16:54  ,  6 հունիսի, 2013

Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը կմասնակցեն Ունիվերսիադա-2013-ին. Հովհաննես Գաբրիելյան

«Անցյալ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը նվաճեց երկու մեդալ, որից մեկը ոսկե` ծանրամարտում: Այս տարի մեր մասնակից ուսանող մարզիկների թիվը կրկնապատկվել է: Հուսանք, այս Ունիվերսիադայում Հայաստանի նվաճած մեդալների թիվը գոնե կեռապատկվի»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը: 

Ռուսաստանի Կազան քաղաքում հուլիսի 6-17-ին կանցկացվի 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը, որի ծրագրում ընդգրկված է 27 մարզաձեւ` բադմինտոն, բասկետբոլ, բռնցքամարտ, ըմբշամարտ, թաթարական ըմբշամարտ (կուրեշ), ջրագնդակ, վոլեյբոլ, ակադեմիական թիավարություն, բայդարկա եւ կանոե, ձյուդո, աթլետիկա, սեղանի թենիս, լող, լողափնյա վոլեյբոլ, ջրացատկ, ռեգբի, սամբո, գեղալող, սպորտային մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն, հրաձգություն, թենիս, ծանրամարտ, սուսերամարտ, շախմատ, ֆուտբոլ, մականախաղ։  27-րդ ուսանողական խաղերին մասնակցելու համար Կազան կժամանեն 170 երկրների 17-28 տարեկան 13 հազար մարզիկներ։ Պայքար կմղվի մեդալների 350 հավաքածուի համար։

Հովհաննես, ի՞նչ կազմով եւ ո՞ր մարզաձեւերում է այս տարի ներկայանալու Հայաստանը Ունիվերսիադայում:

Այս տարի մեր մասնակցությունն առանձնահատուկ է. մասնակցում ենք աննախադեպ թվով` շուրջ 60 մարզիկ:  Ներկայանում ենք շախմատ, լող, հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտ, գոտիներով ըմբշամարտ, ձյուդո, սամբո, բռնքամարտ, աթլետիկա եւ ծանրամարտ մարզաձեւերում: Հավաքականների կազմերում ընդգրկված են Հայաստանի լավագույն ուսանող մարզիկները:

Օլիմպիական խաղերի մասնակիցներ էլ ունենք: Օրինակ՝ հունահռոեմական ոճում Արթուր Ալեքսանյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը:

Մարզիկներն ի՞նչ սկզբունքով են ընտրվում:

Մարզիկների ընտրությունը կատարվում է առանց վարկանիշային մրցաշարերի: Ունիվերսիադային մասնակցելու համար ուղեգիր նվաճելու խնդիր չունեն ուսանող մարզիկները, բայց դա չի նշանակում, որ նրանք որեւէ նվաճում էլ պետք է չունենան: Ֆեդերացիաները ներկայացնում են լավագույն ուսանող մարզիկների ցուցակը: Կան որոշակի նախապայմաններ: Ունիվերսիադայում մասնակից մարզիկների մակարդակը շատ բարձր է եւ ուսանող մարզիկները առնվազն պետք է ունենան աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոնի կամ փոխչեմպիոնի, երրորդ մրցանակակրի տիտղոս:

Ո՞ր մարզաձեւերից մեդալների ակնկալիքներ կան:

Ծանրամարտ, ըմբշամարտ, ձյուդո, սամբո, բռնցքամարտ, շախմատ: Մեդալների քանակի մասին չեմ կարող ասել: Հուսանք, անցյալ Ունիվերսիադայի երկու մեդալների համեմատ, այս տարի գոնե մեդալների քանակը կեռապատկվի: Սա վստահ ասում եմ այն հանգամանքից ելնելով, որ մասնակցում են մեր ուժեղագույն ուսանող մարզիկները:

Ո՞ւմ կողմից եւ ինչպե՞ս է ֆինանսավորվում Ունիվերսիադայում հայ մարզիկների մասնակցությունը:

 Ունիվերսիադայի ֆինանսավորումը կատարում է պետությունը` 23 միլիոն դրամ: Պետությունը մեզ տրամարդում է գումար կոնկրետ քանակի մարզիկների համար, իսկ դրանք բաշխվում են ֆեդերացիաներին: Ընդհանուր ֆինանսավորման որոշ մասը տրամադրում  է նաեւ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան: Մի մաս էլ տրամադրում են ֆեդերացիաները` իրենց տարեկան բյուջեից, որը տրամադրում է սպորտի նախարարությունը: Օլիմպիական կոմիտեի մասնակցությունը միայն ազգային ֆեդերացիաների հետ մեր կապն ապահովելն է: Ֆինանսական աջակցություն օլիմպիական կոմիտեն չի տրամադրում համաշխարհային ուսանողական խաղերին մասնակցելու համար: 

Մեր անմիջական աշխատանքն իրականցվում է Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հետ, քանի որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է: Բոլոր հարցերով զբաղվում է Արմեն Աշոտյանը, նա նաեւ ակնկալում է ՀՀ սպորտի նախարարի մասնակցությունը, այցելությունը Ունիվերսիադային:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով