17:45  ,  21 հոկտեմբերի, 2026

Մանուել Տուլիպա. «ԱԶ Ալկմարը» շատ վստանգավոր թիմ է

«ԱԶ Ալկմարը» շատ վստանգավոր թիմ է, շատ լավ է ճնշում, շատ լավ գրոհում: Ամեն ինչ կանեմ, որ ոչ թե պատճառաբանություններ փնտրենք, այլ իսկապես փոխենք մեր խաղը: Հասկանում եմ, թե ինչ են զգում մեր երկրպագուները, որովհետեւ դեռես չունենք միավոր: Ուզում եմ վաղվա խաղում փոխել նրանց տրամադրությունը եւ այդքան սպասված միավորներ վաստակել: Ես ամբողջությամբ հավատում եւ վստահում եմ իմ թիմին:

Այս մասին նախաղաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան:

Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի խաղում Հայաստանի չեմպիոնը հոկտեմբերի 22-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի հոլանդական «ԱԶ Ալկմարին»:

«Պետք է ուսումնասիրենք առաջին երկու տուրերի երկու խաղերը, որոնք արդեն անցկացրել ենք: Պետք է կենտրոնանանք, թե ինչն ենք լավ արել եւ ինչը՝ վատ: Առաջին բանը, որ ֆիքսել եմ՝ այն էր, որ երկուսում էլ ի վիճակի էինք միավորներ վաստակել, բայց չարեցինք: Լավ էինք պատրաստվել այդ երկու խաղերին էլ, ուղղակի դետալները չկարողացանք օգտագործել, որը մեր պատասխանատվությունն է: Կարեւոր է գիտակցել, որ Եվրոպա լիգան իր հեղինակությամբ երկրորդն է Եվրոպայում, գուցե աշխարհում: Այստեղ բոլոր թիմերը շատ ուժեղ են:

Պաշտպանությունում երբեմն լինում են խնդիրները: Մեր մրցակիցներն շատ ուժեղ են եւ շատ հաճախ չեն ներում մեզ մեր սխալները: Պետք է կենտրոնանանք այն ամենի վրա, ինչը լավ ենք արել նախորդ խաղերում եւ բարելավենք մեր աշխատանքը:

Շատ եմ ուզում, որ իմ թիմը չկորցնի իր խաղային դեմքը, անընդհատ վերահսկի գնակը, բայց նաեւ առանց գնդակի լավ խաղա: Մրցակիցներն իսկապես շատ ուժեղ են: Խաղադաշտում պետք է լինել ճկուն, երբեմն պետք է նաեւ փոփոխությունների գնալ:

Առաջին երկու խաղերից հետո իրականում բարդ է մեր վիճակը. չունենք միավոր, բայց չենք կորցնում մեր վստահությունն ու հավատը, քանի որ դեռ 6 հանդիպում ունենք: Ես իմ ֆուտբոլիստներին ասել եմ, որ կան չորս թիմեր, որոնց հետ խաղերում կարող ենք վաստակել միավորներ: Դրանցից մեկի հետ արդեն խաղացել ենք, ցավոք՝ չկարողացանք միավոր վաստակել: Կա եւս երեք մրցակից, որոնց հետ խաղում կարող ենք:

Վստահությունը մի բան է, որը հնարավոր չի գնել խանութից. դա վաստակում են ամենօրյա աշխատանքի արդյունքում: Մենք դա անում ենք ամենօրյա աշխատանքով: Ամեն ինչ անում եմ, որ այդ վստահությունն իմ թիմն ունենա:

 «Նոայի» հետ «ԱԶ Ալկմարի» խաղը դիտել եմ: Եվս երեք խաղ եմ դիտել այս մրցաշրջանից: Զգացել եմ, որ թիմը շատ չի փոխվել «Նոայի» հետ խաղից հետո: Ֆուտբոլիստներ են փոխվել, բայց նրանց խաղաոճը այդքան էլ չի փոխվել:

Մենք պետք է կռիվ տանք հավասարը հավասարի պես եւ շատ չշեղվենք մեր խաղային ինքնությունից: Գիտեմ, համոզված եմ, որ երբ շատ ես փոխում քո ձեռագիրը, կորցնում ես քեզ որպես թիմ: Իմ ֆուտբոլիստներին ասում եմ՝ լինել վստահ չնայած մրցակից թիմի ուժեղ լինելուն:

Մեր ֆուտբոլիստները շատ ուժեղ են, նրանք չեմպիոններ են եւ նրանց շնորհիվ ենք մենք հասել այստեղ: Ցավոք, լուրջ կորուստներ ենք ունեցել այս ընթացքում, օրինակ Կամո Հովհաննիսյանը, Բուենոն, Զիդանը, հավանաբար չի խաղա նաեւ Ալվին Թերան: Զիդան Բանժակին ծնկի վնասվածք է ստացել եւ վաղը չի խաղալու: Դեռ տեղյակ չենք, թե երբ նա կվերադառնա խաղադաշտ:

«ԱԶ Ալմարը» շատ վստանգավոր թիմ է, շատ լավ է ճնշում, շատ լավ գրոհում: Կփորձենք ամեն ինչ անել, մեր բոլոր հնարավորությունները դրսեւորելու եւ օգտագործելու համար: Շատ կարեւոր է այսպիսի խաղերում ցուցաբերել կայություն եւ պատասխանատվություն: Յագելոնիայի հետ լավ հանդիպում անցկացրինք, բայց դետալները փոխեցինք խաղի ընթացքը:

Ամեն ինչ կանենք, որ «ԱԶ Ալկմարի» հետ նաեւ առանց գնդակի լավ խաղանք ցուցաբերենք կայություն: Եթե այս կարճ ընթացքում կարողանանք ուղղել մեր սխալները եւ ավելի լավ հանդիպում անցկացնել առանց գնդակի, դա մեր կօգնի աճել եւ զարգանալ որպես թիմ:

Երբեմն երկրպագուները մեզանից պահանջում են բոլոր խաղերին նույն ինտենսվին խաղերը ցույց տալ, բայց այս հաճախականությամբ խաղերի պարագայում դա անել հնարավոր չի: Առաջիկա տասը օրում 4 հանդիպում ենք անցկացնելու: Հնարավոր չի այդքան ինտենսիվ խաղալ: Երբեմն անհատական սխալները նման օրացույցում հասկանալի եւ բնական է:

Ամեն ինչ կանեմ, որ ոչ թե պատճառաբանություններ փնտրենք, այլ իսկապես փոխենք մեր խաղը: Հասկանում եմ, թե ինչ են զգում մեր երկրպագուները, որովհետեւ դեռես չունենք միավոր: Օրինակ երկրպագուները գումար էին ծախսել, եկել Լեհաստան, բայց մենք պարտվեցինք եւ նրանք շատ տխուր էին: Ուզում եմ վաղը մեր թիմի խաղում փոխեմ նրանց տրամադրությունը եւ այդքան սպասված միավորներ վաստակել:

Վաղվա խաղում կարող ենք հաղթել խաղալով, հավակնությամբ, մեծ ցանկությամբ, բայց չկորցնելով կենտրոնացվածությունը թե պաշտպանությունում, թե հարձակման գծում: Նախորդ խաղերում չստացվեց ունենալ այն արդյունքը, որոնք ուզում էինք, բայց ես ամբողջությամբ հավատում եւ վստահում եմ իմ թիմին»,- ասաց Մանուել Տուլիպան:

Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի խաղում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում պարտվել էր լեհական «Յագելոնիային»՝ 1:3, առաջին տուրի խաղում «Հանրապետականում» Մանուել Տուլիպայի թիմը զիջել էր Չեխիայի «Սպարտային»՝ 0:2:

«Արարատ-Արմենիա» - «ԱԶ Ալկմար» հանդիպումը հոկտեմբերի 22-ին կմեկնարկի 20։45-ին։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news