18:42  ,  5 փետրվարի, 2014

Օլիմպիական Արթուր Եղոյան. Բոլորիս ակնկալիքը հաջող եւ լավ մասնակցությունն է Սոչիում

Սոչիի Օլիմպիական խաղերում ակնկալիքս միայն լավ հանդես գալն է։ Այս Օլիմպիական խաղերի համար շատ մեծ ուժ ենք ներդրել՝ ինչպես ես, այնպես էլ մարզիչներս, ֆեդերացիան, բոլորը։ Այլ ակնկալիքներ չունենք։ Բոլորիս ակնկալիքը՝ հաջող եւ լավ մասնակցությունն է։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոչիում կայանալիք 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում դահուկավազքի Հայաստանի ներկայացուցիչ, դահուկավազորդ Արթուր Եղոյանը։

Արթուր Եղոյանը ծնվել է 1991 թվականին Շիրակի մարզի Աշոցք գյուղում։ Ավարտել է Երեւանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Դահուկավազքով զբաղվում է 13 տարեկանից։ Անձնական մարզիչներն են անվանի դահուկորդներ Արթուր եւ Ալլա Միքայելյանները։

Արթուր, ինչպե՞ս ես տրամադրված Սոչիի Օլիմպիական խաղերին:

Շատ լավ, քանի որ լավ մարզավիճակում եմ, մարտական եմ տրամադրված: Մեկնարկս օր օրի մոտենում է: Անհնար է անհանգստություն չզգալ, բայց մենք լավ մարզվել ենք: Ուրախ եմ, որ Հայաստանը ներկայացնող չորս օլիմպիականներից մեկը ես եմ: Փորձելու եմ հնարավորինս լավ մասնակցություն ցուցաբերել:

Որքա՞ն ժամանակ ես զբաղվում պրոֆեսիոնալ դահուկավազքով:

Արդեն շուրջ 13 տարի է: Այս մարզաձեւում հաջողություններս սկսել եմ գրանցել նախորդ երեք տարիների ընթացքում: Այնպիսի հաջողություններ, որ գոհացնում են եւ ինձ, եւ մարզիչներիս: Հենց այդ հաջողությունների շնորհիվ վարկանիշս բավարարեց օլիմպիական ուղեգրի համար: Վերջերս Ֆինլանդիայում կայացած վարկանիշային մրցաշարում էլ լրացրեցի վարկանիշներս:

Ո՞վ է քեզ ուղղորդել դահուկավազքին:

Ընկերներս են ավելի շատ ուղղորդել, փոքր տարիքում իմացա, որ ընկերներս զբաղվում են, ծնողներիս ցանկություն հայտնեցի, որ ես էլ զբաղվեմ այս մարզաձեւով։ Սկզբից չէր ստացվում, ու դրանից շատ էի նեղվում, բայց իմ լավ մարզիչների՝ Արթուր եւ Ալլա Միքայելյաններ շնորհիվ կարողացա մասնագիտանալ դահուկավազքում եւ այսօր նրանց շնորհիվ էլ վարկանիշ եմ ձեռք բերել ու հնարավորություն Սոչիի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնել։

Սա իմ առաջին մասնակցությունն է Օլիմպիական խաղերին։ Պատասխանատվության զգացումս մեծ է։ Պետք է կարողանամ այս մեծ փորձությունից պատվով դուրս գալ։ Հաճելի պատասխանատվություն է, քանի որ ցանկացած մարզիկի երազանքն է Օլիմպիական խաղերի մասնակից լինելը։ Դեռ չեմ պատկերացնում մրցելույթս: Երբ կանգնեմ մեկնարկի, միայն այդ ժամանակ ամեն ինչ կգիտակցեմ: Դեռեւս անորոշ է ամեն ինչ: Միայն գիտեմ, որ պետք է հաջող հանդես գամ:

Ի՞նչ ակնկալիք ունես քո մասնակցությունից։

Ակնկալիքս միայն այն է, որ լավ հանդես գամ։ Ակնկալիք որպես այդպիսին չունեմ, միայն ուզում եմ հաջող հանդես գալ, միայն մասնակցությամբ երեւի այս տարի կբավարարվենք։ Այս Օլիմպիական խաղերի համար շատ մեծ ուժ ենք ներդրել՝ ինչպես ես, այնպես էլ մարզիչներս, ֆեդերացիան, բոլորը։ Բայց մեր բոլորիս ակնկալիքը հաջող եւ լավ մասնակցությունն է։

Ես օրինակ, այս 13 տարին այս Օլիմպիական խաղերի համար եմ մարզվել, եւ այդպես կշարունակեմ օլիմպիադայից օլիմպիադա բարելավել իմ արդյունքները եւ հուսամ կգա մի օր որ ակնկալիքը կլինի լավագույն 10-նյակը, կամ լավագույն 5-յակը եւ ինչու չէ նաեւ պայքարը մեդալի համար։ Հույսը կա։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով