21:29  ,  1 ապրիլի, 2012

Արթուր Աբրահամի բացառիկ հարցազրույցը NEWS.am Sport-ին

Մարտի 31-ին Գերմանիայի Քիլ քաղաքում անցկացված մենամարտում Արթուր Աբրահամը իր մարզական կարիերայում տարավ 34-րդ հաղթանակը: Մենամարտը ցույց տվեց, որ լեհ Պետր Վիլշեւսկին շատ լավ էր պատրաստված ֆիզիկապես, եւ իզուր չէ, որ բաց թողնելով մի շարք ուժեղ հարվածներ, Վիլշեւսկին ռինգի հատակին չհայտնվեց, ու մենամարտի վերջանական որոշումը կայացրին մրցավարները, որոնք միաձայն հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին: Հաղթանակից հետո NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է արդեն WBO վարկածով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Արթուր Աբրահամի հետ:

Արթուր, շնորհավորում ենք քեզ հաղթանակի կապակցությամբ:

Շատ շնորհակալ եմ: Ես գիտեմ, որ Հայաստանում ունեմ շատ երկրպագուներ, եւ իմ հաղթանակները նրանք ինձ հետ հավասար տոնում են: Իմ երկրպագուների աջակցությունը ես միշտ զգում եմ, եւ դա, բնականաբար, նոր լիցք է տալիս յուրաքանչյուր մենամարտից առաջ: 

Ի՞նչ կասես մենամարտի մասին: Դժվա՞ր էր:

Իհարկե դժվար էր: Ես մենամարտից առաջ էլ նշել էի, որ Վիլշեւսկին ուժեղ մրցակից է, եւ կարծում եմ` մենամարտին հետեւողները համոզվեցին դրանում: Ճիշտ է, ես բազմաթիվ հարվածներ կարողացա հասցնել նպատակին, սակայն Վիլշեւսկին հենց իր ֆիզիկական շատ լավ վիճակի արդյունքում այդպես էլ չընկավ: Բացի դրանից, ինձ համար շատ կարեւոր մենամարտ էր բոլոր առումներով: Նման մենամարտերում է դրվում մյուս ու կարեւոր մարտերին նախապատրաստվելու հիմքը:

Եթե ավելի մանրամասնես, ինչո՞վ էր կարեւոր այս մարտը:

Նախ եւ առաջ մարտը տեւեց 12 ռաունդ, եւ դա ինձ հնարավորություն տվեց հասկանալ, թե ինչպես պետք է անցկացնել մարտը` հավասարաչափ տեղաբաշխելով ուժերս: Բացի այդ, կարծում եմ, տեսաք, որ իմ մարտավարության մեջ փոփոխություններ կային, եւ այդ ամենը նույնպես ես կարողացա գործնականում հասկանալ: Վիլշեւսկին շատ լավ մրցակից էր, եւ այդ պատճառով էլ ես ուրախ եմ, որ կարողացա հաղթանակ տանել նրա կարգի մրցակցի նկատմամբ:

Ապագա ծրագրերը արդեն հայտնի՞ են:

Կարող եմ ասել, որ համարյա թե հաստատ ես կմենամարտեմ օգոստոսին եւ արդեն աշխարհի չեմպիոնի կոչման համար դուրս կգամ ռինգ: Աշխարհի չեմպիոնի կոչումը WBO վարկածով հիմա կրում է գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը: Հիմա Շտիգլիցը մեկ մենամարտ ունի անցկացնելու, եթե այդ մարտում գերմանացին հաղթանակի հասնի, ապա օգոստոս ամսին հենց նրա հետ կմենամարտեմ:

Ժամանակին տեղեկություն կար, որ Շտիգլիցը մենամարտելու է Միկել Կեսլերի հետ:

Կեսլերը փոխել է իր քաշային կարգը` տեղափոխվելով ավելի ծանր քաշային կարգ: Դրա համար էլ Շտիգլիցի հետ իմ մենամարտը անցկացնելը արդեն համարյա կայացած փաստ է, քանի որ մենք երկուսս էլ հանդես ենք գալիս երկրորդ միջին քաշային կարգում:

Մենք քեզ նոր հաղթանակներ ենք ցանկանում:

Շնորհակալ եմ NEWS.am Sport-ին իմ մենամարտերին նման վերաբերմունք ցուցաբերելու համար: Թեկուզ կրկնվում եմ, բայց նորից ասեմ, որ երբ ես իմ համակարգչով մուտք եմ գործում ինտերնետ, անմիջապես բացվում է NEWS.am կայքը, ընդ որում ես կարդում եմ ձեր կայքում ոչ միայն սպորտային նորությունները:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Լուսանկարը՝ Arthur-abraham.de

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով