12:23  ,  18 մայիսի, 2013

Հովհաննես Դանիելյան. Գնում եմ ոսկե մեդալ բերելու

«Գնում եմ ոսկե մեդալ բերելու: Ինձ համար հաղթահարելի է Երոպայի առաջնության եզրափակիչը: Հոգուս խորքում ինքս ինձանից հույսերս մեծ են: Մարզավիակս գնահատում եմ լիարժեք»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Եվրոպայի առաջնության նախկին չեմպիոն, մայիսի 30-ին Մինսկում մենկարկելիք Եվրոպայի առաջնության մասնակից, 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը:

Այս օրերին Հովհաննես Դանիելյանը Մինսկում մեկնարկելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականի հետ հավաք է անցկանում Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում:

Այս տարի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մայիսի 30-ից հունիսի 9-ը Մինսկում։ Հայաստանը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա 7 քաշային կարգերում` Հովհաննես Դանիելյան` 49 կգ, Նարեկ Աբգարյան 52 կգ, Արամ Ավագյան` 56 կգ, գյումրեցի Հովհաննես Բաչկով` 60 կգ, Էջմիածնից Արա Պուլուզյան 64 գ, Արման Հովնիկյան` 75 կգ եւ Արմեն Սիմոնյան` +91 կգ:

Հովհաննես, դու արդեն մի քանի անգամ փորձել ես քո ուժերը Եվրոպայի առաջանություններում` մեկ անգամ նվաճելով նաեւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ինչպե՞ս ես տրամադրված այս Եվրոպայի առաջնությանը:

Սա արդեն իմ հինգերորդ մասնակցությունն է Եվրոպայի առաջնությունում: Երկու անգամ բրոնզե մեդալակիր եմ դարձել, մեկ անգամ չեմպիոն եմ դարձել: Հիմա հինգերորդ մասնակցությունս է լինելու: Տեսնենք ինչ կստացվի այս անգամ: Լավ եմ տրամադրված: Մեկ անգամ արդեն զգացել եմ, թե ինչ է Եվրոպայի չեմպիոն լինելը:

Դա անբացատրելի գացողություն է, որ ունենում ես մրցման վերջում եւ հասկանում, որ այդքանի միջից հաղթողը դու ես, բոլորին հաղթել ես: Եվրոպայի չեմպիոն լինել նշանակում է ճանաչել տալ քո երկիրը: Հայաստանի դրոշը երբ բարձրանում է, մեր երկրի հիմնը  հնչում է, դա ամեն ինչ է մարզիկի համարի: Հասկանում ու գիտակցում ես, որ պայքարդ իր նպատակին ծառայեց, այն դժարությունները, որոնք տարել ես մարզումների եւ մրցումնրի ժամանակ, անտեղի չէին:

Ի՞նչ կասես առաջիկա Եվրոպայի առաջնության մասին:

Այս Եվրոպայի առաջնությանը առանձնահատուկ ենք նախապատրաստվել բոլորս էլ: Արդեն մի քանի փուլ հավաքներ ենք անցկացնում: Նախ՝ անցկացրեցինք մեծ հավաք Ծաղկաձորում, որտեղ մեզ հետ համատեղ հավաք էր անցկացնում նաեւ Ռուսաստանի հավաքականը: Ծաղկաձորի մարզաբազայից հետո եւս մեկ շաբաթ մնացինք Ծաղկաձորում եւ շարունակեցինք մազրվել: Հիմա շարունակում ենք մարզումները Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում: Մի քանի օրից մեկնելու ենք Կիեւ, որտեղ կունենանք 10-օրյա հավաք: Այնտեղ մեզ հետ հավաքների կլինեն նաեւ Իռլանդինայի, Ադրբեջանի, Իսրայելի հավաքականները:

Ինչպե՞ս ես նախապատրաստած այս առաջնությանը:

Շատ լավ մարզավիճակում եմ այժմ գտվում: Վնասվածքներ չունեմ: Որոշ ժամանակ առաջ ունեի ուսի վնասվածք, սակայն այժմ ապաքինվել եմ: Պետք  է որ ամեն ինչ լավ լինի այս մարզավիճակում:

Ի՞նչ ակնկալիք ունես Եվրոպայի առաջնությունից:

Գնում եմ ոսկե մեդալ բերելու: Համարում եմ, որ ինձ համար հաղթահարելի է Երոպայի առաջնության եզրափակիչը: Հոգուս խորքում ինքս ինձանից հույսերը մեծ են: Իմ մարզավիճակը գնահատում եմ լիարժեք: Այս տարի, չգիտեմ ինչու, ինձանից ավելին եմ սպասում, քան կարող եմ, միայն թե ամեն ինչ հաջող ընթանա: Ամեն ինչ կախված է մեր մասնակցությունից: Ամեն ինչ կանեմ չեմպիոն դառնալու համար:

Քո կյանքում ի՞նչ դեր ունի բնռցքամարտը:

Առաջնային դերում է այս մարզաձեւն իմ կյանքում: Ամբողջ կյանքս բռնցքամարտում եմ, հասցրել եմ լիովին նվիրվել այս մարզաձեւին: Արդեն 26 տարեկան եմ, ութ տարեկանից սկսել եմ զբաղվել բռնցքամարտով: Վստահ եմ ասում, որ այս մարզաձեւն իմ կյանքում առաջնային տեղում է, քանի որ նաեւ ամուսնացել եմ, անձնական կյանքս եմ դասավորել: Այնպես է ստացվել, որ մարզաձեւը չի խանգարել անձնական կյանք դասավորելուն: Դա այն է, ինչին ես ձգտել եմ: Դեռեւս երեխաներ չունեմ: Բայց եթե տղա ունենամ եւ հասկանամ, որ նա եւս անտարբեր չէ այս մարզաձեւի հանդեպ, ամեն ինչ կանեմ, որ խորությամբ զբաղվի բռնցքամարտով: Ես հասկանում եմ նաեւ, որ սպորտում շատ դժվարություններ կան, ինքս անցել եւ անցնում եմ այդ ամենի միջով, բայց այդքանը գիտակցելով իմ տղային հետ չեմ պահի այդ դժվարություններից: Սպորտը լավ բան է, եւ յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի սպորտով:

Իսկ կինդ չի խանդո՞ւմ կաշվե ձեռնոցներին:

Ոչ, այդ հարցն էլ ենք կարգավորել: Ամեն ինչ նորմալ է (ծիծաղում է):

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով