17:15  ,  24 ապրիլի, 2013

Հայաստանի թիմը չորս հաղթանակ տարավ Վրաստանում

Հանդբոլի կանանց Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Թբիլիսիում ստուգողական խաղեր է անցկացրել Վրաստանի իրենց հասակակիցների հետ եւ միայն հաղթանակներ տարել, հայտնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի կայքը:

Հայաստան - «Կվարելի»` 30:20

Հայաստան - «Մարտվե»` 28:20

Հայաստան - «Իմեդի»` 35:28

Հայաստան - Թբիլիսի` 30:21

Հայաստանի հավաքականը պատրաստվում է մայիսի 17-19-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվելիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Հայաստանի հավաքականն ընդգրկված է 5-րդ խմբում եւ մայիսի 17-ին, 18-ին, 19-ին մրցելու է Ավստրիայի, Հոլանդիայի, Բուլղարիայի թիմերի հետ:

Հայաստանի հավաքականի մարզիչներն են Անահիտ Հարությունյանը եւ Աստղիկ Գյուրջինյանը: Մարզումները սկսվել են 2012թ. նոյեմբերից Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում եւ «Հայաստան» մարզական միության աթլետիկայի դահլիճում:

«Թիմի խաղացողների մեծ մասը նախկինում մեր երկրի տարբեր տարիքային խմբերի հավաքականների կազմերում միջազգային ստուգատեսների է մասնակցել: Հայաստանից 15 մարզուհի է նախապատրաստվում: 3 մարզուհի կմիանա Ֆրանսիայից: Հավաքականն  ունի դարպասապահի խնդիր: Թիմի հիմնական դարպասապահ Անուշ Բիլյանը վնասվածք էր ստացել եւ վիրահատվել: Նոր դարպասապահը խաղային փորձի պակաս ունի: Ֆրանսիայից մեզ է միանալու մեր հայրենակից դարպասապահ, սակայն գործում այդ մարզուհուն տեւական ժամանակ չենք տեսել: Նա խաղացել է Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականում:Մեր թիմն ամբողջական կազմով մրցավայրում կհավաքվի: Թիմի միջին հասակը 170 սմ է, իսկ դա լավ ցուցանիշ է: Հույս ունեմ, որ Հայաստանի հավաքականը պատվով դուրս կգա փորձությունից»,- ՀՀՖ կայքին ասել է Աստղիկ Գյուրջինյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում