00:06  ,  12 հունիսի, 2013

Դանիա – Հայաստան՝ 0:4 (ֆոտո)

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը 4 անընդմեջ պարտություն կրելուց հետո Կոպենհագենում 4:0 հաշվով առավելության հասավ Դանիայի թիմի նկատմամբ:

«Պարկեն» ստադիոնում կայացած հանդիպումը չափազանց հաջող ստացվեց Հայաստանի հավաքականի համար, քանի որ արդեն 27-րդ վայրկյանին Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն Արաս Օզբիլիսի փոխանցումից հետո մեն-մենակ դուրս եկավ Ստեֆան Անդերսենի դեմ՝ բացելով հաշիվը: Բաց թողած գոլից հետո դանիացիները շատ արագ կարող էին հավասարեցնել հաշիվը, բայց 2 անգամ չօգտվեցին Հայաստանի թիմի պաշտպանների սխալներից՝ վրիպելով հարմար դիրքերից: 15-րդ րոպեին գնդակը կարող էր երկրորդ անգամ հայտնվել դաշտի տերերի դարպասում, սակայն Գեւորգ Ղազարյանի կատարած հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից: Այն, ինչ չարեց Ղազարայանը, րոպեներ անց կատարեց Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով գոլային փոխանցմանը գումարեց նաեւ գոլ՝ կրկնապատկելով Հայաստանի հավաքականի առավելությունը: Առաջին խաղակեսում դանիացիները մի քանի իրական գոլային պահեր կորցրին: Դաշտի տերերը մեծ ուժերով նետվում էին առաջ, իսկ հյուրերը հակագրոհների լավ հնարավորություններ էին ստանում: Այնուամենայնիվ, թիմերն ընդմիջման գնացին 0:2 հաշվի ժամանակ:

Դանիացիները շատ ակտիվ սկսեցին երկրորդ խաղակեսը: Դաշտի տերերի գրոհներն աստիճանաբար ավելի վտանգավոր էին դառնում, սակայն Ռոման Բերեզովսկին շատ վստահ հանդիպում էր անցկացնում՝ մի քանի անգամ իր թիմին փրկելով գոլից: Մինչ Դանիայի թիմը փորձում էր գտնել 38-ամյա Բերեզովսկու պաշտպանած դարպասի բանալին, Հայաստանի հավաքականը խփեց երրորդ գնդակը: Յուրա Մովսիսյանը դարձավ դուբլի հեղինակ՝ եռապատկելով հյուրերի առավելությունը: Քիչ անց գնդակը կարող էր նաեւ չորրորդ անգամ հայտնվել վաբանկի գնացած Դանիայի թիմի դարպասապահ Ստեֆան Անդերսենի պաշտպանած դարպասում, բայց Հենրիխ Մխիթարյանը հարմար դիրքից վրիպեց: Այնուամենայնիվ, Հենրիխը խաղի վերջնամասում ասեց իր խոսքը: 82-րդ րոպեին Դոնեցկի «Շախտյորի» ռմբարկուն խփեց Հայաստանի հավաքականի չորրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:

Հայաստանի հավաքականը, մի շարք վրիպումներ թույլ տալով պաշտպանությունում, կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը՝ կրկնելով արտագնա խաղում ամենախոշոր հաշվով տարած հաղթանակի սեփական ռեկորդը (Սլովակիա – Հայաստան՝ 0:4): Վարդան Մինասյանի թիմի խաղն այնպես էր տպավորել «Պարկեն» ստադիոնին, որ դանիացի երկրպագուները ծափահարում էին փոխարինվող հայ ֆուտբոլիստներին: 

Այս հաղթանակից հետո B խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը հավաքեց 6 միավոր՝ հավասարվելով դանիացիներին: Իտալիան ունի 14 միավոր, Բուլղարիան՝ 10, Չեխիան՝ 9, իսկ Մալթան՝ 3: B խմբի բոլոր թիմերն անցկացրել են 6-ական հանդիպում:

Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 6-ին՝ Պրահայում մրցելով չեխերի դեմ:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար 

B խումբ 

ԴանիաՀայաստան՝ 0:4

Յուրա Մովսիսյան, 1, 59, Արաս Օզբիլիս, 19, Հենրիխ Մխիթարյան, 82

Հայաստան (4-2-3-1). Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Վալերի Ալեքսանյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Մարկոս Պիզելի, 86), Գեւորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս (Նորայր Ասլանյան, 90+1), Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան (Արթուր Սարկիսով, 84):

Ֆոտո՝ Պարույր  Սինյավսկի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով