21:14  ,  16 նոյեմբերի, 2013

Գառնիկ Ավալյան. Խաղացինք ինչպես կարող էինք

Թիմը խաղաց այնպես, ինչպես կարող է հիմա: Տղաներից բողոքներ չունեմ, ասել է ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ լիգայում հանդես եկող Ռյազանի «Զվեզդայի» գլխավոր մարզիչ Գառնիկ Ավալյանը: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մեկնաբանել է Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Կրասնոդարից» կրած պարտությունը:

«Եղավ այն, ինչ սպասում էինք: Թիմը խաղաց այնպես, ինչպես կարող է հիմա: Տղաներից բողոքներ չունեմ: Նրանք փորձեցին անել այն, ինչ կարողանում են: Մեզ մոտ շատ բան չէր ստացվում, քանի որ մրցակիցը թույլ չէր տալիս: «Կրասնոդարը» խաղում էր արագ, եւ մենք չէինք հասցնում վերադասավորվել:

Բաց թողեցինք ոչ պարտադիր գոլ: Կարող էինք բաց թողնել եւս 2-3 գնդակ: Արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Գավաթային խաղ ստացվեց: Այն տարբերվում էր բնավորությամբ: Ստիպված չեղանք հատուկ տրամադրել թիմին: Փոխարինումների միջոցով փորձեցինք փոխել խաղը, սակայն նրանք չօգնեցին՝ փչացնելով ընդհանուր պատկերը»,- Ավալյանի խոսքը մեջբերում է «Կրասնոդարի» կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին «Կրասնոդարի» կազմում մասնակցել էր ամբողջ խաղին: Քառորդ եզրափակիչում կրասնոդարցիները կմրցեն «Սպարտակ» - «Տոսնո» զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով