21:29  ,  21 փետրվարի, 2014

NEWS.am Sport-ը՝ Սոչիից. USA Today-ի մարզական խմբագիր. Շատ եմ ցավում Ռուսաստանի տապալման համար

Խաղերն անցնում են հրաշալի: Ամեն ինչ այնպես է, ինչպես ակնկալում էինք: 18 օր ծանր էր այս գրաֆիկով աշխատելը, բայց եւ հաճելի է: Ռուսաստանն ուղղակի զարմացրեց մեզ իր կազմակերպած Խաղերով: Ընթանում է թեժ պայքար ոսկե մեդալների համար, բայց այդ պայքարում ԱՄՆ-ի թիմն իրեն չարդարացրեց այնպես, ինչպես սպասում էինք: Միայն ափսոսում եմ, որ Ռուսաստանը դուրս մնաց հոկեյի մրցաշարից:

Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանի հետ զրույցում այս մասին ասաց USA Today պարբերականի մարզական բաժնի խմբագիր եւ լրագրող Մարի Բերնը:

Մարի, երկու շաբաթից ավելի արդեն Սոչիում եք: Ձեզ դո՞ւր գալիս է կազմակերպիչների աշխատանքը: Ինչպե՞ս եք այն գնահատում:

Ամեն ինչ հրաշալի է ընթանում: Արվել է ավելին, քան մենք սպասում էինք: Իհարկե բացթողումներ կան, բայց այնքան մեծ աշխատանք է տարվել, որ այդ բացթողումները չեն նկատվում:

Իրականում, Սոչիի Օլիմպիական խաղերի մեկարկը մի փոքր խրթին էր: Կային որոշ անավարտ աշխատանքներ: Բացումը կայացավ որոշակի խնդիրներով: Բայց դրանք չնչին խնդիրներ էին, որոնք արագ հարթեցին կազմակերպիչները: Ամենահաճելին կամավորների աշխատանքն է: Նրանք շատ բարեհամբույր են եւ պատրաստ են բոլորին օգնել: Այժմ արդեն Խաղերի մեծ մասն անցել ենք: Բացթողումները հարթվել են եւ Խաղերն իրենց հունով ընթանում են առաջ եւ մոտենում ավարտին: Ինձ դուր է գալիս այս մթնոլորտում աշխատելը, մարդիկ իսկապես բոլորը բարի են եւ միասնական՝ մեկ գաղափարի շուրջ համախմբված: Այդ մթնոլորտում հաճելի է աշխատելը եւ չես զգում թե իրականում որքան ծանր գրաֆիկով ես աշխատում:

Միջազգային լրատվամիջոցները հիմնականում քննադատում են կազմակերպիչների աշխատանքը՝ կիսակառույց շինությունները, սնունդը, մատուցվող ծառայությունները: Դուք ի՞նչ կարծիքի եք մատուցվող ծառայությունների մասին:

Միջազգային մամուլի քննադատությունները սկզբնական շրջանում էին: Դա այն էր, ինչը ես նշեցի՝ Խաղերը սկսվեցին մի փոքր խնդիրներով: Բայց այժմ քննադատություն չկա: Բոլորը կարծես թե գոհ են: Ինչ վերաբերում է ինձ, մատուցվող ծառայություններն այստեղ ինձ լիովին բավարարում են:

Ես երբեք այստեղ՝ Սոչիում չէի եղել: Սա իմ առաջին այցելությունն էր: Եվ պատկերացում էլ չունեի, թե Սոչիում ինչ է սպասվելու ինձ: Բայց եկա ու հասկացա, որ հաշվի է առնվել ամեն մանրուք: Միջազգային մամուլի քննդատությունները հիմնականում վերաբերվում էին կիսակառույց շինություններին, տրամադրվող հյուրանոցային համարների անավարտ աշխատանքներին եւ սննդին: Ես եւ մեր ամբողջ թիմը, երեւի այն միակ հաջողակներից է, որ չի հանդիպել նման խնդիրների մինչ օրս: Հյուրանոցային համարների հետ որեւէ խնդիր չունեցանք, մեզ ամեն ինչ շատ դուր եկավ եւ բավարարեց մեր պահանջները: Իսկ սննդի մասին կասեմ, որ ամեն ինչ շատ համեղ է, իսկ խոհանոցը տարբեր մշակույթների: Իսկ մատուցվող համեղ սնունդը միայն հյուրանոցում չէ: Մենք նաեւ հյուրանոցից դուրս գտանք մի վայր, որտեղ կարելի է համեղ սնվել եւ հանգստանալ ծանր աշխատանքային օրվա ավարտին:

Կուրորտային Սոչին բոլորին է գերում: Ձեզ այն դո՞ւր եկավ:

Օլիմպիական Խաղերը Սոչիում անցկացնելը հրաշալի գաղափար էր, քանի որ սա մեծ հնարավորություն է օվկիանոսից այն կողմ գտնվողներին օգտվել այս հնարավորություններից եւ աշխարհի այս անկյունին էլ ծանոթանալ: Սա իսկապես հրաշալի վայր է հանգստանալու համար: Ուրախ եմ, որ ես եւ մեր ամբողջ թիմն ունեցավ այս հնարավորությունը՝ տեսնելու աշխարհի այս փոքրիկ անկյունը, որը մեզնից շատերին ծանոթ չէր:

Գլխավոր մեդիակենտրոնի մասին ի՞նչ կասեք: Հե՞շտ է այստեղ աշխատելը:

Սա յուրահատուկ մի համալիր է՝ բոլոր պայմաններով ապահովված: Ինձ այն շատ է դուր եկել: Այստեղ աշխատելն ուղղակի հաճույք է: Բանն այն է, որ մեր թիմն աշխատում է 24-ժամյա գրաֆիկով: Մենք 24 ժամ լինում ենք այստեղ եւ չենք հոգնում: Բնականաբար ծանր աշխատանք ենք տանում, բայց հանգստի, սնվելու բոլոր միջոցներն այստեղ կան եւ անգամ կարիք էլ չկա հանգստանալու համար վերադառնալ հյուրանոց: Մենք նման մի խմբագրություն էլ ունենք լեռնային մեդիակենտրոնում, մեր թիմակիցներն այնտեղից էլ են գոհ: Ամենածանրը լրատվամիջոցների աշխատանքն է, դա հասկանալով Խաղերի կազմակերպիչներն առաջնային հոգացել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հարմարավետ պայմանների մասին: 

Օլիմպիական խաղերի արդեն վերջին օրերն են: Ինչպե՞ս կգնահատեք Խաղերն ընդհանուր առմամբ, մրցումների ընթացքը, մրցակցությունը:

Մասնակից մարզիկներն ուժեղագույններն են, բոլորը եկել են հաղթելու նպատակով, բայց ոչ բոլորի նպատակն է հասնում գագաթնակետին: Օլիմպիական խաղերում նույնիսկ ուժեղագույններն են սխալվում, սխալ հաշվարկներ անում, տապալվում: Օրինակ՝ շատ եմ ցավում տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի տապալման համար: Կցանկանայի եզրափակիչում նրանց տեսնել: Դա իսկապես կլիներ դիտարժան եզրափակիչ, եւ բոլորս ականատես կլինեինք հզորագույն խաղի: Բայց միշտ չէ, որ ցանկություններն իրականություն են դառնում:

ԱՄՆ-ի թիմի մասին կասեմ, որ ցույց չի տալիս այն արդյունքը, ինչ ակնկալում էինք: Շատ ամերիկացի մարզիկներ, ովքեր ֆավորիտներ էին համարվում, այստեղ իրենց չարդարացրին, հաջող չներկայացան եւ լավ արդյունքներ ցույց չտվեցին: Մեզ զարմացրին այն ամերիկացի մարզիկները, որոնցից մինչեւ Խաղերի մեկնարկը սպասելիքներ չունեինք: Դա ինձ  ուրախացնում է: Սա էլ իր դրական կողմն ունի. լավ է, որ ումից չես սպասում, ավելին է անում, քան կարող էր:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով