16:02  ,  28 հոկտեմբերի, 2026

Հակոբ Սերոբյան. Արդյունքները գնահատում եմ գերազանց, հաջորդ նպատակը օլիմպիական ոսկե մեդալն է

Աշխարհի առաջնության արդյունքները գնահատում եմ գերազանց: Այսպիսի արդյունք չէինք ունեցել՝ 4 մասնակից եւ 4 մեդալ: Նույնիսկ մի պահ մոռացել էինք, որ աշխարհի առաջնությունում ենք, երբ սկսեցինք մեդալներ նվաճել: Հաջորդ նպատակը եւ խնդիրը օլիմպիական ոսկե մեդալն է: Օլիմպիական չեմպիոն էլ ունենանք, նոր հանգիստ կլինեմ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 4 մասնակցով նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե եւ 2 բրոնզե: Աշխարհի չեմպիոններ դարձան Համլետ Մանուկյանը (նժույգ թափեր) եւ Արթուր Դավթյանը (հենացատկում): Բրոնզե մեդալներ նվաճեցին Մամիկոն Խաչատրյանը (նժույգ թափեր) եւ Արթուր Ավետիսյանը (օղակներ):

«Աշխարհի առաջնության արդյունքները գնահատում եմ գերազանց: Այսպիսի արդյունք չէինք ունեցել՝ 4 մասնակից եւ 4 մեդալ: Նույնիսկ մի պահ մոռացել էինք, որ աշխարհի առաջնությունում ենք, երբ սկսեցինք մեդալներ նվաճել: Օրինակ՝ Արթուր Ավետիսյանի բրոնզե մեդալն այնքան բարձր արդյունք է եւ մենք այնքան հանգիստ ընդունեցինք: Ամենալարվածը նժույգ թափերի եզրափակիչն էր: Մասնագետներն էլ փաստում էին, որ նժույգի վարժության մակարդական այնքան է բարձրացել, 14.933 միավորը գրավում է 4-5-րդ տեղեր: Մենք կարողացանք այդ բարդությունը եւ լարվածությունը հաղթահարել: Մամիկոն Խաչատրյանը փոքր վնասվածքներ էր ունեցել, բայց շատ լավ կատարեց իր վարժությունը: Իտալացու գնահատականը՝ 15.253 միավորն այնքան բարձր էր, որ այդպիսի գնահատակ չէր եղել: Համլետը վերջում բարձրացավ մրցահարթակ եւ ուղղակի «հարձակվեց»: Ուրիշներն, այդ միավորը տեսնելիս, կհանձնվեին: Մի պահ նույնիսկ կասկածում էի, դեռ շատ երիտասարդ է, արդյոք կարող է հավաքել իրեն եւ գերազանցել իտալացուն: Արեց ու գերազանց արեց: Շատ ուրախացանք: Այնքան հուզմունք կար Համլետի հաղթանակից հետո, որ դրան հաջորդեց Արթուր Ավետիսյանի մասնակցությամբ եզրափակիչը եւ արդեն հանգիստ էինք:

Ավետիսյանի կատարումից այդքան էլ գոհ չէի, ինքն էլ գիտի՝ ինչու: Եթե նա իր վարժությունը կատարեր Եվրոպայի առաջնության նման, որտեղ չեմպիոն դարձավ, հաստատ երկրորդ տեղը կլիներ, գուցե նաեւ առաջինը:

Արթուր Դավթյանի մասին խոսքեր չունեմ. Եվրոպայի առաջնության «մուռը» հանեց: Եվրոպայի առաջնությունում լիարժեք չեմպիոն կարող էր լինել, բայց ինչ-որ բան չստացվեց: Այնտեղ ասացի՝ ոչինչ, կպատրաստվես աշխարհին, որտեղ ամեն ինչը կանես, ուր արեց: Ես հպարտանում եմ իմ տղաներով: Շատ լավ աշխատեցին Հայկ Նազարյանը, Արտակ Այդինյանը:

Աշխարհի առաջնությունից երկու մեդալի ակնկալիք ունեի Համլետ Մանուկյանից եւ Արթուր Դավթյանից, բայց 4 մեդալ չէի սպասում: Անակնկալ էր ինձ համար», - ասաց Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Հայկ Նազարյանի խոսքով թիմը լիարժեք կատարեց այն խնդիրը, որն իրենց առջեւ դրված էր:

«Շատ լավ արդյունքներ ունեցանք: Շատ ուրախ եմ այս հաղթանակների ու մեդալների համար: Տղաները շատ լավ աշխատանք կատարեցին մրցահարթակում՝ ինչպես որակավորման փուլում, այնպես էլ եզրափակիչներում: Ինչ խնդիր նրանց առջեւ դրված էր, բոլորն արեցին: Միայն Արթուր Ավետիսյանը թերացավ իր վարժությունում: Մամիկոն Խաչատրյանն իր վարժությունը գերազանց կատարեց: Նա երբեք 15.000 գնահատական չէր ստացել: Շնորհակալ ենք տղաներից, որ մեր կողքին են, որ այսպիսի թիմ ունենք: Այս ամենի համար ամենամեծ շնորհակալությունս Հակոբ Սերոբյանին: Ինչ ունենք, Հակոբ Սերոբյանից ենք սովորել: Շատ ուրախ եմ, այսպիսի հաջողություն երբեք չէր եղել: Այդ արդյունքները թիմային աշխատանքի արդյունքն է:

Արթուրի եւ Համլետի ոսկե մեդալներին սպասում էինք: Շատ ուժեղ զգացողություններ ունեցա Համլետի հաղթանակից հետո:

Համլետ Մանուկյանն առաջին քայլերն արել է ինձ մոտ: Սկզբում մի քանի ամիս մարզվեց եւ մասնակցեց երիտասարդների Հայաստանի առաջնությանը, զբաղեցրեց 4-րդ տեղը: Առաջնությունից հետո մի քանի օր չեկավ մարզումներին: Երրորդ օր զանգահարեցի Համլետի հայրիկին եւ հետաքրքրվեցի, թե ինչու չի գալիս մարզումներին: Հայրը պատասխանեց, որ այլեւս չի ուզում մարմնամարզությամբ զբաղվել, այլ ցանկանում է ըմբշամարտի հաճախել:  Հաջորդ օր Համլետը եկավ քեռու հետ: Ասացի՝ մի տարի մարզվի, եթե չստացվի, ես իմ ձեռքով քեզ կտանեմ ըմբշամարտի: Եվ ստացվեց ու մնաց»,- նշեց Հայկ Նազարյանը:

Հակոբ Սերոբյանի փոխանցմամբ, հաջորդ նպատակը Օլիմպիական խաղերի ոսկե մեդալն է:

«Որեւէ մեկն իմ առջեւ պարտականություն չի դնում, ես եմ իմ եւ թիմի առջեւ դնում այդ պարտականությունը: Այս հաղթանակներից, ձեռքբերումներից հետո եւս մեկ նպատակ, խնդիր եմ դրել իմ եւ թիմի առջեւ՝ օլիմպիական ոսկ մեդալ: Օլիմպիական չեմպիոն էլ ունենանք, նոր հանգիստ կլինեմ: Այդ ժամանակ հավաքականի ղեկին կլինեմ, թե ուղղակի իրենց կողքին, արդեն հանգիստ կլինեմ: Շատ դժվար ճանապարհ ենք անցել, շատ փոսեր ենք ընկել, բայց ամեն գնով բարձրացել ենք: Համլետ Մանուկյանի, Մամիկոն Խաչատրյանի եւ Արթուր Ավետիսյանի եզրափակիչներին հետեւել եմ տրիբունաներից: Պետք է տեսնեիք, թե ինչ էր կատարվում տրիբունայում, երբ հաղթեցինք, Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալը նվաճեցինք: Իմ կողքին Ուզբեկստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի հավաքականների գլխավոր մարզիչներն էին, այնքան ուրախացան մեր տղաների փայլուն կատարումներով, հաղթանակներով: Զգացի, որ ի սրտե ուրախանում են: Ադրբեջանցիներ էլ կային եւ ուրախանում էին մեր հաղթանակներով»,- ամփոփեց Հակոբ Սերոբյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print