20:13  ,  2 հոկտեմբերի, 2026

1,5 ամիս «In Court» թենիսի ակումբի կորտերը փակ են․ Երեխաները զրկված են մարզվելու հնարավորությունից

Մոտ մեկուկես ամիս «In Court» թենիսի ակումբի կորտերը փակ են: Երեխաները չեն կարողանում մարզվել եւ զրկված են թենիս խաղալու հնարավորությունից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «In Court» թենիսի ակումբի մարզիչ Սյուզանա Մուրադյանը:

Երեւանի «In Court» թենիսի ակումբի սաները, մարզիչները, ակումբի անդամներն արդեն մեկուկես ամիս չեն կարողանում մարզումներ անցկացնել, պատրաստվել մրցաշարերի, սիրողական թենիսով զբաղվողներն էլ չեն կարողանում մյուս ակումբներում ազատ կորտեր գտնել՝ թենիս խաղալու եւ մարզվելու համար: Երեւանի սրտում գործող եւ 15 տարբեր կորտեր ունեցող մեծ ակումբը կապարակնքված լինելու պատճառով դադարեցրել է աշխատանքը:

Հոկտեմբերի 2-ին ակումբի մարզիչները, ղեկավարությունը ժամանել էին փակված կորտեր եւ իրենց բողոքն էին ներկայացնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ակումբի մարզիչ Սյուզանա Մուրադյանի խոսքով, Երեւանում գործող մյուս թենիսի ակումբների գերծանրաբեռնված լինելու պատճառով «In Court» ակումբի անձնակազմը, մարզվող երեխաներն ու թենիսիստները չեն կարողանում համակարգված եւ շարունակական մարզումներ անցկացնել, որից տուժում է մարզաձեւը եւ թենիսի հանրությունը:

«Մեր ակումբն ունի 6 ավազե, մեկ ռետինե, 6 մանկական կորտեր, երկու փակ կորտ եւ այս տարիների ընթացքում այսքան կորտեր շարունակական սպասարկել են մարզաձեւով զբաղվողներին: Այսօր բոլոր այդ կորտերը փակ են եւ դատարկ: Մոտ մեկուկես ամիս կորտերը փակ են: Երեխաները չեն կարողանում մարզվել եւ զրկված են թենիս խաղալու հնարավորությունից: Այդ հնարավորությունից զրկված են բոլորը, թե՛ մարզիչները, թե՛ երեխաները: Ճիշտ է՝ ինչ-որ չափով մարզիչները կարողանում են այլ կորտերում սահմանափակ ժամաքանակով մարզումներ անցկացնել, բայց համընդհանուր խնդիր ունենք, որ շատ երեխաներ ուղղակի զրկված են մարզվելու հնարավորությունից: Խոսքը կրտսեր տարիքի երեխաների մասին է, ինչպես նաեւ միջին տարիքի եւ թենիսով պրոֆեսիոնալ մարզվողների մասին:

Երեւանում կան կորտեր, բայց բավարար չեն, որպեսզի բոլոր մարզիչներն իրենց սաների հետ տեղավորվեն եւ կարողանան մարզումներ անցկացնել: Այս պահին մեր մարզիչները կարողանում են 20-30 տոկոսի չափով ապահովել մարզումներ: Մեր խնդիրն այն է, որ մարզումները չենք կարողանում լիարժեք անցկացնել:

Ստացվում է այնպես, որ ազատ կորտ եւ ժամ գտնելու դեպքում հիմնականում դրանք տրամադրվում են գործող թենիսիստներին: 12-16 տարեկան երեխաների մարզումներ ինչ-որ չափով կարողանում ենք կազմակերպել, խմբեր են ձեւավորված: Այլ ակումբներում այլ մարզիչներ, որոնք ունեն խմբեր, մեր մարզվողներին կցել ենք այդ խմբերին եւ այդկերպ կարողանում ենք որոշ չափով ապահովել նրանց մարզումները: Հիմնական տուժող տարիքը կրտսեր սերնդի ներկայացուցիչներն են՝ 6-10 տարեկան երեխաները, որոնք իրականում չեն կարողանում մարզվել, ժամային գրաֆիկից ելնելով չունենք կորտեր: Այս պահին գուցե չենք գիտակցում, բայց հետագայում լուրջ խնդիր ենք ունենալու մարզաձեւում: Այսօր տեսանելի չի, բայց 2-3 տարի անց այս տարիքային խմբի ներկայացուցիչների բաց ենք ունենալու 12-14 տարեկանների տարիքային խմբի մեջ»,- ասաց Սյուզանա Մուրադյանը:

Հարցին, թե Հայաստանի թենիսի ֆեդերացիան որքանով է աջակցում առաջացած խնդրին, մարզիչը նշեց, որ ֆեդերացիայի մարզաբազան գերծանրաբեռնված է մարզումներով, մրցաշարերով եւ հավաքներով:

«Ֆեդերացիայի մարզաբազան գտնվում է Ծաղկաձորում, որտեղ հիմնականում մարզվում են մեծերը: Դպրոցականներին կամ մանկապարտեզ հաճախող երեխաների համար ֆեդերացիան այս պահին չի կարող ոչնչով օգնել, աջակցել, քանի որ Երեւանում չունի կորտեր: Խնդիրը զուտ դպրոցից չբացակայելու մեջ է: Գուցե միայն շաբաթ կամ կիրակի օրերին երեխաները կարողանան գնալ Ծաղկաձոր մարզվել եւ վերադառնան, բայց ֆեդերացիայի մարզաբազայում պարբերաբար մրցաշարեր, հավաքներ են անցկացվում, կորտերի զբաղվածություն կա: Օրինակ՝ այս երկուշաբթի մեկնարկում է 12 տարեկանների միջազգային մրցաշար, զուգահեռ Ռուսաստանից ժամանած թիմ է հավաք անցնում այնտեղ:

Այդ մրցաշարին ունենք մասնակիցներ նաեւ մեր ակումբից, եւ այդ երեխաները որոշակիորեն կարողանում են գտնել ազատ կորտեր Երեւանում եւ պատրաստվել մրցաշարին, բայց տարբեր ակումբներում են մարզվում եւ երբեմն ոչ հաճախակի:

Ամեն մեկը կարողանում է ինչ-որ չափով այլընտրանքային ելք գտնել, բայց այս դեպքում լիարժեք չի: Եթե նախկինում շաբաթական 6 օր մարզում անցկացնելու հնարավորություն ունեին այստեղ, ապա հիմա շաբաթական 2-3 ժամ են կարողանում մարզվել: Սա վերաբերում է միայն 12-14 տարեկան երեխաներին, որոն գործող թենիսիստներ են:

Մոտ 20 մարզիչ այս պահին մնացել է առանց աշխատանքի: Եթե նույնիսկ կարողանում են կորտ գնել, մարզիչները կատարում են իրենց աշխատանքի 10 տոկոսը, մարզիչներ կան, որոնք ընդհանրապես չեն աշխատում»,- շեշտեց Սյուզանա Մուրադյանը:

Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Մուրադյանը, որն ակումբում աշխատում է 1980-ական թվականներից, առաջին անգամ է նման խնդրի հետ բախվում եւ առաջին անգամ մարզումներ անցկացնելու հնարավորություն չունի:

«Օգոստոսի 24-ից մինչեւ այսօր մեր կորտերը փակ են: Ես շուրջ 40 տարի աշխատում եմ այս կորտերում եւ առաջին անգամ կորտերը փակ են: Տխուր վիճակ է: Ինձ անհանգստացնում է երեխաների ապագան, որ նրանք չեն կարողանում մարզվել: Դրանից բացի, ովքեր ծանոթ են թենիսին, հասկանում են, որ կորտերը մշտապես խնամքի կարիք ունեն եւ չես կարող այսպես թողնել:

Խնդրանքս այն է, որ երեխաների մարզումները շուտ վերականգնվեն: Կարծում եմ՝ մենք որեւէ մեկին չենք խանգարի, եթե այստեղ շարունակենք մեր աշխատանքը: Երկար տարիներ չեմ տեսել նման բան, որ մարզաձեւի աշխատանքը դադարեցվի: Դիմում եմ պետական մարմիններին. եթե հնարավոր է, թենիսի մասով ընդառաջեն, բացեն կորտերը եւ թույլ տան, որ երեխաները մարզումները վերսկսեն:

Այս մարզաձեւը սեզոնային է, առանց այն էլ փակ կորտերի խնդիր ունենք, եղածն էլ քիչ է: Այս տարի մեր հավաքականները շատ լավ մասնակցություններ ունեցան տարբեր մրցաշարերում, բայց այս պայմաններում, ոչ լիարժեք մարզումներով հետընթաց կգրանցենք: Զանգում ենք մյուս ակումբներ, գուցե գտնենք ազատ կորտեր՝ 1 կամ 2 ժամ, բայց դա շատ քիչ է պրոֆեսիոնալ թենիսիստի համար: Երեւանում շատ քիչ են կորտերը, կուզեի, որ ֆեդերացիան էլ իր բազան ունենար Երեւանում: Շատ մտահոգված եմ երեխաների ապագայով»,- ասաց Ռազմիկ Մուրադյանը: 

Մարզիչ Սյուզանա Մուրադյանը հայտնեց, որ դիմել են ԿԳՄՍ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Դիմել ենք ԿԳՄՍ եւ տեղեկացրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախարարությունից մեզ պատասխանել են, որ տեղյակ են խնդրին եւ ակումբը կվերաբացվի միայն այն դեպքում, երբ իրավական որոշում ստանա: Մեզ նաեւ պատասխանել են, որ վճարովի մարզումները կվերսկսվեն այդ որոշումից հետո միայն: Այստեղ ուզում եմ նշել, որ թենիսը միշտ եղել է վճարովի հիմունքով: Հայաստանում չունենք մի ակումբ կամ խումբ, կամ մարզում, որ եղել է անվճար: Մինչեւ ստեղծված իրավիճակն էլ, մեր մարզումները միշտ եղել են վճարովի հիմունքներով: Այն պատասխանը, որը ստացել եմ նախարարությունից, մի փոքր հիմնավորված չէր:

Դիմել եմ նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց այս պահին հստակ պատասխան չունենք: Նրան անձամբ դիմել եմ նաեւ սոցցանցերի միջոցով, նա ստացել եւ ընթերցել է նամակը, բայց պատասխան չկա:

Խնդրանքս եւ պահանջս է՝ փորձենք քննարկել եւ հասկանալ, թե ինչ հնարավորություններ ունենք այս խնդրի լուծման, ակումբի վերաբացման համար: Իրականում կորցնելու ենք ոչ թե հիմա, այլ ապագայում եւ մինչեւ գիտակցենք, որ մարզաձեւով զբաղվող սերունդ ենք կորցրել, արդեն ուշ կլինի»,- ամփոփեց մարզիչ Սյուզանա Մուրադյանը:

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print