16:02 28 հոկտեմբերի, 2026Աշխարհի առաջնության արդյունքները գնահատում եմ գերազանց: Այսպիսի արդյունք չէինք ունեցել՝ 4 մասնակից եւ 4 մեդալ: Նույնիսկ մի պահ մոռացել էինք, որ աշխարհի առաջնությունում ենք, երբ սկսեցինք մեդալներ նվաճել: Հաջորդ նպատակը եւ խնդիրը օլիմպիական ոսկե մեդալն է: Օլիմպիական չեմպիոն էլ ունենանք, նոր հանգիստ կլինեմ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 4 մասնակցով նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե եւ 2 բրոնզե: Աշխարհի չեմպիոններ դարձան Համլետ Մանուկյանը (նժույգ թափեր) եւ Արթուր Դավթյանը (հենացատկում): Բրոնզե մեդալներ նվաճեցին Մամիկոն Խաչատրյանը (նժույգ թափեր) եւ Արթուր Ավետիսյանը (օղակներ):
«Աշխարհի առաջնության արդյունքները գնահատում եմ գերազանց: Այսպիսի արդյունք չէինք ունեցել՝ 4 մասնակից եւ 4 մեդալ: Նույնիսկ մի պահ մոռացել էինք, որ աշխարհի առաջնությունում ենք, երբ սկսեցինք մեդալներ նվաճել: Օրինակ՝ Արթուր Ավետիսյանի բրոնզե մեդալն այնքան բարձր արդյունք է եւ մենք այնքան հանգիստ ընդունեցինք: Ամենալարվածը նժույգ թափերի եզրափակիչն էր: Մասնագետներն էլ փաստում էին, որ նժույգի վարժության մակարդական այնքան է բարձրացել, 14.933 միավորը գրավում է 4-5-րդ տեղեր: Մենք կարողացանք այդ բարդությունը եւ լարվածությունը հաղթահարել: Մամիկոն Խաչատրյանը փոքր վնասվածքներ էր ունեցել, բայց շատ լավ կատարեց իր վարժությունը: Իտալացու գնահատականը՝ 15.253 միավորն այնքան բարձր էր, որ այդպիսի գնահատակ չէր եղել: Համլետը վերջում բարձրացավ մրցահարթակ եւ ուղղակի «հարձակվեց»: Ուրիշներն, այդ միավորը տեսնելիս, կհանձնվեին: Մի պահ նույնիսկ կասկածում էի, դեռ շատ երիտասարդ է, արդյոք կարող է հավաքել իրեն եւ գերազանցել իտալացուն: Արեց ու գերազանց արեց: Շատ ուրախացանք: Այնքան հուզմունք կար Համլետի հաղթանակից հետո, որ դրան հաջորդեց Արթուր Ավետիսյանի մասնակցությամբ եզրափակիչը եւ արդեն հանգիստ էինք:
Ավետիսյանի կատարումից այդքան էլ գոհ չէի, ինքն էլ գիտի՝ ինչու: Եթե նա իր վարժությունը կատարեր Եվրոպայի առաջնության նման, որտեղ չեմպիոն դարձավ, հաստատ երկրորդ տեղը կլիներ, գուցե նաեւ առաջինը:
Արթուր Դավթյանի մասին խոսքեր չունեմ. Եվրոպայի առաջնության «մուռը» հանեց: Եվրոպայի առաջնությունում լիարժեք չեմպիոն կարող էր լինել, բայց ինչ-որ բան չստացվեց: Այնտեղ ասացի՝ ոչինչ, կպատրաստվես աշխարհին, որտեղ ամեն ինչը կանես, ուր արեց: Ես հպարտանում եմ իմ տղաներով: Շատ լավ աշխատեցին Հայկ Նազարյանը, Արտակ Այդինյանը:
Աշխարհի առաջնությունից երկու մեդալի ակնկալիք ունեի Համլետ Մանուկյանից եւ Արթուր Դավթյանից, բայց 4 մեդալ չէի սպասում: Անակնկալ էր ինձ համար», - ասաց Հակոբ Սերոբյանը:
Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Հայկ Նազարյանի խոսքով թիմը լիարժեք կատարեց այն խնդիրը, որն իրենց առջեւ դրված էր:
«Շատ լավ արդյունքներ ունեցանք: Շատ ուրախ եմ այս հաղթանակների ու մեդալների համար: Տղաները շատ լավ աշխատանք կատարեցին մրցահարթակում՝ ինչպես որակավորման փուլում, այնպես էլ եզրափակիչներում: Ինչ խնդիր նրանց առջեւ դրված էր, բոլորն արեցին: Միայն Արթուր Ավետիսյանը թերացավ իր վարժությունում: Մամիկոն Խաչատրյանն իր վարժությունը գերազանց կատարեց: Նա երբեք 15.000 գնահատական չէր ստացել: Շնորհակալ ենք տղաներից, որ մեր կողքին են, որ այսպիսի թիմ ունենք: Այս ամենի համար ամենամեծ շնորհակալությունս Հակոբ Սերոբյանին: Ինչ ունենք, Հակոբ Սերոբյանից ենք սովորել: Շատ ուրախ եմ, այսպիսի հաջողություն երբեք չէր եղել: Այդ արդյունքները թիմային աշխատանքի արդյունքն է:
Արթուրի եւ Համլետի ոսկե մեդալներին սպասում էինք: Շատ ուժեղ զգացողություններ ունեցա Համլետի հաղթանակից հետո:
Համլետ Մանուկյանն առաջին քայլերն արել է ինձ մոտ: Սկզբում մի քանի ամիս մարզվեց եւ մասնակցեց երիտասարդների Հայաստանի առաջնությանը, զբաղեցրեց 4-րդ տեղը: Առաջնությունից հետո մի քանի օր չեկավ մարզումներին: Երրորդ օր զանգահարեցի Համլետի հայրիկին եւ հետաքրքրվեցի, թե ինչու չի գալիս մարզումներին: Հայրը պատասխանեց, որ այլեւս չի ուզում մարմնամարզությամբ զբաղվել, այլ ցանկանում է ըմբշամարտի հաճախել: Հաջորդ օր Համլետը եկավ քեռու հետ: Ասացի՝ մի տարի մարզվի, եթե չստացվի, ես իմ ձեռքով քեզ կտանեմ ըմբշամարտի: Եվ ստացվեց ու մնաց»,- նշեց Հայկ Նազարյանը:
Հակոբ Սերոբյանի փոխանցմամբ, հաջորդ նպատակը Օլիմպիական խաղերի ոսկե մեդալն է:
«Որեւէ մեկն իմ առջեւ պարտականություն չի դնում, ես եմ իմ եւ թիմի առջեւ դնում այդ պարտականությունը: Այս հաղթանակներից, ձեռքբերումներից հետո եւս մեկ նպատակ, խնդիր եմ դրել իմ եւ թիմի առջեւ՝ օլիմպիական ոսկ մեդալ: Օլիմպիական չեմպիոն էլ ունենանք, նոր հանգիստ կլինեմ: Այդ ժամանակ հավաքականի ղեկին կլինեմ, թե ուղղակի իրենց կողքին, արդեն հանգիստ կլինեմ: Շատ դժվար ճանապարհ ենք անցել, շատ փոսեր ենք ընկել, բայց ամեն գնով բարձրացել ենք: Համլետ Մանուկյանի, Մամիկոն Խաչատրյանի եւ Արթուր Ավետիսյանի եզրափակիչներին հետեւել եմ տրիբունաներից: Պետք է տեսնեիք, թե ինչ էր կատարվում տրիբունայում, երբ հաղթեցինք, Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալը նվաճեցինք: Իմ կողքին Ուզբեկստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի հավաքականների գլխավոր մարզիչներն էին, այնքան ուրախացան մեր տղաների փայլուն կատարումներով, հաղթանակներով: Զգացի, որ ի սրտե ուրախանում են: Ադրբեջանցիներ էլ կային եւ ուրախանում էին մեր հաղթանակներով»,- ամփոփեց Հակոբ Սերոբյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.