16:21  ,  9 հունվարի, 2013

ՀՖՖ-ն Վարդան Մինասյանին թույլ չի տվել գլխավորել «Կուբանը»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Կրասնոդարի «Կուբանի» նոր գլխավոր մարզիչի թեկնածուների թվում է եղել:

«Известия»-ն գրում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) չի ցանկացել, որ Մինասյանը գլխավորի կրասնոդարյան ակումբը: ՀՖՖ-ն դեռ չի պլանավորում դադարեցնել համագործակցությունը Մինասյանի հետ եւ ցանկանում է, որ երիտասարդ մարզիչը ողջ ուշադրությունը սեւեռի Հայաստանի հավաքականի վրա:

Յուրի Կրասնոժանի հեռացումից հետո «Կուբանի» ղեկավարության համար առաջնային եւ ցանկալի տարբերակ է եղել Վարդան Մինասյանի նշանակումն ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում, սակայն 38-ամյա մասնագետը հրաժարվել է՝ կատարելով ՀՖՖ-ի ղեկավարության պահանջը:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին բելառուս մասնագետ Լեոնիդ Կուչուկը պաշտոնապես ներկայացվել էր Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում