18:05 7 սեպտեմբերի, 2013Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ընթացող Միջազգային օլիմպիական կոմիտեի 125-րդ նստաշրջանում մեկնարկել է 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի հավակնորդ Մադրիդի, Ստամբուլի եւ Տոկիոյի շնորհանդեսը: Ուղիղ հեռարձակումը ներկայացնում է ՄՕԿ-ի կայքը:
Նստաշրջանը բացել է ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն:
«Ես ուրախ եմ բոլորիդ տեսնել Բուենոս Այրեսում: Նստաշրջանի առաջին օրը մենք պետք է ընտրենք 2020թ. օլիմպիական մայրաքաղաքը: Այդ իրավունքին հավակնում են Ստամբուլը, Տոկիոն եւ Մադրիդը: Սկզբում, այդ քաղաքների պատվիրակները կներկայացնեն նախագծերն ու հայտը, իսկ հետո տեղի կունենա ՄՕԿ-ի անդամների քվեարկությունը»,- ասել է Ժակ Ռոգեն, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է եւ այս նստաշրջանի ընթացքում կընտրվի նաեւ ՄՕԿ-ի նոր նախագահ:
Ստամբուլի շնորհանդեսին մասնակցում է նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, Տոկիոյի շնորհանդեսին՝ Ճապոնիայի վարչապետ Աբեն, Մադրիդի շնորհանդեսին՝ Իսպանիայի թագաժառանգ Ֆելիպեն, վարչապետ Ռախոյը:
Ստամբուլը 5-րդ անգամ է փորձում դառնալ օլիմպիական մայրաքաղաք: Մադրիդն այդ իրավունքի համար պայքարում է երրորդ, Տոկիոն՝ երկրորդ անգամ: Այս քաղաքներից միայն Տոկիոն է եղել օլիմպիական մայրաքաղաք՝ 1964-ին:
2020թ. օլիմպիական մայրաքաղաքը հայտնի կդառնա Երեւանի ժամանակով կեսգիշերին:
ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում 2020թ. եւ 2024թ. օլիմպիական ծրագրում տեղ ունենալու համար կպայքարեն ըմբշամարտը, բեյսբոլ/սոֆտբոլը եւ սկվոշը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.