22:09  ,  16 սեպտեմբերի, 2013

Դավիթ Սաֆարյանն՝ աշխարհի չեմպիոն

66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը նվաճեց  Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը:

Եզրափակիչ գոտեմարտում Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մրցեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, կուբացի Լիվան Լոպեսի հետ: Առաջին մրցափուլում պասիվության համար Սաֆարյանին տրված տուգանային 30 վայրկյանի ընթացքում միավոր չվստակելու պատճառով մեկ միավոր գրանցվեց Լոպեսի հաշվին: Առաջին երեք րոպեն այդպես էլ ավարտվեց՝ 0:1:

Ընդմիջումից հետո իրադրությունը կրկնվեց: Դարձյալ տուգանային 30 վայրկյան ստացավ Սաֆարյանը եւ կրկին մեկ միավոր նվաճեց Լոպեսը: Գոտեմարտի ավարտից 19 վայրկյան առաջ Սաֆարյանը փոխադրում կատարեց, նվաճեց 2 միավոր եւ վերջինը արդյունավետ հնարք կատարելու շնորհիվ հռչակվեց աշխարհի չեմպիոն: 

11 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը դարձյալ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոս ըմբշամարտում:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Դավիթ Սաֆարյանը պարտության էր մատնել վրացի Լեւան Կելեխսաշվիլիին: Առաջին մրցափուլում 1:0 հաշվով հաղթեց վրացի ըմբիշը: Երկրորդ մրցափուլում Դավիթ Սաֆարյանը քթի վնասվածք ստացավ եւ պահանջվեց բժշկի օգնություն: Դրանից անմիջապես հետո Սաֆարյանը երկու միավորի հնարք կատարեց եւ առավելություն ստացավ՝ 2:1: Այնուհետեւ Եվրոպայի չեմպիոն հայ մարզիկը շարունակեց արդյունավետ պայքարը՝ հաշիվը հասցնելով 6:2-ի: Գոտեմարտի ավարտից 30 վայրկյան առաջ վրացի ըմբիշը կրճատեց տարբերությունը՝ 4:6, հետո էլ դարձրեց 5:6, սակայն Դավիթ Սաֆարյանը կարողացավ պահել հաղթական հաշիվը եւ դուրս գալ եզրափակիչ:

Քառորդ եզրափակիչի գոտեմարտի վերջին վայրկյաններին կատարած 2 միավորանոց արդյունավետ հնարքի շնորհիվ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (Հայաստան) պարտության էր մատնել ռուսաստանցի Մագոմեդ Կուրբանալիեւին (4:3): Դավիթ Սաֆարյանը Կազանում կայացած Համաշխարհային ուսանողական խաղերի եզրափակիչում պարտվել էր հենց Մագոմեդ Կուրբանալիեւին:

Դավիթ Սաֆարյանից 1/8 եզրափակիչի գոտեմարտում պահանջվել էր 2 րոպե 45 վայրկյան լեհ Ռաֆալ Ստատկիեւիչի նկատմամբ 7:0 հաշվով հաղթանակ տանելու համար: Գոտեմարտը դադարեցվեց:

55 կգ քաշահին կարգում Միհրան Ջաբուրյանը 2:6 հաշվով տանուլ տվեց վրացի Գեորգի Էդիշերաշվիլիին, իսկ 96 կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանը չկարողացավ հաղթահարել ալբանացի Էգզոն Շալայի արգելքը՝ 3:12:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում