14:53  ,  25 նոյեմբերի, 2013

Inside Futbol-ը՝ Հայաստանի հավաքականի մասին

Վերջին 5-6 տարիների ընթացքում հայկական ֆուտբոլը զգալի առաջընթաց է գրանցել: Մարզչական ծառայությունները երկրում վերելք են ապրել, եւ նոր մոտեցում է ձեւավորվել խաղի հանդեպ, գրում է Inside Futbol կայքը՝ անդրադառնալով ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղին, աստղերին, վերջին հաջողություններին եւ նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կատարած աշխատանքին։

«Հայաստանն ունի որակյալ խաղացողների նոր սերունդ, աստղեր, ինչպիսիք են Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Կան նաեւ այլ խոստումնալից խաղացողներ՝ Արաս Օզբիլիսը, Կառլեն Մկրտչյանը եւ Մասիս Ոսկանյանը։ Ներկայումս Մխիթարյանը հայկական դրոշը պահում է Եվրոպայում՝ խաղալով  «Բորուսիայում»։ Սակայն սխալ կլինի ասել, որ Հայաստանի հավաքականը մեկ հոգու թիմ է։ Այն ստեղծագործ կիսապաշտպանություն ունի, որը բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում Մովսիսյանի համար։

Առաջընթացը պարզ երեւում է, երբ թիմը պայքարում էր 2014թ. աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: 10 խաղում վաստակած միավորներով հավաքականը զբաղեցրեց 5-րդը տեղը, սակայն նրանք ընդամենը 3 միավորով էին հետ մնում երկրորդ տեղը զբաղեցնող Դանիայից, եւ 2 միավորով՝ երրորդ տեղում գտնվող Չեխիայից։ Հայաստանը հավասար միավորներ ուներ չորրորդ տեղում գտնվող Բուլղարիայի հետ:

Պետք է արժանին մատուցել մարզիչ Վարդան Մինասյանին, ով հեռացավ պաշտոնից որակավորման փուլի վերջին՝ իտալացիների հետ հանդիպումից հետո։ Մրցակցի խաղադաշտում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով, եւ հավաքականը զբաղեցրեց 38-րդ հորիզոնականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում՝ ամենաբարձր ցուցանիշը իր պատմության մեջ: Երբ Մինասյանը հրաժարական տվեց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկզբում մերժեց այն եւ փորձեց համոզել 39-ամյա մարզիչին մնալ եւ պատրաստել հավաքականը 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Այնուամենայնիվ, Մինասյանը կայացրեց իր վերջնական որոշումը եւ հեռացավ: Նրա հեռանալը նշանավորեց հայկական ֆուտբոլի պատմության մի կարեւոր գլխի ավարտը: Այժմ նրան պետք է փոխարինող գտնել, եւ ֆեդերացիան հնարավոր է, որ արտասահմանցի մարզիչ հրավիրի Մինասյանի գործը շարունակելու համար»,- գրում է կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով