21:32  ,  7 հոկտեմբերի, 2013

Շավարշ Կարապետյան. Օլիմպիական կրակը չի կեղծվել

Մարած ջահի պատմության վերջաբանը չի լուսաբանվում, օլիմպիական կրակը չի կեղծվել, այն դարձյալ վառել են Հունաստանից բերած սրբազան կրակից, հայտարարել է ստորջրյա լողի աշխարհի 17-ակի չեմպիոն, 11-ակի ռեկորդակիր Շավարշ Կարապետյանը, որը սկանդալային փորձից հետո մեկ անգամ եւս կմասնակցի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահակիրների փոխանցումավազքին: Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Շավարշ Կարապետյանին կվստահվի եւս մեկ փուլ, հաղորդում է Gazeta.ru-ն:

«Ամբողջ փոխանցումավազքի երթուղու երկայնքով կանգնած են տղաներ, որոնք ունենք իսկական օլիմպիական կրակի լապտերիկներ: Կրակայրիչով ջահը վառելու կադրերը տարածվել են, սակայն չկա դրա վերջը, երբ իմ ջահը մարեցին եւ դարձյալ վառեցին իսկական օլիմպիական կրակից: Մեծ ավանդույթը չի խախտվել, օլիմպիական կրակը չի կեղծվել: Երբեք ուշադրություն չեմ դարձրել սնահավատություններին: Դա անբանների եւ թույլ մարդկանց գործն է: Եթե քամին հնագցրել է կրակը, դա դեռ առիթ չէ խորհրդավոր հետեւություններ անելու համար: Ես Մոսկվայում կմասնակցեմ փոխանցումավազքի եւս մեկ փուլի եւ վստահ եմ, որ ջահի հետ ոչինչ տեղի չի ունենա»,- ասել է Շավարշ Կարապետյանը:

Նշենք, որ լեգենդար մարզիկն արդեն 20 տարի ապրում է Մոսկվայում: Մարզական նվաճումներից բացի Շավարշ Կարապետյանը հայտնի է նաեւ իր հերոսություններով: 1976թ. սեպտեմբերին Երեւանյան լիճն ընկած տրոլեյբուսից Շավարշ Կարապետյանի օգնությամբ փրկվեց 20 մարդու կյանք: Ողբերգության պահին Շավարշ Կարապետյանն առավոտյան մարզանքի էր Երեւանյան լճի մոտ եւ անմիջապես նետվել էր ջուրը: 10 մետր խորությամբ ջրի տակ տրոլեյբուսի ապակին կոտրելուց նա վնասել էր ոտքերը, իսկ սառը ջրում մրսել էր: Նա ստացել էր արյան վարակում եւ երկկողմանի թոքաբորբ: Այդ ողբերգությունից եւ ծանր  հիվանդությունից հետո նա կարողացավ ուժ գտնել, վերադառնալ սպորտ եւ 1977-ին սահմանել աշխարհի եւս մեկ ռեկորդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում