Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 19-ամյա Համլետ Մանուկյանը փայլուն կատարումով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, Մամիկոն Խաչատրյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նժույգ թափեր վարժության եզրափակիչում Համլետ Մանուկյանը վաստակեց 15.300 միավոր:
2025 թ. աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը եզրափակիչում վաստակեց 15.000 միավոր:

Համլետ Մանուկյանը աշխարհի չեմպիոն հռչակվելուց հետո չկարողացավ զսպել հույզերը: Մրցահարթակում աշխարհի չեմպիոնի եւ բրոնզե մեդալակրի հետ աշխատում էին մարզիչներ Հայկ Նազարյանը, Արտակ Այդինյանը եւ օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը:
Այս վարժության արծաթե մեդալակիր դարձավ իտալացի Գաբրիել Թարգետան 15.233 միավորով:
Աշխարհի նորընծա չեմպիոն Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչ էր դուրս եկել առաջին տեղից: Որակավորման փուլում նա վաստակել էր 14.933 միավոր: Մամիկոն Խաչատրյանը որակավորման փուլում վաստակել էր 14.733 միավոր եւ 4-րդ տեղից դուրս եկել եզրափակիչ:
2025 թ. Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացված աշխարհի առաջնությունում Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում վաստակել էր 14.433 միավոր եւ զբաղեցրել 4-րդ տեղը: Մամիկոն Խաչատրյանը 14.600 միավորով նվաճել էր աշխարհի փոխչեմպիոնի կոչումը:
Ռոտերդամում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում եզրափակիչ է դուրս եկել նաեւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը եւ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Օղակների վարժության Եվրոպայի գործող չեմպիոնը եզրափակիչ է դուրս եկել 4-րդ տեղից: Որակավորման փուլում նա վաստակել էր 14.233 միավոր:
Նրա մասնակցությամբ օղակների վարժության եզրափակիչը տեղի կունենա քիչ անց:
Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիչ Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչին կմասնակցի հոկտեմբերի 25-ին: Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը որակավորման փուլում երկու ցատկերի հանրագումարում վաստակել էր 14.633 միավոր:
Նա որակավորման փուլում երկրորդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի 
18:32 , 24 հոկտեմբերի
17:23 , 24 հոկտեմբերի
13:36 , 24 հոկտեմբերի 
12:58 , 24 հոկտեմբերի 
12:41 , 24 հոկտեմբերի
11:50 , 24 հոկտեմբերի
09:03 , 24 հոկտեմբերի