15:27  ,  10 նոյեմբերի, 2013

Յուրա Մովսիսյանի հեթ-տրիկի շնորհիվ «Սպարտակը» հաղթեց «Զենիթին»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խփած 3 գոլերի շնորհիվ Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ:

Առանց երկրպագուների անցած խաղի առաջին րոպեին Յուրա Մովսիսյանը ստացավ դեղին քարտ, քանի որ ցանկանում էր ձեռքով գրավել հյուրերի դարպասը: Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց «Զենիթի» ռուս հարձակվող Ալեքսանդր Կերժակովը: 19-րդ րոպեին հյուրերը կարող էին կրկնապատկել առավելությունը, սակայն բրազիլացի Հալկը վրիպեց 11 մետրանոց հարվածից: 33-րդ րոպեին Յուրա Մովսիսյանն անկյունային հարվածի խաղարկման արդյունքում գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ 12 րոպե անց նաեւ առաջ մղեց «Սպարտակին»՝ դառնալով դուբլի հեղինակ:

Առաջին խաղակեսն ավարտվեց 2:1 հաշվով, իսկ ընդմիջումից 3 րոպե անց Հայաստանի հավաքականի հարձակվողը երրորդ գնդակ ուղարկեց պետերբուրգցիների դարպասը: 58-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը թեթեւ վնասվածք ստացավ եւ նրան փոխարինեց պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսը, իսկ 6 րոպե անց Բրազիլիայի հավաքականի խաղացող Հալկը կրճատեց հաշվի տարբերությունը: 83-րդ րոպեին ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովը խփեց «Սպարտակի» չորրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման:

Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 12-ի՝ հավասարվելով ռմբարկուների ցուցակը գլխավորող Արտյոմ Դյուբային: Վալերի Կարպինի թիմը հավաքեց 33 միավոր եւ հավասարվեց երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Լոկոմոտիվին»: Առաջատար «Զենիթն» ունի 36 միավոր: 

Ռուսաստանի առաջնություն, 12-րդ տուր 

«Սպարտակ» - «Զենիթ»՝ 4:2

Յուրա Մովսիսյան, 33, 44, 48, Դենիս Գլուշակով, 83 - Ալեքսանդր Կերժակով, 6, Հալկ, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում