«Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնն է, նա կլինի ֆավորիտը: Բայց մենք մենամարտելու ենք ինձ մոտ՝ Մագդեբուրգում: Հանդիսատեսը ինձ կսատարի, եւ հուսամ՝ սեփական պատերը կօգնեն ինձ: Կարծում եմ՝ հնարավորությունները հավասար են»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը:
Մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի կունենա Ռոբերտ Շտիգլիցը - Արթուր Աբրահամի ռեւանշ մենամարտը:
Ռոբերտ, Աբրահամի հետ Ձեր վերջին մարտից հետո անցել է կես տարի: Ինչպե՞ս եք անցկացրել այդ ժամանակը: Հասցրե՞լ եք վերականգնվել:
Այո, ես ամբողջովին վերականգնվել եմ: Մարզիչներիս հետ վերլուծել ենք մենամարտը, աշխատել ենք սխալներիս վրա: Որոշ խնդիրներ ենք պարզել եւ պատրատսվում ենք մենամարտին:
Կարո՞ղ եք ասել, որ ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ եք մենամարտին:
Այո: Հոգեպես վաղուց էի պատրաստ: Վերջին շաբաթները սպարինգներ էի անցկացնում: Այժմ պատրաստ եմ նաեւ ֆիզիկապես:
Թե ինչպես եք պատրաստվել ֆիզիկապես, մենք կարող ենք պատկերացնել: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք տրամադրում Ձեզ հոգեպես, հոգեբանորեն: Ունե՞ք հատուկ մեթոդներ դրա համար:
Կան մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ: Նրանք ինձ խորհուրդներ են տալիս, ես նրանց վստահում եմ: Լավ երաժշտությունը նույնպես ինձ ոգեշնչում է: Իմ ընկերները, եղբայրները ինձ միշտ դրական էներգիա են փոխանցում: Ընկերուհիս նույնպես միշտ ինձ աջակցում է: Ինձ սատարելու կգան շատ երկրպագուներ Ռուսաստանից եւ Ղազախստանից եւ կունենան իրենց ներդրումը իմ աջակցության հարցում:
Իսկ ի՞նչ երաժշտություն եք սիրում լսել:
Կոնկրետ նախընտրած ոճ չունեմ: Սիրում եմ լսել Լեպսին, հատկապես նրա «Я уеду жить в Лондон» երգը: Սիրում եմ լսել Բաստային: Նա նույնպես Ռոստովի մոտից է, այդ պատճառով, նրա երգերը լավ եմ հասկանում: Սիրում եմ նաեւ «Русский размер»: Մի քիչ հնացած խումբ է, բայց ես լսում եմ:
Օգոստոսի մենամարտից հետո, Դուք ասել էիք, թե մրցավարությունը արդար չէր: Դուք իսկապես այդպե՞ս էիք մտածում, թե՞ բարկացած էիք:
Գուցե բարկացած էի: Ես աշխարհի չեմպիոնն էի, եւ դա հավասար մենամարտ էր: Երբ միավորները հավասար են, առավելությունը գնում է չեմպիոնի կողմը: Արթուրին օգնեցին սեփական պատերը, նրա հանդիսատեսը: Բայց ես մինչեւ հիմա էլ լիովին չեմ կարող ասել, որ պարտվել եմ այդ մենամարտում:
Մարտից հետո Աբրահամն ասաց, որ Դուք շնորհավորել եք նրան արժանի հաղթանակի առթիվ: Եղե՞լ է այդպիսի բան:
Այո, ես մոտեցա եւ շնորհավորեցի: Մենք սովորական, նորմալ մարզիկներ ենք, ովքեր պետք է հարգեն մրցավարի որոշումը: Ինչո՞ւ վիճարկել: Սա սպորտ է, պետք է այդպիսի բաները շեշտադրել (շնորհավորելը):
Անցյալ տարի, չնայած Դուք աշխարհի գործող չեմպիոնն էիք, բուքմեյքերներն ու մասնագետները նախապատվությունը տալիս էին Աբահամին: Ըստ Ձեզ, ո՞վ կլինի այս անգամ ֆավորիտը, եթե հաշվի առնենք, որ Դուք մենամարտելու եք տանը:
Մի քիչ խառն է: Արթուրը աշխարհի չեմպիոնն է, նա կլինի ֆավորիտը: Բայց մենք մենամարտելու ենք ինձ մոտ՝ Մագդեբուրգում: Հանդիսատեսը ինձ կսատարի, եւ հուսամ՝ սեփական պատերը կօգնեն ինձ: Կարծում եմ՝ հնարավորությունները հավասար են, բայց կրկնվեմ՝ նախապավությունը կտան Արթուրին, քանի որ նա աշխարհի չեմպիոնն է:
Ինչպիսի՞ տպավորություն թողեց Աբրահամի մենամարտը դեկտեմբերին Մեհդի Բուդլայի դեմ, երբ նա պաշտպանում էր իր տիտղոսը: Շատերն այն կարծիքի էին, որ Արթուրին հեշտ տրվեց հաղթանակը, քան որ մրցակիցը թույլ էր:
Ես դահլիճում նստած էի՝ առաջին շարքերում: Արթուրը մենամարտեց իր հնարավորությունների չափով՝ առանց բացելու իր հաղթաթղթերը: Նա նախապես հաղթեց: Հաղթողին չեն դատում: Դա լավ մենամարտ էր: Կարծում եմ՝ կարիք չկա քննարկել չեմպիոնին:
Հիշում եմ, երբ օգոստոսի մենամարտի մեկնաբանները ասում էին, թե Արթուրն ավելի ագրեսիվ է տրամադրված: Դուք թերագնահատե՞լ էիք մրցակցին, թե՞ իր դերն ունեցավ Ձեր աչքի վնասվածքը:
Ագրեսիվությունը կապ չունի: Մենք երկուսս էլ կարող ենք մենամարտել ագրեսիվ ոճով: Ես հենց այդպես էլ պատկերացնում էի այդ մարտը: Գուցե դեր խաղաց վնասվածքս: Ես վատ էի տեսնում մեկ աչքով: Դա ինձ հաշմանդամ դարձրեց:
Ասացիք, որ Ձեր մարզիչների հետ քննարկել եք սխալները: Շա՞տ սխալներ ունեիք:
Չեմ ցանկանում խոսել դրանց մասին: Ավելի լավ է աշխատել, քան թե խոսել սխալների մասին: Արթուրը լավ մենամարտ անցկացրեց: Իսկ սխալները միշտ կան եւ կլինեն: Մեծ դեր խաղացին իմ վնասվածքները:
Ռոբերտ, շատ մարզիկներ ասում են, թե մարտից առաջ պետք է մրցակցին հոգեպես հաղթել: Ձեզ մոտ լինո՞ւմ է այդպես, որ խաղից առաջ հայացքից կամ պահվացքից հասկանանք, որ մրցակիցը պատրաստ չէ:
Արթուրը եւ ես վաղուց ենք այս բիզնեսում: Եվ այդպիսի բաներին առանձնահատուկ ուշադրություն չենք դարձնում: Մենք գիտենք, որ պետք է մենամարտենք եւ տալիս ենք ամեն բան դրա համար: Իսկ հայացքով կամ պահվածքով դժվար թե ինչ-որ բանի հասնել լինի: Մենք կյանքի այդ փուլն անցել ենք:
Արդեն ասացիք, որ մենամարտելու եք տանը եւ սեփական պատերը օգնում են: Պրոֆեսիոնալ մարզիկի համար դա մե՞ծ նշանակություն ունի, թե՞ միեւնույն է որտեղ մենամարտել:
Դա խաղում է դեր: Սեփական պատերը օգնում են: Օրինակ` երբ Մյունխենի «Բավարիան» խաղում է տանը, երկրպագուների աջակցությունը օգնում է նրանց, նույն էլ մեզ մոտ է:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում