11:14  ,  7 սեպտեմբերի, 2013

Հայաստանի առաջին մասնակցությունն արբալետի Եվրոպայի առաջնությանը

Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ, ԵՀՄՄ-ի մարզիկ Քրիստիան Լաուերը մասնակցել է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում սեպտեմբերի 2-ին մեկնարկած արբալետի Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի կայքը։

Եվրոպայի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 8-ին: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում արբալետի մրցումներին: Լաուերը մրցմանը մասնակցել է մարզիչ Իրինա Աղաջանյանի գլխավությամբ:

Մարզիկները կրակել են 10մ, 30մ և 65մ հեռավորությունից: Հայաստանի միակ ներկայացուցիչը սեպտեմբերի 5-ին կրակել է 10մ հեռավորությունից՝ 60 կրակոց վարժությունը եւ 580 միավորով զբաղեցրել մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը:

Հայաստանի թիմին հրավիրել են Ինսբրուկի գլխավոր հրապարակ. թիմը շրջել է ՀՀ պետական դրոշով, ծանոթացել ավստրիացի մարզական եւ քաղաքական գործիչների հետ, ովքեր ողջունել են Հայաստանի առաջին մասնակցությունը արբալետի մրցումներում: Թիմին մեծ ուրախությամբ է ընդունել նաեւ տեղի հայ համայնքը: Հայաստանի հավաքականին են անդրադարձել ավստրիական որոշ լրատվամիջոցներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում