14:28  ,  21 հոկտեմբերի, 2013

Թաեքվոնդոիստ Արման Երեմյանը կմասնակցի Մանչեսթերի Գրան Պրիին

Ամենակարեւորը լավագույն 6-յակում հայտնվելն է։ Ինչ վերաբերում է մարզումներիս, ապա ամեն ինչ ծրագրի համաձայն է ընթանում։ 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հայկական թաեքվոնդոյի առաջատար, Լոնդոնի Օլիմպիական խաղերի 5-րդ մրցանակակիր Արման Երեմյանը (80 կգ)։ Նա Հայաստանը կներկայացնի WTF World Taekwondo Grand Prix-ի  ժամանակ։ Մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 13-ից 15-ը Մանչեսթերում։ Գրան Պրիին կմասնակցեն աշխարհի լավագույն 250 մարզիկները, ովքեր կպայքարեն 2016թ. Օլիմպիական խաղերի որակավորման միավորների համար։

Արման, պատմեք առաջիկա Գրան Պրիի եւ ձեր նախապատրաստության մասին։

Օլիմպիական խաղերից առաջ անցկացվում են մի շարք Գրան Պրի մրցաշարեր, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն մարզիկները։ Նման մրցաշարերում հաղթանակները բարելավում են վարկանիշը։ Կփորձեմ առավելագույնն անել Մանչեսթերում, քանի որ ինձ վարկանիշային միավորներ են հարկավոր։ Յուրաքանչյուր քաշային կարգում կլինեն լավագույն 32 մարզիկները։ Իմ քաշային կարգում այս պահին 16-րդն եմ։ Նպատակս է՝ լինել լավագույն 6-յակում։ Ինչ վերաբերում է մարզումներիս, ապա ամեն ինչ ծրագրի համաձայն է ընթանում։ Նոյեմբերին 10-օրյա հավաքներ կանցկացնեմ Իրանում, որտեղ կաշխատեմ տարբեր մրցակիցների հետ։ Նշեմ, որ նախապատրաստությանս ժամանակ ինձ ամեն ինչով օգնում է իմ մարզիչ Վարդան Վարդանյանը եւ ՀԱՕԿ-ը։

Արման, աշխարհի առաջնության ժամանակ պարտվեցիր ռուս թաեքվոնդոիստին։ Ինչպե՞ս ստացվեց, որ հաղթանակը նրան շնորհեցին։

Լավ էի նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, քանի որ հաղթանակը թույլ է տալիս մասնակցել Օլիմպիական խաղերին։ Քանի որ բարձր վարկանիշ ունեի, պայքարի մեջ մտա երկրորդ շրջանից։ Երկու հաղթանակ տարա եւ քառորդ եզրափակիչում հանդիպեցի ռուսաստանցի Անտոն Կատկովի հետ։ Մենամարտի ժամանակ ոտքով հարվածեցի նրա դեմքին, ինչի հետեւանքով նա հայտնվեց մրցագորգին։ Սակայն այդ միավորները չհաշվեցին։ Մարզիչս բողոքարկեց, եւ մենամարտից հետո մրցավարները, դիտելով կրկնապատկերը, ասացին, որ մենք ճիշտ ենք։ Ամենազավեշտալին այն է՝ ինձ ասացին, որ միավորներն իմ օգտին պետք է հաշվեն, սակայն մենամարտն ավարտված է, եւ մրցավարին որակազրկելուց բացի նրանք ոչինչ չեն կարող անել: Սակայն նրա որակազրկումն ինձ չի վերադարձնի մեդալը. պետք է անցնեի կիսաեզրափակիչ եւ նվազագույնը բրոնզե մեդալ կունենայի։ Ամեն դեպքում, չեմ տխրում եւ շարունակում եմ պատրաստվել՝ գնալով դեպի նպատակս՝ Օլիմպիական խաղերին։

Պարույր Սինյավսկի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում