10:14  ,  21 մայիսի, 2013

Հայաստանի GTF թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ. Առանց կանոնների մարտերում գումար են վճարում միայն իրար ծեծելու համար

Առանց կանոնների մարտերում  գումար են վճարում միայն իրար ծեծելու համար, երեխաներին մարտարվեստի տանելուց առաջ պետք է տեղակացված լինել, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց թաեքվոնդոյի Եվրասիայի  առաջնության (2004) բրոնզե մեդալակր, քիկբոքսինգի աշխարհի առաջնության (2004) բրոնզե մեդալակր, ITF թաեքվոնդոյի աշխարհի առաջնության (2010) չեմպիոն, Հայաստանի GTF թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, 7-րդ դան Արա Սարգսյանը: Նշենք, որ թաեքվոնդոյի օլիմպիական տարբերակի (WTF) համեմատ, GTF թաեքվոնդոյում մրցակիցներն իրավունք ունեն կատարել հարվածներ նաեւ ձեռքերով:

«Մեր ֆեդերացիան ստեղծվել է 2003-ին, բայց ակտիվ գործունեություն ծավալել է 2005-ից: Մենք ունենք հինգ ակումբներ, որոնցից չորսը Երեւանում են, մեկը՝ Վանաձորում: Հիմա մենք ունենք ուժեղ հավաքական, որի կազմում հանդես են գալիս Արտակ եւ Արթուր Ղամբարյանները, Ռուբեն Արզոյանը, Գրիգոր Դեմիրճյանը, Դավիթ Գյոզալյանը: Արտակ Ղամբարյանը եղբոր հետ իրենց ակումբն են բացում Սանկտ Պետերբուրգում: Նա 2011թ. Եվրասիայի առաջնության արծաթե մեդալակիր է, Ռուբեն Արզոյանը բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող է: Կանանց հավաքական դեռ չունենք, բայց աշխատում են այդ ուղղությամբ: Մեր խմբակներում աղջիկները մարզվում են անվճար:

Այս տարի Եվրոպայի գավաթի խաղարկությունում առաջին տեղ գրավեց Լեւոն Ավագյանը: Հունիսին Կիպրոսում կայանալիք աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն հինգ-վեց թաեքվոնդոիստներ: Հունիսի 1-2-ին Հայաստանում տեղի կունենա միջազգային մրցաշար, որին կմասնակցեն նաեւ Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի մարզիկները: Առաջիկայում մրցաշարի կմասնակցենք նաեւ Թբիլիսիում: Ֆինանսավորման հետ կապված բոլոր խնդիրները լուծում ենք սեփական ուժերով:

Օտարերկրացի մասնագետների սեմինարների կարիք չունենք: Հայաստանի ITF թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Աղաջանյանն ունի 8-րդ դան, ես ունեմ 7-րդ դան: Մեզ են հրավիրում սեմինարների այլ երկրներ:

Ծնողները երեխաներին մարտարվեստի տանելուց առաջ պետք է տեղակացված լինեն: Ապրում ենք ինտերնետի դարում: Չի կարելի երեխային տանել խմբակ այն մտքով, որ նա կռվել սովորի: Մարտարվեստը ոչ մի ընդհանրություն չունի դրա հետ: Մարտարվեստները ամբողջական մշակույթ են, այս կամ այն ժողովրդի պատմությունն են: Մի հետեւեք նորաձեւությանը եւ մի գնացեք առանց կանոնների մարտերի: Այնտեղ գումար են վճարում միայն իրար ծեծելու համար: Նախքան երեխային այս կամ այն ֆեդերացիայի խմբակ տանելը, պետք է հետաքրքրվել, թե այդ մարտարվեստը որ միջազգային ֆեդերացիայի մեջ է, քանի երկիր է անդամակցում, ով է այդ մարտարվեստի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Դա շատ կարեւոր է: Օրինակ՝ իմ ֆեդերացիան GTFI միջազգային ֆեդերացիայի պաշտոնական անդամ է: Մենք ունենք համապատասխան սերտիֆիկատ: Ռուսաստանում այդ ամենը շատ ավելի համակարգված է: Այնտեղ չկան այսքան նորահայտ մարտարվեստներ: Թաեքվոնդոյի Ռուսաստանի առաջնությանը մասնակցում է մինչեւ 6 հազար մարդ եւ մրցումներն ընթանում են մի քանի օր:

Նոր մարտարվեստների ստեղծման միտումը ոչ միայն Հայաստանում է: Օրինակ՝ Ադրբեջանում ստեղծել են այսպես կոչված՝ մուսուլ թաեքվոնդո: Այլ երկրներում այն չեն ճանաչում: Այժմ փորձում են այդ մարտարվեստը տարածել Վրաստանում, որտեղ ներկայացուցիչը Իգոր Դենիսենկոն է: Նա փորձել է կապ հաստատել Հայաստանի ITF թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Աղաջանյանի հետ, որն անմիջապես հրաժարվել է քննարկել որեւէ առաջարկ: Մենք չենք կարող որեւէ կապ ունենալ ադրբեջանական մարտարվեստի հետ: Դենիսենկոն մինչեւ հիմա փորձում է գործընկեր գտնել Հայաստանում, որպեսզի քարոզի այդ կեղծ մարտարվեստը»,- ասաց Արա Սարգսյանը:

Պարույր Սինյավսկի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում