14:05 25 հոկտեմբերի, 2026Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում այսօր կշարունակվեն առանձին գործիքների եզրափակիչները: Հենացատկի վարժության եզրափակիչում աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկրորդ անգամ կփորձի նվաճել Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:
Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլը հաղթահարել է 14.633 միավորով: Նա որակավորման փուլում երկրորդն է։
Արթուր Դավթյանը նախորդ անգամ աշխարհի չեմպիոն էր դարձել 2022 թ. Լիվերպուլում անցկացված առաջնությունում:
2025 թ. Ինդոնեզիայի մայրաքաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում Դավթյանը նվաճեց արծաթե մեդալ՝ եզրափակիչում վաստակելով 14.833 միավոր: Տիտղոսը նվաճեց կրկնակի օլիմպիական չեմպիոն ֆիլիպինցի Կառլոս Յուլոն, որը վաստակեց 14.866 միավոր:
Հիշեցնենք, որ Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականն աշխարհի առաջնությունում արդեն նվաճել է երեք մեդալ՝ 1 ոսկի, 2 բրոնզ:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 19-ամյա Համլետ Մանուկյանը, որը հավասարը չի ունեցել նժույգ թափեր վարժությունում: Նույն վարժությունում բրոնզե մեդալակիր է դարձել Մամիկոն Խաչատրյանը: Բրոնզե մեդալ է նվաճել նաեւ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում:
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանն ուներ 4 մասնակից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.