10:49  ,  4 ապրիլի, 2013

Մուսլին. Մովսիսյանը հիանալի համապատասխանում է «Սպարտակի» խաղաոճին

Յուրա Մովսիսյանին հաջողություն եմ մաղթում՝ ցանկանալով, որ նա դառնա առաջնության լավագույն ռմբարկուն, բայց Վանդերսոնից հետո, հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը: Սերբ մասնագետն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքական 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի նորամուտին Մոսկվայի «Սպարտակում»:

«Ես դիտել եմ Յուրայի մասնակցությամբ «Սպարտակի» բոլոր՝ 3 խաղերը: Առաջին խաղում Մովսիսյանն իրեն հիանալի դրսեւորեց, սակայն նա դեռ պետք է հարմարվի նոր թիմի խաղին: Որոշ ֆուտբոլիստներ, չկարողանալով գոլեր խփել, ճգնաժամային իրավիճակում են հայտնվում, բայց չեմ կարծում, որ Մովսիսյանի մոտ հիմա այդպիսի շրջան է: Յուրան պետք է լավ մարզավիճակ ձեռք բերի, քանի որ առաջնության երկրորդ հատվածի նախապատրաստական փուլում նա ստացել էր վնասվածք, ինչը թույլ չտվեց մարզվել ամբողջ ուժով: Այդ իսկ պատճառով նրան ժամանակ է հարկավոր: Մովսիսյանի խաղային որակաների վրա ես չեմ կասկածում. նա հիանալի համապատասխանում է «Սպարտակի» խաղաոճին: Յուրային հաջողություն եմ մաղթում՝ ցանկանալով, որ նա դառնա առաջնության լավագույն ռմբարկուն, բայց Վանդերսոնից հետո: Մովսիսյանը հենց սկզբից ցանկանում էր խաղալ մի թիմում, որը կպայքարի չեմպիոնության եւ Եվրոպայի լիգայի ուղեգրի համար: Այդ պատճառով մենք բաց թողեցինք նրան»,- Մուսլինի խոսքը փոխանցում է Sportsdaily.ru-ն:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը խփած 12 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Վանդերսոնը խփել է 11 գնդակ, իսկ Մախաչկալայի «Անժիի» հարձակվող Լասինա Տրաորեն ու «Զենիթի» ռմբարկու Ալեքսանդր Կերժակովը՝ 10-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով