17:58  ,  17 փետրվարի, 2014

Սառույցի արքա Եվգենի Պլյուշչենկո՝ դարաշրջանի խորհրդանիշ (ֆոտոշարք, տեսաշար)

Գեղասահքի մասին խոսելիս, ամգամ սպորտից շատ հեռու մարդը կհիշի այս գեղասահորդի անունը, կամ էլ նրա ներկայացրած համարներից որեւէ մեկը:

Ծնունդով Խաբարովսկի Սոլնեչնի ավանից, այս 4-ամյա փոքրիկը գեղասահքի առաջին քայլերն արեց Վոլգոգրադում, սակայն երբ քաղաքի միակ մարզադպրոցը փակվեց, 12-ամյա պատանին կանգնեց լուրջ ընտրության առջեւ: Չզբաղվել գեղասահքով նա չէր կարող, միակ ելքը՝ Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելն էր:

Ընտանիքով որոշեցին, որ նա կմեկնի, սակայն մենակ: Առաջին հայացքից խելահեղ թվացող այս որոշումը տարիներ հետո պետք է արդարացվեր:

12-ամյա նիհար, վտիտ եւ դալուկ երեխան, ով մեծացել էր բազմաթիվ հիվանդություններով եւ ֆինանսական սուղ պայմաններում՝ Սանկտ Պետերբուրգ գալու առաջին գիշերը լուսացրեց մարզադպրոցի բազկաթոռներից մեկի վրա:

Նա պետք է մարզվեր Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Ալեքսեյ Միշինի մոտ:

«Եկավ փոքրիկ, նիհար, վտիտ, այսպես ասած,  մի որդ, ով շատ արագ պտույտներ էր կատարում եւ կանգնում երկու ոտքի վրա: Ես նրա մեջ ինչ-որ բան տեսա»,- հիշում է Միշինը:

Այդ, այսպես ասած, որդը Եվգենի Պլուշչենկոն էր, ով պետք է մարզվեր Միշինի խմբում, որտեղ մարզվում էին Օլիմպիական չեմպիոն Ուրմանովը, Նովոսելեւը, նրա ապագա, հիմնական մրցակից  Յագուդինը. տղային հեշտ ժամանակներ չէին սպասվում:

«Երբ եկա այստեղ, տեսա տղաների՝ 20-23 տարեկան: Նրանք ինձ հետ դաժան էին վարվում: Եթե հանկարծ գայի մարզադպրոց եւ նրանց անմիջապես չբարեւեի, ստիպված էի լինում  միջանցքներում կամ հենց սառույցի վրա փոխվել. հանդերձարան թույլ չէին տալիս մտնել: Հարվածում էին մարմնիս տարբեր մասերի չմուշկների պատյաններով, որոնք  «Nike» ապրանքանշանի տեղեր էին թողնում մաշկիս վրա: Հարվածն այդպես էլ կոչվում էր: Շատ բաների միջով եմ անցել, որոնք ինձ ստիպեցին շուտ մեծանալ»,- ժպիտով հիշում է Պլյուշչենկոն:

Մեկ տարի անց պատանի գեղասահորդի մայրը գալիս է որդու հետեւից: Դժվար ֆինանսական պայմաններում ապրող այս ընտանիքը հազիվ էր գոյատեւում:

Այդ ժամանակ Ալեքսեյ Միշինը հակառակվեց տիկին Պլյուշչենկոյի կամքին եւ խորհուրդ տվեց տղային չտանել, քանի որ դա բեկումնային կլինի նրա մարզական կարիերայի համար: Մայրը տեղի տվեց: Պլյուշչենկոն մնաց Միշինի մոտ:

Իրենց ֆինանսական պայմանների մասին խոսելիս՝ Պլյուշչենկոն հիշում էր. «Դուրս էինք գալիս փողոց մայրիկիս հետ, նրան խնդրում էի, որ մի փոքր հեռու նստի, իսկ ես արագ-արագ շիշ էի հավաքում: Չէի ուզում, որ մայրիկիս հետս տեսնեին՝ ամաչում էի: Հանձնում էինք շշերը եւ հաց կամ կաթ գնում»:

Չկայացած վերադարձից 6 ամիս անց, Պլուշչենկոյին առաջին անգամ հրավիրում են Ռուսաստանի ազգային հավաքական:

14 տարեկանում նա դառնում է պատանիների աշխարհի չեմպիոն եւ մեծահասակների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Որոշումն արդարացված էր: 

1997-ին վնասվածքի պատճառով մարզական կարիերան ավարտում է օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Ուրմանովը: Իսկ 1998-ին՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալը նվաճելուց հետո Միշինի խմբից հեռանում է նաեւ Յագուդինը:

Գեղասահորդը իր որոշումը մեկնաբանում է մարզիչի՝  իրեն քիչ ուշադրություն դարձելը: Յագուդինը գնում է Տատյանա Տարասովայի մոտ:

Միշինի մոտ մնում է միայն Պլյուշչենկոն:

1998-2002-ը ողջ աշխարհը սկսեց հետեւել Պլյուշչենկո - Յագուդին հակամարտությանը:

Այդ 4 տարվա ընթացքում գեղասահորդները հանդիպել են 18 անգամ, որոնցից 8-ում հաղթել է Յագուդինը, իսկ 10-ում՝Պլյուշչենկոն:

2001-2002 մրցաշրջանումՊլյուշչենկոն անպարտելի էր: Նա առաջինն էր ցանկացած մրցաշարում: Գեղասահորդի յուրաքանչյուր համար վերածվում էր իրական շոուի:

