16:46  ,  4 դեկտեմբերի, 2013

Սոչի-2014. Հայաստանը մասնակիցներ կունենա հավանաբար 3-4 մարզաձեւերում

2014թ.  Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակիցներ կունենա հավանաբար 3-4 մարզաձեւերում: Դեռեւս հստակ պարզ չէ, թե ով օլիմպիական ուղեգիր կստանա, քանի որ ձմեռային մարզաձեւերի վարկանիշային մրցաշարերը կշարունակվեն մինչեւ հունվար: Ունենք նաեւ «սպիտակ քարտի» (ՄՕԿ-ի հրավերով) ակնկալիքներ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտի վարչության պետ Գաբրիել Ղազարյանը, խոսելով Սոչի 2014-ի Հայաստանի պատվիրակության հնարավոր կազմի մասին։

«Դեռեւս պարզ չէ, թե Հայաստանը Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերում որ մարզաձեւերով հանդես կգա եւ քանի մարզիկներով: Բնականաբար, միայն լեռնադահուկային մարզաձեւով չենք ներկայանա: Հավանաբար 3-4 մարզաձեւում ներկայացուցիչներ կունենանք: Հայաստանի պատվիրակության կազմը հստակեցված չէ, քանի որ ձմեռային մարզաձեւերի վարկանիշային մրցաշարերը դեռեւս շարունակվում են ու ձգվելու են մինչեւ 2014-ի հունվար: Վարկանիշային մրցաշարրերում վարկանիշների սպասելիքներ ունենք նաեւ մենք: Ակնկալիքներ ունենք նաեւ «սպիտակ քարտերով» ուղեգրեր ստանալուց: Դա արդեն կորոշի եւ կտրամադրի ՄՕԿ-ը: Միայն ցավով կարող եմ նշել, որ ներկայացուցիչ չենք ունենա գեղասահքում: Մեր գեղասահորդներից ոչ ոք վարկանիշ ձեռք չբերեց»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում