20:22  ,  4 ապրիլի, 2012

«Հատիսը» կրկին կուրախացնի եւ դահլիճ կվերադարձնի երկրպագուներին. հարցազրույց

«Հատիսը» վերադառնալու է ուժեղացած եւ նոր թափով: Հանդես ենք գալու նոր կազմով: Պահեստայինների նստարանը պետք է երկարացվի: Եթե 4-5-ը Հայաստանի բասկետբոլիստուհիներն են, մոտ 10-ն էլ լեգեոնական պետք է լինեն: Հույս ունեմ, որ այս անգամ էլ կապացուցենք, որ ճիշտ ենք աշխատում, ճիշտ կադրեր ընտրում: «Հատիսը» կրկին կուրախացնի եւ դահլիճ կվերադարձնի երկրպագուներին։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հետ:

Ֆեդերացիայի նախագահը մեկնաբանեց նաեւ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի վերջերս հնչեցրած միտքը, թե «Հատիսը» բիզնես նախագիծ է.

«Այս հարցին ես մեկ անգամ շատ կոպիտ անդրադարձել եմ, բայց նորից կրկնեմ: Ես այդ միտքը որպես վիրավորանք եմ ընդունել եւ ընդունում: Ինչպե՞ս չընդունեմ, նայած ասելու ձեւին… Գիտե՞ք, երբ մեկը մի բան անում է, մենք` հայերս, փոխանակ օգնենք այդ մեկին, ոտքերից քաշում ենք, որ հանկարծ չանի: Այսօր յուրաքանչյուր սպորտային կազմակերպություն, եթե ֆինանսական ինչ-որ դիվիդենտ չբերի, նա ուղղված է կործանման: Խոսքը մասնավորապես վերաբերում է ակումբային կազմակերպություններին: «Հատիսը» ոչ թե բիզնես ծրագիր է, այլ շոգեքարշ է մյուս խաղային մարզաձեւերի համար: Մենք հանդբոլին ցույց տվեցինք ճանապարհ: Եղբա'յր, ուզու՞մ ես հանդբոլը զարգանա, ուզու՞մ ես, որ մարզվող երեխաները 2000-ից դառնան 10000՝ սա է ճանապարհը. պետք է դրսից խաղացող բերես, գումար ծախսես, ճիշտ PR անես, ժողովուրդը սիրի քո սպորտաձեւը, երեխային ուղարկի այդ սպորտին: Սա պրիմիտիվ ճանապարհ է: Մենք քայլ առ քայլ թե հանդբոլի ֆեդերացիային, թե մնացած մարզաձեւերին ցույց տվեցինք, որ այս ճանապարհն է զարգացնում սպորտը: Ուզում եմ հավատալ, որ պարոն Գրիգորյանն այդ մտքով չի ասել, բայց ամեն մարդ պետք է ուշադիր լինի իր խոսքերի մեջ»:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը զբաղեցնում է նաեւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Որքանո՞վ է ֆեդերացիայի նախագահը օգտագործում իր պաշտոնը «Հատիսի» եւ բասկետբոլի զարգացման համար.

«Ուղիղ չեմ կարող օգնել, բայց անուղղակի օգնում եմ: Գալով ՀԱՕԿ` ես բասկետբոլով ավելի քիչ եմ զբաղվում, սակայն միեւնույն ժամանակ դրսի կապերը անուղղակի օգնում են բասկետբոլին: Ես ձեր հարցի ենթատեքստը հասկանում եմ. ուզում եք իմանալ` Գագիկ Ծառուկյանը աջակցո՞ւմ է բասկետբոլին, թե՞ ոչ` հաշվի առնելով իմ ներկայությունը ՀԱՕԿ-ում: Պարոն Ծառուկյանը 2006-ին էլ է աջակցել բասկետբոլին, 2007-ին էլ,  2008-ին էլ,  2009-ին , 2010-ին էլ, այսինքն` մինչեւ այն, որ ես նշանակվել եմ այս պաշտոնին: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար դառնալուցս հետո էլ պարոն Ծառուկյանը աջակցել եւ շարունակում է աջակցել բասկետբոլին: Եթե կա արդյունք որեւէ սպորտաձեւում՝ պարտադիր չի լինի միայն բասկետբոլը, ապա ՀԱՕԿ-ն անպայման աջակցում է: Ավելին՝ եթե որեւէ մարզաձեւի ֆեդերացիայում սխալ է տեղի ունենում, տվյալ ֆեդերացիայի նախագահին, գուցե պարոն Ծառուկյանը մեղմ նկատողություն անի, բայց բասկետբոլի ֆեդերացիային ավելի խիստ է անում»:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Լուսանկարը՝ youth.am-ի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով