13:54 19 հոկտեմբերի, 2013Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում փոխարինել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, հայտնում են ՀՎՖ լրատվության բաժնից: Տեղի է ունեցել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի արտահերթ կոնֆերանսը:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը տեղեկացրեց, որ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է տվել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ապա նշեց. «Վոլեյբոլը Հայաստանում սիրված եւ մասսայականություն վայելող մարզաձեւերից մեկն է, բայց մարզաձեւի զարգացմանը խոչընդոտում են մի շարք խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Մեր քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ՀՎՖ նախագահի թեկնածու առաջադրել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ում ղեկավարությամբ, վստահ եմ, մարզաձեւը կբռնի զարգացման ուղի»:
Այնուհետեւ կոնֆերանսին մասնակցող 30 պատգամավորները անցան օրակարգի հարցերի քննարկմանն ու քվեարկմանը: Կոնֆերանսի պատգամավորները միաձայն ՀՎՖ նախագահ ընտրեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին:
Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, ապա նշեց. «Ես էլ վոլեյբոլը շատ եմ սիրում, եւ սա ինձ համար նոր մեկնարկ է: Մենք ունենք լավ մարզիչներ, մարզիկներ, ավանդույթներ, եւ մենք պետք է ամեն ինչ անենք Հայաստանում վոլեյբոլը զարգացնելու համար:
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ՀՎՖ-ն Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ ստորագրել է համագործակցության պայմանագիր, ինչը հնարավորություն կտա Հայաստանում վոլեյբոլն ավելի ինտենսիվ զարգացնել:
Արթուր Բաղդասարյանը ներկաներին համախմբվածության եւ ակտիվ աշխատանքի կոչ արեց. «Մենք պետք է լինենք միասնական, ուժեղ եւ վստահ: Այդժամ ես, համոզված եմ, հաջողությունները սպասեցնել չեն տա: Մենք նաեւ սերտ պետք է համագործակցենք Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Ազգային օլիմպիական կոմիտեի հետ, գործընկերային հարաբերություններ պետք է հաստատենք մյուս ֆեդերացիաների եւ բոլոր այն կառույցների հետ, ովքեր շահագրգիռ են Հայաստանում այս սպորտաձեւը զարգացնելու գործում»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.