17:50  ,  17 սեպտեմբերի, 2026

Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը սոցցանցերում արված հրապարակումով հայտարարեց հավաքականում մրցելույթներն ավարտելու մասին:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Որոշել եմ ավարտել ելույթներս Հայաստանի ազգային հավաքականում։ Այս որոշումն ընդունելը հեշտ չէր․ հավաքականի մարզաշապիկը կրելն իմ կյանքի ամենամեծ պատիվներից է եղել։

Իռլանդիայի դեմ իմ առաջին պաշտոնական հանդիպումից մինչև հավաքականում անցկացրած վերջին խաղս՝ այս ճանապարհի յուրաքանչյուր պահն ինձ համար թանկ է և ընդմիշտ կմնա իմ հիշողության ու սրտի մեջ։ Մեր հաղթանակները, դժվարությունները, ձեր աջակցությունն ու միասին ապրած հույզերը միշտ ինձ հետ են լինելու։

Առանձնահատուկ շնորհակալություն Եղիշե Մելիքյանին՝ վստահության և ինձ կրկին հավաքականում տեսնելու ցանկության համար։  Միշտ հավատացել եմ, որ հավաքականին պետք է ներկայանալ լիարժեք առողջ ու լավագույն մարզավիճակում՝ պատրաստ տալու առավելագույնը։ Այսօր զգում եմ, որ չեմ կարող թիմին տալ այնքան, որքան ինքս եմ ինձնից պահանջում:

Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին՝ վստահության, թիմակիցներիս՝ ուս-ուսի անցած ճանապարհի, հավաքականի ամբողջ անձնակազմին՝ ամենօրյա աշխատանքի համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս ու մեր երկրպագուներին՝ սիրո և աջակցության համար, հատկապես ամենադժվար պահերին։

Մեր հավաքականին մաղթում եմ հաջողություններ ու հաղթանակներ, որոնք հպարտություն ու ուրախություն կպարգևեն բոլորիս։ Միշտ ձեր կողքին եմ լինելու և ամբողջ սրտով ուրախանալու եմ ձեր յուրաքանչյուր հաջողությամբ։

Շնորհակալ եմ այս տարիների համար, իմ հավաքակա՛ն։

Հովհաննես Համբարձումյան», - գրել է ֆուտբոլիստը:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ժամեր առաջ հրապարակեց հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, որը կպատրաստվի Ազգերի լիգայի C2 խմբի հանդիպումներին: Հովհաննես Համբարձումյանը հայտացուցակում չկար: 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Hovhannes Hambardzumyan (@hambardzumyan_hovhannes)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News