16:44  ,  22 հունվարի, 2014

Սոչի-2014. Հայաստանի ներկայացուցիչների մեկնարկների ժամանակացույցը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) հունվարի 21-ին միջազգային օլիմպիական կոմիտեին ուղարկել է Սոչիում կայանալիք 2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների եւ մարզիչների պաշտոնական անվանացանկը, ինչպես նաեւ ներկայացրել է հայ մարզիկների ժամանակացույցը:

Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը փետրվարի 9-ին՝ ժամը 14-16-ը կմրցի 15+15 կմ մրցավազքում (սկիաթլոն): Փետրվարի 11-ին՝ նույն ժամերին, Սերգեյը հանդես կգա արագավազքում: Փետրվարի 14-ին 15 կմ դասական ոճում եւ փետրվարի 23-ին՝ ժամը 11-ին, նա կսկսի 50 կմ ազատ ոճի դահուկավազքը, որը կտեւի մոտ երեք ժամ: Նույն օրերին եւ ժամերին մրցահարթակ դուրս կգա նաեւ Սերգեյի թիմակից Արթուր Եղոյանը, ով հայտավորված չէ 50 կմ տարածությունում:  

Կանանց մրցաշարում Կատյա Գալստյանը փետրվարի 13-ին՝ ժամը 14:00-ից 15:40-ը կմրցի 10 կմ դասական ոճի դահուկավազքում: Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը փետրվարի 19-ին հանդես կգա հսկա ոլորավայրէջքում, իսկ փետրվարի 22-ին` հատուկ ոլորվայրէջքում: Մրցաձեւերը կանցկացվեն երկու մրցահերթով (կեսօրին եւ երեկոյան):

Սոչի-2014-ի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձեւ: Կխաղարկվի մեդալների 98 հավաքածու:  Հայտավորված են 80 երկրների մոտ 5500 մարզիկ-մարզուհիներ: Միջոցառումը լուսաբանելու համար հավատարմագրված են 12 հազար լրագրողներ: Կազմկոմիտեի աշխատանքներին կօժանդակեն 25 հազար կամավորականներ, իսկ մրցումների ընթացքին կհետեւեն մոտ երեք միլիարդ հեռուստադիտողներ: 

Առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկները ներկայացել են 1994 թվականին Լիլեհամերում, ապա մասնակցել են Նագանոյի (1998թ.), Սոլթ Լեյք Սիթիի (2002թ.), Թուրինի (2006թ.) եւ Վանկուվերի (2010թ.) Խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս