Դորտմունդի «Բորուսիան» դեկտեմբերի 21-ին անցկացրեց 2013թ. վերջին խաղը՝ գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրում մրցելով Բեռլինի «Հերտայի» հետ: Բունդեսլիգայի նախորդ 5 խաղերում ընդամենը 4 միավոր վաստակած դերտմունդցիները պարտությամբ ավարտեցին տարին: Դորտմունդում կայացած խաղում «Հերտան» կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր: Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեց «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը: Քիչ անց թիմերը մեկական իրական գոլային պահեր կորցրին, իսկ 23-րդ րոպեին կոլումբացի հարձակվող Ադրիան Ռամոսը խփեց հյուրերի պատասխան գնդակը: Այս գոլի դրվագում «Բորուսիայի» պաշտպանները սխալվեցին, ինչը կրկնեցին նաեւ 45-րդ րոպեին, երբ հիանալի հանդիպում անցկացրած թունիսցի կիսապաշտպան Սամի Ալագուին առաջ մղեց «Հերտային»:
Ընդմիջումից հետո Յուրգեն Կլոպի թիմի մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում, իսկ բեռլինցիները ոչ մեծ դժվարությամբ պահպանեցին հաղթական հաշիվը: Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման:
Այս տուրում պարտվեց նաեւ երկրորդ տեղում գտնվող Լեւերկուզենի «Բայերը», որը Բրեմենում նվազագույն հաշվով զիջեց «Վերդերին»:
Դորտմունդցիներն ունեն 32 միավոր եւ մեկ խաղ պակաս անցկացրած Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ բաժանում են 3-4-րդ տեղերը: «Բայերը» հավաքել է 37 միավոր, իսկ Բունդեսլիգայում 41 խաղի պարտություն չկրած առաջատար «Բավարիան» ունի 44 միավոր եւ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:
Գերմանիայի առաջնությունում Դորտմունդի «Բորուսիան» հաջորդ խաղը կանցկացնի 2014-ի հունվարի 24-ին՝ 18-րդ տուրում մրցելով «Աուգսբուրգի» հետ:
Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Հերտա»՝ 1:2
Մարկո Ռոյս, 7 – Ադրիան Ռամոս, 23, Սամի Ալագուի, 45
«Վերդեր» - «Բայեր»՝ 1:0
Սանտիագո Գարսիա, 74
«Համբուրգ» - «Մայնց»՝ 2:3
Հական Կալհանօղլու, 21, Ռաֆայել վան դեր Վարտ, 79 – Սինձի Օկազակի, 47, 90+2, Նիկոլայ Մյուլեր, 50,
Հեռացում՝ Տոմաս Ռինկոն, 82 («Համբուրգ»)
«Ֆրայբուրգ» - «Հանովեր»՝ 2:1
Ադմիր Մեհմեդի, 25, 36 – Կրիստոֆեր Ավեւոր, 90+3
«Բրաունշվեյգ» - «Հոֆֆենհայմ»՝ 1:0
Տորստեն Օերել, 29 (11մ.)
Հեռացում՝ Տիմո Պերտել, 82 («Բրաունշվեյգ»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում