18:05  ,  7 սեպտեմբերի, 2013

Մադրիդ, Տոկիո, Ստամբուլ. 2020թ. օլիմպիական մայրաքաղաքի ընտրությունն՝ այսօր

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ընթացող Միջազգային օլիմպիական կոմիտեի 125-րդ նստաշրջանում մեկնարկել է 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի հավակնորդ Մադրիդի, Ստամբուլի եւ Տոկիոյի շնորհանդեսը: Ուղիղ հեռարձակումը ներկայացնում է ՄՕԿ-ի կայքը:

Նստաշրջանը բացել է ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն:

«Ես ուրախ եմ բոլորիդ տեսնել Բուենոս Այրեսում: Նստաշրջանի առաջին օրը մենք պետք է ընտրենք 2020թ. օլիմպիական մայրաքաղաքը: Այդ իրավունքին հավակնում են Ստամբուլը, Տոկիոն եւ Մադրիդը: Սկզբում, այդ քաղաքների պատվիրակները կներկայացնեն նախագծերն ու հայտը, իսկ հետո տեղի կունենա ՄՕԿ-ի անդամների քվեարկությունը»,- ասել է Ժակ Ռոգեն, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է եւ այս նստաշրջանի ընթացքում կընտրվի նաեւ ՄՕԿ-ի նոր նախագահ:

Ստամբուլի շնորհանդեսին մասնակցում է նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, Տոկիոյի շնորհանդեսին՝ Ճապոնիայի վարչապետ Աբեն, Մադրիդի շնորհանդեսին՝ Իսպանիայի թագաժառանգ Ֆելիպեն, վարչապետ Ռախոյը:

Ստամբուլը 5-րդ անգամ է փորձում դառնալ օլիմպիական մայրաքաղաք: Մադրիդն այդ իրավունքի համար պայքարում է երրորդ, Տոկիոն՝ երկրորդ անգամ: Այս քաղաքներից միայն Տոկիոն է եղել օլիմպիական մայրաքաղաք՝ 1964-ին:

2020թ. օլիմպիական մայրաքաղաքը հայտնի կդառնա Երեւանի ժամանակով կեսգիշերին:

ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում 2020թ. եւ 2024թ. օլիմպիական ծրագրում տեղ ունենալու համար կպայքարեն ըմբշամարտը, բեյսբոլ/սոֆտբոլը եւ սկվոշը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում