18:47  ,  22 ապրիլի, 2012

Սոֆիա. Արթուր Ալեքսանյանն ու Յուրի Պատրիկեեւը կմեկնեն Լոնդոն

Աթուր Ալեքսանյանը եւ Յուրի Պատրիկեեւը նվաճեցին Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Սոֆիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչում Եվրոպայի չեմպիոն, 96 կգ քաշային  Արթուր Ալեքսանյանը 1:0, 2:0 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Շալվա Գադաբաձեին եւ դուրս եկավ եզրափակիչ` ապահովելով օլիմպիական ուղեգիր: Առաջին մրցանակի համար Ալեքսանյանը կմրցի էստոնացի Արդո Արուսաարիի հետ:

Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում 1:0, 2:0 հաշվով հաղթեց նորվեգացի Մարտին Նիլսենին, քառորդ եզրափակիչում Ալեքսանյանն ուժեղ էր լիտվացի Վիլիուս Լորինաիտիսից` 2:0, 6:0:

120 կգ քաշային կարգում Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեեւը կիսաեզրափակիչում 1:0, 1:0 հաշվով հաղթեց վրացի Սերգո Գոգիսվանիձեին: Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցչի մրցակիցը կլինի ուկրաինացի Եվգենի Օրլովը:

Յուրի Պատրիկեեւն առաջին գոտեմարտում 1:0, 2:0 հաշվով առավելության հասավ հույն Քսենոֆոն Կուցիումպասին եւ քառորդ եզրափակիչում մրցեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Հասան Բարոեւի հետ: Պատրիկեեւը հաղթեց 1:0, 0:1, 1:0 հաշվով:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ռոման Ամոյանը, Ալեքսան Միքայելյանը, Սասուն Ղամբարյանը, Հրաչ Հովհաննիսյանը զրկվեցին օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

55 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը 1։0, 0։7, 0։2 հաշվով պարտվեց բուլղարացի Ալեքսանդր Կոստադինովին։

60 կգ քաշային կարգում Ալեքսան Միքայելյանը 1/8 եզրափակիչում 6։0, 8։1 հաշվով հաղթեց իտալացի Պաոլո Ֆուչիլեին, սակայն քառորդ եզրափակիչում 0։1, 0։2 հաշվով տանուլ տվեց հունգարացի Իշտվան Կոզակին։

66 կգ քաշային կարգում մոտ էր օլիմպիական ուղեգրին Սասուն Ղամբարյանը, որը նախնական գոտեմարտում 0։1, 1։0, 2։0 հաշվով հաղթեց խորվաթ Դանիել Յանիչիչին, 1/8 եզրափակիչում 0։2, 5։0, 3։0 հաշվով առավելության հասավ սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Ղամբարյանը 0։3, 2։0, 3։0 հաշվով հաղթեց ռուսաստանցի Ամբակո Վաչաձեին։ Սակայն կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 1։2, 2։1, 0։1 հաշվով տանուլ տվեց ֆրանսիացի Ստիվ Գունոյին եւ մնաց առանց օլիմպիական ուղեգրի։

84 կգ քաշային կարգում Հրաչ Հովհաննիսյանը հենց առաջին գոտեմարտում (1/8 եզրափակիչ) 0։4, 1։2 հաշվով պարտվեց ավստրիացի Ամեր Հրուստանովիչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով