեւ վերջին շունչն ու ուժը եւ հաղթեց ուժեղագույնը: Իսկ Շտիգլիցի հետ պայքարն իսկապես բարդ էր:

Արթուր, մեր նախորդ հարցազրույցում նշել էիր, որ Շտիգլիցի դեմ մենամարտում մարզիչիդ հետ մշակել էիք հատուկ տակտիկա: Մշակված տակտիկայի շնորհի՞վ հասար առավելության:

Այո, մենք նախապես ուսումնասիրել էինք Շտիգլիցի վերջին մենամարտերը, թեեւ ես արդեն սովորել եմ նրա տակտիկային եւ մշակել էինք նոր մարտավարություն: Բայց լիարժեք չպահպանեցի այդ տակտիկան, քանի որ մենամարտի ընթացքում փոփոխություններ եղան իմ կողմից, բայց, ընդհանուր առմամբ, հիմնականում շարժվեցի մարզիչիս հրահանգներով:

Արթուր, դու նոկաուտի հնարավորություններ ունեիր, ինչո՞ւ չօգտագործեցիր դրանք:

Երկու անգամ փորձեցի, երկու դեպքում էլ նա ընկավ եւ դա կարող էր լինել նոկաուտ, բայց մրցավարը փրկեց նրան: Մրցավարի շնորհիվ Շտիգլիցի բախտը բերեց:

Արթուր, վերջում արդեն հոգնածություն էր նկատվում նաեւ քեզ մոտ:

Այո, իսկապես 12 ռաունդանոց մենամարտը շատ է հոգնեցնում բռնցքամարտիկին, բայց երբ դու պայքարում ես աշխարհի չեմպիոնական գոտու համար, քեզ այլեւս չի հետաքրքրում ոչինչ, այդ թվում՝ հոգնածությունը: Եթե նպատակով ես եկել մենամարտի, ուրեմն քեզ պետք է չխանգարի նույնիսկ գերհոգնածությունը: Պետք է պայքարես մինչեւ վերջ:

Ի դեպ, լսո՞ւմ էիր, որ երբեմն դահլիճը վանկարվում էր քո անունը:

Երբեմն լսում էի: Մենամարտերի ժամանակ ես միայն ինքնաբերաբար լսում եմ մարզիչիս եւ եղբորս ձայնը, այլ ձայներ չեն հասնում ինձ, այդ պատճառով լսելի չեն նաեւ հանդիսատեսի ձայները: Սկզբում դահլիճում հավաքվածների գերակշիռ մասը երկրպագում էր Շտիգլիցին, բայց հետո արդեն լսելի էր նաեւ իմ անունը: Մի պահ նույնիսկ նկատեցի, որ արդեն ոչ թե մի մասն է վանկարկում, այլեւ՝ ամբողջ մարզապալատը: Իհարկե, շատ հաճելի էր, բայց ես չկենտրոնացա, որպեսզի դա չխանգարի ինձ:

Արթուր, այս հաղթանակն ի՞նչ նշանակություն ունի քեզ համար:

Շատ մեծ: Սա իմ կյանքի ամենակարեւոր հաղթանակն էր, որին ես պետք է հասնեի: Այժմ ունեմ այդ հաղթանակը եւ պետք է կարողանամ նաեւ պահպանել այն:

Իսկ հերթական ռեւանշ մենամարտը կլինի՞ Շտիգլիցի հետ:

Ոչ, այլեւս ոչ մի ռեւանշ: Երեք անգամ մենամարտեցինք, այդքանով կսահմանափակվենք: Սա վերջն էր:

Այժմ աշխարհի չեմպիոն ես, իսկ ե՞րբ ես պատրաստվում ամուսնանալ:

Իրականում ամուսանալը աշխարհի չեմպիոն դառնալուց ավելի դժվար ստացվեց: Փաստորեն, ինձ համար աշխարհի չեմպիոն դառնալն ավելի հեշտ է, քան ընտանիք կազմելը (ծիծաղում է): Ժամանակից առաջ չեմ ընկնում, բայց անպայման ամուսնանալու եմ այս տարի: Արդեն ժամանակն է, նույնիսկ մի փոքր էլ անցել է: Գիտեմ, որ սպասում են բոլորը, իսկ ամենաշատը՝ իմ ծնողները. արդեն երկար սպասել չեմ տա: Ամեն ինչ ծրագրված է, ամուսնանալու եմ, բայց փակագծերը դեռ չեմ բացի: Միայն կասեմ, որ պսակադրությունս լինելու է Հայաստանում:

Առաջիկայում ի՞նչ անելիքներ ունես, ե՞րբ քեզ կտեսնենք Հայաստանում:

Այժմ հանգստի կարիք ունեմ: Մի քանի օր կզրուցեմ լրագրողների հետ, կմասնակցեմ հաղորդումների: Ի դեպ, հենց հիմա էլ գնում եմ գերմանական հեռուստաալիքներից մեկի հաղորդմանը, իսկ հետո կմեկնեմ Սինգապուր մի քանի օր հանգստանալու նպատակով: Հետո մի քանի օր կլինեմ Հայաստանում եւ կվերադառնամ, որպեսզի սկսեմ մարզումներս: Մայիսին դարձյալ պետք է ռինգ դուրս գամ, բայց դեռ չգիտեմ, թե ով է լինելու մրցակիցս:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով