23:08  ,  25 սեպտեմբերի, 2026

Եղիշե Մելիքյան․ Ուզում եմ բոլորը հասկանան, որ դժվար ժամանակահատված է հավաքականում

Ինձ համար առայժմ շուտ է ուրախանալ: Ուրախացա, որ հավատացին մեզ: Շնորհակալ եմ իմ տղաներին: Այս հաղթանակից հետո ինձ լավ չեմ զգում, որովհետեւ ներսում գիտեմ՝ առջեւոuմ ինչ հարցերի ու պրոբլեմների եմ բախվելու:

Այսպես Ազգերի լիգայի C2 խմբի առաջին տուրի խաղում Լատվիայի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակը մեկնաբանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: 

«Բոլորիդ շնորհավորում եմ: Ուրախ եմ, որ իմ թիմի հետ լավ տրամադրության հիմք ստեղծեցինք: Շատ դժվար էր այս քանի օրը: Միայն ես գիտեմ, թե իմ թիմի հետ ինչ աշխատանք ենք տարել: Շատ դժվար էր տղաների համար: Շնորհակալ եմ նրանց:  Հավատացին մեզ, աշխատեցինք եւ շատ աշխատեցինք: Ստացվեց այս խաղում գտնել բանալին: Պետք է մտածենք մյուս խաղերի մասին:  Այս խաղը վերջացավ, այդ պահից ինձ համար սկսվեց Չեռնոգորիայի խաղը:

Պլանն աշխատեց: Բանդիկյանից շատ գոհ եմ: Եթե տեսնեք նրա ծունկը... ուրիշը նրա տեղը լիներ, արդեն վիրահատության էր գնացել: Այդ կռվող տղաների մասին էի խոսում, այս կռվող ոգու մասին էի ասում: Շատ չասեմ... «հալալ» է այս տղաներին:

Ես արդեն խուսափում եմ խնդիրներից խոսել, որովհետեւ հանրությունը ճիշտ չի հասկանում, թե ինչ եմ ասում եւ ինչու:

Այդ խոակցությունները կարող են շարունակական լինել, բայց չեն կարող ինձ ճնշել: Ես վախենում եմ՝ տղաների վրա չազդի, տղաները չհիասթափվեն:

Շատ եմ ափսոսում Խուլիո Բուենոյի կորստի համար: Նա չի կարողանա մեզ օգնել առաջիկա խաղերում: Այսօր ե'ւ մենք, ե'ւ «Արարատ-Արմենիան» նրան կորցրինք:

Բուենոյի վնասվածքը լուրջ է, բայց նա կորուստ է լինելու մեզ համար. երեք խաղ չի լինի: Ես շատ քիչ ռեսուրս ունեմ, քանի որ մրցաշարին մոտեցանք կորուստներով:  Օրինակ՝ Կարեն Նալբանդյանը հայտացուցակում չկար, բայց ես գիտեմ, որ նա պատրաստ է մտնել խաղադաշտ: 

Այս խաղում, հաղթանակից բացի կարեւոր էր, այն, որ բոլորին ապացուցեցինք՝ հավատալ մեզ: Երեկ եկա, ասացի, որ հաղթելու ենք, հավատացեք մեզ: Այսօր ուրախացա, որ մեզ հավատացին:

Գոհ եմ Արթուր Ղարիբյանի խաղից: Երբ նրան հանդիպեցի, մենք խոսեցինք ազգային հավաքականի մասին եւ թե ինչ է նշանակում խաղալ հավաքականում: Նա ինձ ասաց, որ փշաքաղվեց մեր զրույցից: Հայի տեսակ է: Կան հայաստանցիներ եւ կան հայեր: Նա իսկական հայի տեսակ է:

Խանգարողները շատ են, հավատացողներ ունենք, բայց այդքան շատ չեն, որ ես կարողանամ այս մթնոլորտը պահել, թիմի ոգին, նվիրվածությունը եւ այն պայքարը պահել, որ տեսանք այսօր:

Որեւէ մեկից նեղացած չեմ: Եթե թիմը չի հաղթում, նորմալ է, որ դժգոհություն լինի: Ուզում եմ բոլորը հասկանան, որ դժվար ժամանակահատված է հավաքականում: Կուզեի, որ ավելի միասնական լինեինք, օգնեինք մեկս մյուսին: Այս հաղթանակից հետո ինձ լավ չեմ զգում, որովհետեւ ներսում գիտեմ՝ առջեւում ինչ հարցերի ու պրոբլեմների եմ բախվելու:

Այսքան կորուստներով երեք խաղ պետք է անցկացնենք: Առայժմ ինձ համար շուտ է ուրախանալ»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 28-ին կընդունի Չեռնոգորիայի հավաքականին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news