15:51  ,  7 փետրվարի, 2014

NEWS.am Sport-ը՝ Սոչիից. ՄՕԿ-ի նախագահը հույս ունի, որ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքում քաղաքական ենթատեքստ չի լինի

Հույս ունեմ, որ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքում քաղաքական ենթատեքստ չի լինի, Սոչիի օլիմպիական գլխավոր մեդիակենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Տոմաս Բախը, փոխանցում է NEWS.am Sport-ի հատուկ թղթակիցը 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքից:

Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ հյուրընկալող քաղաքում ավանդաբար անցկացվում է ՄՕԿ-ի հերթական նստաշրջանը: 126-րդ նստաշրջանում լսվել են 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչների զեկույցը եւ քննարկվել են ընթացիկ այլ հարցեր:

«Օլիմպիական խաղերը քաղաքականության հետ որեւէ առնչություն չունեն: Սա սպորտ է եւ ոչ քաղաքականություն: Հետեւելու եմ ամեն ինչին եւ հույս ունեմ, որ այսօրվա բացման արարողության ժամանակ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքում որեւէ քաղաքական ենթատեքստ չի լինի:

Բացման արարողության ողջույնի խոսքում կարող է միայն մեկ նախադասություն ասել քաղաքական ենթատեքստով, այդպես է թելադրում ՄՕԿ-ի կանոնակարգը: Կանոնակարգի խախտում մեկ անգամ եղել է: Այս խաղերում հույս ունեմ, որ չի լինելու:

Թե ինչ է այստեղ կատարվում, ես չեմ խոսի այդ մասին, չեմ խոսի նաեւ ճգնաժամերի մասին, այն մասին, որ շատ հյուրանոցներ եւ շինություններ օլիմպիական քաղաքում դեռեւս կիսակառույց են, միայն  անհամբերությամբ կսպասեմ այսօր կայանալիք բացման արարաղությանը:

Ես որպես մարզիկ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցել եմ Մոնռեալում կայացած Օլիմպիական խաղերում: Տպավորությունները մնացել են մինչ օրս: Կարծում եմ նման տպավորություններ կունենան նաեւ այսօրվա մասնակից մարզիկները: Բայց իրականում չգիտեմ՝ ինչ կլինի այսօր, բացման արարողության որ հատվածում եւ որ դրվագում մարմնովս դող կանցնի, չգիտեմ:

ՄՕԿ-ը հրաշալի է աշխատում, հույս ունեմ, որ այդ դինամիկան կշարունակվի: Ես հնարավորինս կփորձեմ ընդլայնել այդ աշխատանքները»,- ասաց ՄՕԿ-ի նախագահը, որի համար սա առաջին նստաշրջանն էր: 2013թ. սեպտեմբերին գերմանացի Բախը ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում փոխարինեց բելգիացի Ժակ Ռոգեին:

Սոչիի Խաղերի բացման արարողությունը կմեկնարկի ժամը 20:14-ին: Ավանդույթի համաձայն, Խաղերը բացված է հայտարարում ընդունող երկրի ղեկավարը:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով