12:23 18 մայիսի, 2013«Գնում եմ ոսկե մեդալ բերելու: Ինձ համար հաղթահարելի է Երոպայի առաջնության եզրափակիչը: Հոգուս խորքում ինքս ինձանից հույսերս մեծ են: Մարզավիակս գնահատում եմ լիարժեք»:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Եվրոպայի առաջնության նախկին չեմպիոն, մայիսի 30-ին Մինսկում մենկարկելիք Եվրոպայի առաջնության մասնակից, 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը:
Այս օրերին Հովհաննես Դանիելյանը Մինսկում մեկնարկելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականի հետ հավաք է անցկանում Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում:
Այս տարի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մայիսի 30-ից հունիսի 9-ը Մինսկում։ Հայաստանը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա 7 քաշային կարգերում` Հովհաննես Դանիելյան` 49 կգ, Նարեկ Աբգարյան 52 կգ, Արամ Ավագյան` 56 կգ, գյումրեցի Հովհաննես Բաչկով` 60 կգ, Էջմիածնից Արա Պուլուզյան 64 գ, Արման Հովնիկյան` 75 կգ եւ Արմեն Սիմոնյան` +91 կգ:
Հովհաննես, դու արդեն մի քանի անգամ փորձել ես քո ուժերը Եվրոպայի առաջանություններում` մեկ անգամ նվաճելով նաեւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ինչպե՞ս ես տրամադրված այս Եվրոպայի առաջնությանը:
Սա արդեն իմ հինգերորդ մասնակցությունն է Եվրոպայի առաջնությունում: Երկու անգամ բրոնզե մեդալակիր եմ դարձել, մեկ անգամ չեմպիոն եմ դարձել: Հիմա հինգերորդ մասնակցությունս է լինելու: Տեսնենք ինչ կստացվի այս անգամ: Լավ եմ տրամադրված: Մեկ անգամ արդեն զգացել եմ, թե ինչ է Եվրոպայի չեմպիոն լինելը:
Դա անբացատրելի գացողություն է, որ ունենում ես մրցման վերջում եւ հասկանում, որ այդքանի միջից հաղթողը դու ես, բոլորին հաղթել ես: Եվրոպայի չեմպիոն լինել նշանակում է ճանաչել տալ քո երկիրը: Հայաստանի դրոշը երբ բարձրանում է, մեր երկրի հիմնը հնչում է, դա ամեն ինչ է մարզիկի համարի: Հասկանում ու գիտակցում ես, որ պայքարդ իր նպատակին ծառայեց, այն դժարությունները, որոնք տարել ես մարզումների եւ մրցումնրի ժամանակ, անտեղի չէին:
Ի՞նչ կասես առաջիկա Եվրոպայի առաջնության մասին:
Այս Եվրոպայի առաջնությանը առանձնահատուկ ենք նախապատրաստվել բոլորս էլ: Արդեն մի քանի փուլ հավաքներ ենք անցկացնում: Նախ՝ անցկացրեցինք մեծ հավաք Ծաղկաձորում, որտեղ մեզ հետ համատեղ հավաք էր անցկացնում նաեւ Ռուսաստանի հավաքականը: Ծաղկաձորի մարզաբազայից հետո եւս մեկ շաբաթ մնացինք Ծաղկաձորում եւ շարունակեցինք մազրվել: Հիմա շարունակում ենք մարզումները Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում: Մի քանի օրից մեկնելու ենք Կիեւ, որտեղ կունենանք 10-օրյա հավաք: Այնտեղ մեզ հետ հավաքների կլինեն նաեւ Իռլանդինայի, Ադրբեջանի, Իսրայելի հավաքականները:
Ինչպե՞ս ես նախապատրաստած այս առաջնությանը:
Շատ լավ մարզավիճակում եմ այժմ գտվում: Վնասվածքներ չունեմ: Որոշ ժամանակ առաջ ունեի ուսի վնասվածք, սակայն այժմ ապաքինվել եմ: Պետք է որ ամեն ինչ լավ լինի այս մարզավիճակում:
Ի՞նչ ակնկալիք ունես Եվրոպայի առաջնությունից:
Գնում եմ ոսկե մեդալ բերելու: Համարում եմ, որ ինձ համար հաղթահարելի է Երոպայի առաջնության եզրափակիչը: Հոգուս խորքում ինքս ինձանից հույսերը մեծ են: Իմ մարզավիճակը գնահատում եմ լիարժեք: Այս տարի, չգիտեմ ինչու, ինձանից ավելին եմ սպասում, քան կարող եմ, միայն թե ամեն ինչ հաջող ընթանա: Ամեն ինչ կախված է մեր մասնակցությունից: Ամեն ինչ կանեմ չեմպիոն դառնալու համար:
Քո կյանքում ի՞նչ դեր ունի բնռցքամարտը:
Առաջնային դերում է այս մարզաձեւն իմ կյանքում: Ամբողջ կյանքս բռնցքամարտում եմ, հասցրել եմ լիովին նվիրվել այս մարզաձեւին: Արդեն 26 տարեկան եմ, ութ տարեկանից սկսել եմ զբաղվել բռնցքամարտով: Վստահ եմ ասում, որ այս մարզաձեւն իմ կյանքում առաջնային տեղում է, քանի որ նաեւ ամուսնացել եմ, անձնական կյանքս եմ դասավորել: Այնպես է ստացվել, որ մարզաձեւը չի խանգարել անձնական կյանք դասավորելուն: Դա այն է, ինչին ես ձգտել եմ: Դեռեւս երեխաներ չունեմ: Բայց եթե տղա ունենամ եւ հասկանամ, որ նա եւս անտարբեր չէ այս մարզաձեւի հանդեպ, ամեն ինչ կանեմ, որ խորությամբ զբաղվի բռնցքամարտով: Ես հասկանում եմ նաեւ, որ սպորտում շատ դժվարություններ կան, ինքս անցել եւ անցնում եմ այդ ամենի միջով, բայց այդքանը գիտակցելով իմ տղային հետ չեմ պահի այդ դժվարություններից: Սպորտը լավ բան է, եւ յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի սպորտով:
Իսկ կինդ չի խանդո՞ւմ կաշվե ձեռնոցներին:
Ոչ, այդ հարցն էլ ենք կարգավորել: Ամեն ինչ նորմալ է (ծիծաղում է):
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.