20:22 4 ապրիլի, 2012«Հատիսը» վերադառնալու է ուժեղացած եւ նոր թափով: Հանդես ենք գալու նոր կազմով: Պահեստայինների նստարանը պետք է երկարացվի: Եթե 4-5-ը Հայաստանի բասկետբոլիստուհիներն են, մոտ 10-ն էլ լեգեոնական պետք է լինեն: Հույս ունեմ, որ այս անգամ էլ կապացուցենք, որ ճիշտ ենք աշխատում, ճիշտ կադրեր ընտրում: «Հատիսը» կրկին կուրախացնի եւ դահլիճ կվերադարձնի երկրպագուներին։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հետ:
Ֆեդերացիայի նախագահը մեկնաբանեց նաեւ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի վերջերս հնչեցրած միտքը, թե «Հատիսը» բիզնես նախագիծ է.
«Այս հարցին ես մեկ անգամ շատ կոպիտ անդրադարձել եմ, բայց նորից կրկնեմ: Ես այդ միտքը որպես վիրավորանք եմ ընդունել եւ ընդունում: Ինչպե՞ս չընդունեմ, նայած ասելու ձեւին… Գիտե՞ք, երբ մեկը մի բան անում է, մենք` հայերս, փոխանակ օգնենք այդ մեկին, ոտքերից քաշում ենք, որ հանկարծ չանի: Այսօր յուրաքանչյուր սպորտային կազմակերպություն, եթե ֆինանսական ինչ-որ դիվիդենտ չբերի, նա ուղղված է կործանման: Խոսքը մասնավորապես վերաբերում է ակումբային կազմակերպություններին: «Հատիսը» ոչ թե բիզնես ծրագիր է, այլ շոգեքարշ է մյուս խաղային մարզաձեւերի համար: Մենք հանդբոլին ցույց տվեցինք ճանապարհ: Եղբա'յր, ուզու՞մ ես հանդբոլը զարգանա, ուզու՞մ ես, որ մարզվող երեխաները 2000-ից դառնան 10000՝ սա է ճանապարհը. պետք է դրսից խաղացող բերես, գումար ծախսես, ճիշտ PR անես, ժողովուրդը սիրի քո սպորտաձեւը, երեխային ուղարկի այդ սպորտին: Սա պրիմիտիվ ճանապարհ է: Մենք քայլ առ քայլ թե հանդբոլի ֆեդերացիային, թե մնացած մարզաձեւերին ցույց տվեցինք, որ այս ճանապարհն է զարգացնում սպորտը: Ուզում եմ հավատալ, որ պարոն Գրիգորյանն այդ մտքով չի ասել, բայց ամեն մարդ պետք է ուշադիր լինի իր խոսքերի մեջ»:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը զբաղեցնում է նաեւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Որքանո՞վ է ֆեդերացիայի նախագահը օգտագործում իր պաշտոնը «Հատիսի» եւ բասկետբոլի զարգացման համար.
«Ուղիղ չեմ կարող օգնել, բայց անուղղակի օգնում եմ: Գալով ՀԱՕԿ` ես բասկետբոլով ավելի քիչ եմ զբաղվում, սակայն միեւնույն ժամանակ դրսի կապերը անուղղակի օգնում են բասկետբոլին: Ես ձեր հարցի ենթատեքստը հասկանում եմ. ուզում եք իմանալ` Գագիկ Ծառուկյանը աջակցո՞ւմ է բասկետբոլին, թե՞ ոչ` հաշվի առնելով իմ ներկայությունը ՀԱՕԿ-ում: Պարոն Ծառուկյանը 2006-ին էլ է աջակցել բասկետբոլին, 2007-ին էլ, 2008-ին էլ, 2009-ին , 2010-ին էլ, այսինքն` մինչեւ այն, որ ես նշանակվել եմ այս պաշտոնին: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար դառնալուցս հետո էլ պարոն Ծառուկյանը աջակցել եւ շարունակում է աջակցել բասկետբոլին: Եթե կա արդյունք որեւէ սպորտաձեւում՝ պարտադիր չի լինի միայն բասկետբոլը, ապա ՀԱՕԿ-ն անպայման աջակցում է: Ավելին՝ եթե որեւէ մարզաձեւի ֆեդերացիայում սխալ է տեղի ունենում, տվյալ ֆեդերացիայի նախագահին, գուցե պարոն Ծառուկյանը մեղմ նկատողություն անի, բայց բասկետբոլի ֆեդերացիային ավելի խիստ է անում»:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
Լուսանկարը՝ youth.am-ի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.