2002-ի Սոլթ Լեյք Սիթիի օլիմպիական խաղերում մարզաձեւի սիրահարները կրկին անհամբերությամբ սպասում էին Յագուդին - Պլյուշչենկո հակամարտությանը:

Կարճ ծրագրի ժամանակ 19-ամյա Պլյուշչենկոն, ով հրաշալի էր կատարում ցատկերի կասկադը (4+3+3), քառակի պտույտի ժամանակ վայր է ընկնում: Այդ անկումը ճակատագրական է դառնում  «Սառույցի արքայի» համար: Այս հակամարտության հաղթողը Յագուդինն էր, ով անթերի կատարեց «Երկաթե դիմակը»:

Այս պարտությունը Պլյուշչենկոյի մարզական կարիերայում ամենածանրն էր: Թե ինչ եղավ նրան այդ Խաղերից հետո, ոչ ոք չկարողացավ բացատրել: Մարզիկը գրեթե անշարժացավ: Նրան ձեռքերի վրա էին տանում կաթիլայիններ ընդունելու: Գեղասահորդը տուն վերադարձավ նիհարած եւ հյուծված:

Որոշ ժամանակ անց սկսվում է Սառույցի արքայի դարաշրջանը:

2002-2005-ը Պլյուշչենկոն մասնակցում է 25 մրցաշարի, որից 21-ում նվաճում է ոսկե մեդալ: Նա անկրկնելի էր սառույցի վրա: Գեղասահորդը չուներ հավասարը:

2006-ի Թուրինի Խաղերը Պլյուշչենկոյինն էին: Ռուս գեղասահորդը նվաճեց օլիմպիական չեմպիոնի այդքան բաղձալի տիտղոսը: 

Խաղերից հետո գեղասահորդը, ստանալով սիրողական մարզիկի կարգավիճակ, արձակուրդ վերցրեց:

2009-ին «արքան» վերադարձավ մեծ սպորտ, 8-րդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն: 2010-ին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի հերթական տիտղոսը:

Հերթը Վանկուվերի Օլիմպիական խաղերինն էր: Պլյուշչենկոյի համար երրորդ Օլիմպիական խաղերը նշանավորվեցին անարդար դատավարությամբ: Զիջելով ամերիկացի մարզիկին ընդամենը 1.31 միավոր՝ Պլյուշչենկոն դարձավ Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր: 

Խաղերից հետո նա մեկնում է հերթական վիրահատության:

2011-ի հունիսին Չմշկավազորդների միջազգային ֆեդերացիան զրկում է Պլյուշչենկոյին իրենց հովանու տակ գտնվող բոլոր մրցաշարերի մասնակցության իրավունքից՝ պատճառաբանելով, որ մարզիկը հրաժարվել է մասնակցել աշխարհի առաջնությանը, բայց սահել է ցուցադրական շոուներում:

Մեկ տարի անց որոշումը վերանայվում է: Նրան վերադարձվում է սիրողական մարզիկի կարգավիճակը:

2012-ին Պլյուշչենկոն դառնում է Եվրոպայի 7-ակի, այնուհետեւ` Ռուսաստանի 10-ակի չեմպիոն:

2013-ի աշխարհի առաջնության կարճ ծրագրի ժամանակ  Պլյուշչենկոն ընկնում է եւ հրաժարվում է հետագա մասնակցությունից: 

Մարզիկը մեկնում է ողնաշարի վիրահատության: Երկար ժամանակ վերականգնվում է Իսրայելում: Մի քանի ամիս անց «արքան» կրկին սառույցի վրա է: Մասնակցելով «Volvo Open Cup»-ին՝ հավաքում է Սոչիի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար անհրաժեշտ վարկանիշային միավորները:

Ռուսաստանի առաջնության ժամանակ Պլյուշչենկոն պարտվեց երիտասարդ Մաքսիմ Կովտունին եւ բաց թողեց Եվրոպայի առաջնությունը:  Սակայն Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան եւ Սպորտի նախարաությունը որոշեցին Խաղերին մասնակցելու միակ ուղեգիրը տալ ավելի փորձված մարզիկին:

«Սառույցի արքայի» համար Սոչիի Խաղերը  դարձան ամենաաղմկոտը: Երկրպագուները քննադատում էին գեղասահքի ֆեդերացիայի եւ հենց Պլյուշչենկոյի այդ քայլը: Ըստ նրանց՝ «արքան» վաղուց պետք է ճանապարհ տար երիտասարդ  մարզիկներին:

Պլյուշչենկոն մեկնեց Սոչի: Նա սահեց արքայավայել եւ այս անգամ թիմային մրցաշարում նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը:

Ցնծությունից հետո ամբողջ աշխարհը սպասում էր, թե երբ է հերթը հասնելու  տղամարկանց մենասահքին: 

Պլյուշչենկոն պետք է հանդես գար 7-րդը: Ելույթից ընդամենը վայրկյաններ առաջ «արքան» մոտեցավ մրցավարական սեղանին: 

Երկու-երեք րոպե հետո հայտարարվեց.

«Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Պլյուշչենկոն վնասվածքի պատճառով ավարտում է ելույթը Սոչիի Օլիմպիական խաղերում»: Հանդիսատեսը  քարացավ եւ ափսոսանքի հոգոց հանեց:

Րոպեներ անց՝ Պլյուշչենկոյի մարզիչ Միշինը արդեն լրագրողներին հայտնեց, որ Սառույցի արքան  հեռանում է մեծ սպորտից:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում