13:54  +04,  19 հոկտեմբերի, 2013

Արթուր Բաղդասարյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում փոխարինել է Սուրիկ Խաչատրյանին

Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում փոխարինել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, հայտնում են ՀՎՖ լրատվության բաժնից: Տեղի է ունեցել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի արտահերթ կոնֆերանսը:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը տեղեկացրեց, որ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է տվել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ապա նշեց. «Վոլեյբոլը Հայաստանում սիրված եւ մասսայականություն վայելող մարզաձեւերից մեկն է, բայց մարզաձեւի զարգացմանը խոչընդոտում են մի շարք խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Մեր քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ՀՎՖ նախագահի թեկնածու առաջադրել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ում ղեկավարությամբ, վստահ եմ, մարզաձեւը կբռնի զարգացման ուղի»:

Այնուհետեւ կոնֆերանսին մասնակցող 30 պատգամավորները անցան օրակարգի հարցերի քննարկմանն ու քվեարկմանը: Կոնֆերանսի պատգամավորները միաձայն ՀՎՖ նախագահ ընտրեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին:

Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, ապա նշեց. «Ես էլ վոլեյբոլը շատ եմ սիրում, եւ սա ինձ համար նոր մեկնարկ է: Մենք ունենք լավ մարզիչներ, մարզիկներ, ավանդույթներ, եւ մենք պետք է ամեն ինչ անենք Հայաստանում վոլեյբոլը զարգացնելու համար:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ՀՎՖ-ն Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ ստորագրել է համագործակցության պայմանագիր, ինչը հնարավորություն կտա Հայաստանում վոլեյբոլն ավելի ինտենսիվ զարգացնել:

Արթուր Բաղդասարյանը ներկաներին համախմբվածության եւ ակտիվ աշխատանքի կոչ արեց. «Մենք պետք է լինենք միասնական, ուժեղ եւ վստահ: Այդժամ ես, համոզված եմ, հաջողությունները սպասեցնել չեն տա: Մենք նաեւ սերտ պետք է համագործակցենք Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Ազգային օլիմպիական կոմիտեի հետ, գործընկերային հարաբերություններ պետք է հաստատենք մյուս ֆեդերացիաների եւ բոլոր այն կառույցների հետ, ովքեր շահագրգիռ են Հայաստանում այս սպորտաձեւը զարգացնելու գործում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս