21:39  ,  25 ապրիլի, 2012

Գագիկ Ծառուկյանի խորհուրդը մարզիկներին. քաղականությամբ մի զբաղվեք

Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 93 օր։ «Մոսկվա» կինոթատրոնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել էր հանդիպում օլիմպիական ուղեգիր նվաճած մարզիկների հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի լավագույն մարզիկները շարունակում են պայքարել Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Այժմ  Հայաստանն արդեն  ունի 18 օլիմպիական ուղեգիր. ծանրամարտ` 6 , ազատ ոճի ըմբշամարտ` 3, հունահռոմեական ըմբշամարտ` 3, աթլետիկա` 2, բռնցքամարտ` 1, հրաձգություն` 1, թաեքվոնդո` 1 եւ սպորտային մարմնամարզություն` 1:

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ, Լոնդոնի 30-րդ  Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության դրոշակակիր Ալբերտ Ազարյանը, բարձր գնահատելով Գ. Ծառուկյանի հանդիպումը մարզիկների հետ, ասաց.

«Նա ամեն ինչ անում է մարզիկների համար, որ նրանք հաջող մասնակցեն: Ես ուզում եմ, որ մենք ավելի առաջ գնանք, մարզիկներն ու մարզիչները խնդիրներ չունենան, մարզվելու, տեղի, մարզադպրոցների պայմաններից զուրկ չլինեն: Այդ ամենը անում է Գագիկ Ծառուկյանը: Ուզում եմ, որ պարոն Ծառուկյանը «դիրխոր» չմնա իր այդ ջանքերի համար»:

Ծանրորդ Առաքել Միրզոյանը ներկաներին պատմեց, որ Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ զանգահարել է իրենց եւ անձամբ փորձել ոգեւորել.

«Ես նրա զանգերի ժամանակ միշտ մարզումների մեջ եմ եղել: Նա ամեն անգամ ինձ ոգեւորել է, փորձել է ուժ տալ: Նրա ամեն մի զանգով ես էլ ավելի ծանր քաշեր եմ ցանկացել բարձրացնել: Կողքից ոգեւորությունը  յուրաքանչյուր մարզիկի համար ամենառաջնային եւ կարեւոր բանն է»,-ասաց Միրզոյանը:

Գ. Ծառուկյանն էլ նկատեց. «Ես այս օրերին շատ զբաղված եմ, բոլորդ էլ գիտեք: Մի քանի օր է մնացել ընտրություններին, եւ այսօր պետք է կայանար իմ հերթական քարոզարշավը: Բայց որոշեցի հանդիպել մեր մարզիկներին, անձամբ զրուցել նրանց հետ, լսել նրանց, հասկանալ նրանց խնդիրները, ակնկալիքները, անելիքներն ու արված գործերը: Ես նրանց բազմիցս ասել եմ, որ քաղաքականությունը պետք չէ խառնել սպորտի հետ: Խորհուրդ եմ տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվեն, թող սպորտով զբաղվեն եւ ուրախացնեն մեր ժողովրդին: Մենք նրանցով ենք հպարտանում: Ուրախանում եմ, որ իմ առջեւ նստած տեսնում եմ Նազիկ Ավդալյանին, Առաքել Միրզոյանին, Հռիսփիմե Խուրշուդյանին, բոլորին, ովքեր պատիվ են ունեցել կանգնել հաղթանակի պատվանդանին եւ բարձրացնել Հայաստանի դրոշը: Եթե նախկինում ասում էին` գոնե մեդալներով վերադառնան Օլիմպիական խաղերից, այսօր ավելի մեծ ակնկալիքով ենք ուղարկում մեր մարզիկներին: Ես նրանց կողքին եմ լինելու այնտեղ Լոնդոնում, ես տեղում նրանց կոգեւորեմ»։

Վերջում Գ. Ծառուկյանը ներկաներին, բացի մարզիկներից, ինչպես նաեւ լրագրողներին դահլիճից դուրս հրավիրեց` խնդրելով իրեն եւ մարզիկներին առանձին թողնել:

«Մեր խոսակցությունն արդեն անձնական բնույթի է: Ես պետք է զրուցեմ նրանց հետ: Լրագրողներին հատուկ կխնդրեմ դուրս գալ, որպեսզի չստացվի՝ մի բան լսեն, մեկ այլ բան գրեն: Թե չէ, ասում են Գագիկ Ծառուկյանի պիջակի տակ  «պիստալետ» կա: Չեմ հրաժարվում՝ կա: Բայց դա ոչ թե մարդկանց, այլ՝ գայլերի եւ բորենիների համար է»,- ասաց Գ. Ծառուկյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով