18:57  ,  27 սեպտեմբերի, 2026

Նաիր Թիկնիզյան․ Չեռնոգորիան մեր խմբի ֆավորիտն է, բայց երբ խաղում ենք տանը, յուրաքանչյուր մրցակցի հեշտ չի

Իմ կարծիքով Չեռնոգորիան մեր խմբի ֆավորիտն է, բայց երբ մենք խաղում ենք տանը, յուրաքանչյուր մրցակցի հեշտ չի խաղալ մեր հավաքականի, մեր ազգային ոգու դեմ:

Այս մասին Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի նախախաղային ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի եւ հունական «Օլիմպիակոսի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը:

«Այն, ինչ տեսնում եք մարզադաշտում, մեր համագործակցությունը, այդ ամենը մարզիչների աշխատանքն է: Եթե մենք հաղթեցինք Լատվիային, նշանակում է, որ կատարեցինք մարզչական շտաբի բոլոր առաջադրանքները, մեր առջեւ դրված խնդիրը: Մեզ համար դա կարեւորագույն խնդիրն է:

Երբ ես ազգային հավաքականում եմ, չեմ սիրում խոսել ակումբի մասին: Երբ լինում ենք հավաքականի ճամբարում, առավելագույն կենտրոնացվածությունը առաջիկա խաղի վրա  է: Մենք այս խմբում ունենք երեք կարեւոր հանդիպում եւ կենտրոնացած ենք այդ հանդիպումների վրա: Այո, «Օլիմպիակոսի» դարպասապահը Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահն է: Վաղը նա լինելու է իմ մրցակիցը: Նա շատ լավ դարպասապահ է եւ հավաքականի հիմնական անդամն է:

Լատվիային հաղթելուց հետո շարունակում ենք համեստ լինել: Առջեւում 5 խաղ ունենք եւ ամեն ինչ կարող է փոխվել: Ինչ վերաբերում է, թե որքանով ենք վերակագնվել այդ խաղից հետո, կլինեմ անկեղծ. հավաքականի ֆուտբոլիստների մի մասը չունի մշտական խաղային պրակտիկա տարբեր պատճառներով: Չեմ կարող վստահ ասել, որ մենք 100 տոկոսով վերականգնված ենք մոտենում վաղվա խաղին: Ամեն ինչ անում ենք դա համար: Կարծում եմ, որ առաջիկա երեք խաղերում կառաջնորդվենք ինքնանվիրումով, կամքի ուժով եւ բնավորությամբ: Գրաֆիկը նեղ է, խաղերը շատ են: Մեզ համար շատ բարդ է լինելու, բայց կանենք մեզնից կախված հնարավոր ամեն ինչ:

Երբ լսում եմ Հայաստանի հիմնը եւ գիտեմ, որ դրանից հետո հնչելու է խաղի մեկնարկն ազդարարող սուլիչի ձայնը, նույն զգացողություններն եմ ապրում, ինչ բոլորը:

Հավաքականի ամեն ֆուտբոլիստ, երբ հագնում է հավաքականի մարզաշապիկը, այդ պահից կրում է պատասխանատվություն բոլոր այն մարդկանց համար, որոնք երկրպագում, աջակցում ենք մեզ: Ամեն անգամ փշաքաղվում ենք, բայց պետք է կարողանանք ճիշտ վարվել այդ զգացողությունների հետ, եւ այն ուղղել դեպի խաղադաշտ եւ փորձել այդ զգացողությունները օգտագործել արդյունավետ խաղ ցուցադրելու, լավագույն խաղն անցկացնելու համար:

Ես ինձ անհարմար եմ զգում, երբ Հայաստանում պատասխանում, խոսում եմ ռուսերեն: Հասկանում եմ, որ շատ կարեւոր է սովորել հայերեն: Անկեղծ կլինեմ՝ իմ տարիքում շատ դժվար է սովորել հայերեն: Կփորձեմ հաջորդ ասուլիսների համար մի քանի նախադասություն սովորել»,- ասաց Նաիր Թիկնիզյանը:

Հայաստանի հավաքականի պաշտպանի խոսքին միջամտեց թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

«Հավաքականում հայերեն խոսող շատ ֆուտբոլիստներ են եղել, բայց ասյօր այստեղ չեն: Նաիրը Հայաստանի հավաքականի համար շատ բան է արել եւ դեռ շարունակում է»,- նկատեց Եղիշե Մելիքյանը:

Անդրադառնալով Ազգերի լիգայի երկրորդ տուրի մրցակցին, Նաիր Թիկնիզյանի կարծիքով Չեռնոգորիան C2 խմբի ֆավորիտն է: 

«Իմ կարծիքով Չեռնոգորիան մեր խմբի ֆավորիտն է: Մենք գիտենք այս մրցակցին, ուժեղ եւ թույլ կողմերը, բազմիցս հանդիպել ենք նրանք խաղադաշտում: Բայց երբ մենք խաղում ենք տանը՝ որեւէ մրցակցի հեշտ չի լինում խաղալ մեր հավաքականի,  մեր ազգային ոգու դեմ: Վաղը խաղադաշտը ցույց կտա:

Շատ լավ թիմ ունենք, բոլորս միասնական ենք: Մեզ միավորում է միասնականությունը, հաղթելու մեծ ցանկությունը»,- ասաց Նաիր Թիկնիզյանը:

C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթել էր Լատվիային, Չեռնոգորիան 2:1 հաշվով հաղթել էր Կիպրոսին։

Հայաստան - Չեռնոգորիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news